Թշնամին Սևանա լճի նկատմամբ ավելի գթասիրտ է եղել, քան Հայաստանի իշխանությունները (տեսանյութ)


Թշնամին Սևանա լճի նկատմամբ ավելի գթասիրտ է եղել, քան Հայաստանի իշխանությունները (տեսանյութ)

  • 03-07-2017 19:03:39   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսում այս մասին պատմեց «Սևան» ազգային պարկի գլխավոր հատակագծի հեղինակ Գագիկ Սուխուդյանը:
«921 թվականին, երբ արաբները հարձակվեցին Սևանի կղզու վրա, արաբական Յուսուֆ ոստիկանը 5000-անոց զորքով պաշարել էր Աշոտ Երկաթին,- ասաց Գագիկ Սուխուդյանը:- Այն ժամանակ Սևանում կղզի էր: Նրա զորապետներից մեկը խորհուրդ է տվել, ասել է` եկեք բացենք Սևանը, չորացնենք, կղզին սարքենք թերակղզի և հեշտությամբ գերենք Աշոտ Երկաթին:
Գիտե՞ք ինչ է պատասխանել Յուսուֆը, ասել է` ոչ մի թագավորի կյանք չարժե, որ այս գեղեցկությունը կորցնենք: Մեր թշնամին է, պարզ է, ինքը հույս ուներ, որ պետք է գրավեր Սևանը և Սևանը կլիներ իրենը, բայց այդպիսի պատասխան է տվել: Անցավ ժամանակ մենք մեր ձեռքով սարքեցինք թերակղզի, հիմա շարունակում ենք այդ վերաբերմունքը»:
Վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2017թ. հունիսի 23-ին ընդունել է թիվ 688 – Ա որոշումը, որով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին` վաղը` 2017 թվականի հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»: Նշված օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով մասնավորապես նախատեսվում է Սևանա լճից 2017թ. ջրի բացթողման 170 մլն խմ չափաքանակը 100 մլն խմ-ով ավելացնել, այն դարձնելով մինչև 270 մլն մ3: Կասկածներ կան, որ կառավարության այս քայլի իրական նպատակը Սևանա լճի ափերին գտնվող օլիգարխների և օլիգարխիկների հանգստի ու զվարճանքի օբյեկտները, ղղյակները և այլ կառույցներ լճի մակարդակի բարձրացումից փրկելն է:
Տեղեկացրել ենք նաև, որ վաղը` հուլիսի 4-ին, ժամը 10:00-ին «S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի` ուղղված Սևանա լճից հավելյալ 100 միլիոն խմ ջուր վերցնելու կառավարության առաջարկի դեմ: «S.O.S. Սևան» նախաձեռնության տեղեկացմամբ, «Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետական կուսակցություն և «Ծառուկյան» խմբակցությունների 6 պատգամավորները կողմ քվեարկեցին օրինագծին: Օրինագծին դեմ քվեարկեցին «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների 2 պատգամավորները»:
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը կոչ է անում բոլորին միանալ հուլիսի 4-ին տեղի ունենալիք բողոքի ակցիաներին` ընդդեմ Սևանից հավելյալ ջրառի:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play