Սա պատերազմ է մարդ արարածի և Աստծո դեմ


Սա պատերազմ է մարդ արարածի և Աստծո դեմ

  • 05-07-2017 20:42:18   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հայաստանում գնալով տարածվում է ոչ այնքան այլասերվածությունը (ի պատիվ մեր ժողովրդի, հայերիս մեծամասնությունը, չնչին բացառությամբ, դեռ մերժում ու դատապարտում է միասեռականությունը և այլասերվածության մյուս դրսևորումները), որքան Արևմուտքից ֆինանսավորվող հայաստանյան որոշ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հենց ուղղակիորեն արևմտյան որոշ կառույցների ջանքերով իրականացվող այլասերվածության քարոզչությունը:
Գոնե անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչության օրենսդրական արգելքն օրախնդիր անհրաժեշտություն է դարձել նաև Հայաստանում: Հիշենք, որ Ռուսաստանն ավելի վաղ արդեն ընդունել է անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենք, իսկ ԱՄՆ-ի նահանգներից ութում միասեռականության քարոզչությունն արգելված է ընդհանրապես:
Այլասերվածության քարոզչության կապակցությամբ ի՞նչ կարծիքի է Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը:
«Ես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավոր եմ և Եկեղեցու վարդապետության ու ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրի պատասխանատուն,- ասաց տեր Կյուրեղը:- Բազմիցս հայտարարել եմ ասուլիսներին, որ սա պատերազմ է մարդ արարածի դեմ և, առանց որևէ վախի, հայտարարում եմ` հատկապես հայ մարդու դեմ, որովհետև մեր ժողովրդի գոյությունը մեծապես պայմանավորված է ընտանիքի ինստիտուտի ամուր լինելով:
Մենք, նախ, պետք է ինքներս մեզ հարց տանք` մենք ո՞վ ենք, ո՞վ ենք մենք` հեթանո՞ս ենք (հեթանոսության մեջ անգամ այս աստիճան պղծություններ չեն եղել), ո՞վ ենք, քրիստոնյա՞ ենք… Եթե քրիստոնյա ենք, ուրեմն պետք է առաջնորդվենք Սուրբ Գրքով և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարդապետությամբ, մեր մեծերով, որոնք մեզ սովորեցնում են Սուրբ Գիրքը մեկնել, հասկանալ և այլն: Թույլ տվեք երկու հատված կարդամ, սրանից լավ դասագիրք չեմ կարող պատկերացնել.
«Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության…»: Ո՞ւմ թույլ տվեց, նրա՛նց, ովքեր Աստծուն մերժեցին, ինչպես ասված է, Արարչին պաշտելու փոխարեն, պաշտեցին արարածներին: Սա կրոն է, հասկանո՞ւմ եք` կրոն է, մարդու իրավունքները կրոն են, կրոնական երևույթ է պաշտել մարդուն: Եվ սկսվել է այս ճանապարհը Եդեմի պարտեզից, ինչպես խաբեց Ադամին Սատանան, ասաց` ուտես, Աստծո պես կլինես: Ահա, Աստծո տեղը մարդն է, մարդը խաբվել է կեղծ ազատություններով, այսօր զարգացած կոչվող երկրները մարդուն, մարդկությանը տանում են անդունդ, անխուսափելի անդունդ, եթե չփոխվի ընթացքը:
Շարունակեմ կարդալ` «Աստված թույլ տվեց, որ իրենց սրտի ցանկություններով հանձնվեն պղծության և իրենք իրենց մարմինն անպատվեն, քանի որ ճշմարտությունը փոխանակեցին ստով և արարածներին հարգանք ընծայեցին և նրանց պաշտեցին, փոխանակ պաշտելու Արարչին, որ օրհնյալ է, հավիտյանս ամեն: Ահա թե ինչու Աստված թույլ տվեց, որ նրանք անձնատուր լինեն անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը իրենց բնական հարաբերությունները փոխանակեցին հակաբնական հարաբերություններով: Նույնպես` արուները կանանց հետ բնական հարաբերությունը թողած, հակաբնական ախորժակներով իրար ցանկացան, արուները արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց մոլորության արժանի հատուցումը ստանում Աստծուց»:
Մի օրինակ. Սուրբ Գիրքն է, Աստծո խոսքն է սա… Մեկ ուրիշ տեղից կարդամ. «Մի՞ թե չգիտեք, որ անիրավություններ անողներն Աստծո արքայությունը չեն ժառանգելու»: Հիմա` մենք հավատո՞ւմ ենք երկնքի արքայությանը, քրիստոնյա՞ ենք, թե ոչ… Հարց է: Քրիստոնյան ինչպե՞ս կարող ասել` ես չեմ հավատում, որ կա հավիտենական կյանք, որ կա Երկնքի Արքայություն, այն Արքայությունը, որտեղ թագավորում է սերը Աստծո հետ միասին: Թե չենք հավատում, ուրեմն քրիստոնյա չենք, եթե քրիստոնյա չենք, ուրեմն ամեն ինչ թույլատրելի է, ի՞նչ է որ, ի՞նչ կա որ, պղծություն` պղծություն:
Վերջացնեմ այս մեջբերումը. «Դուք ձեզ չխաբեք, նրանք, որ պոռնկություն են անում կամ կռապաշտ են, կամ շնացող, իգացող, արվամոլ, գող, ագահ, գինեմոլ, բամբասող կամ հափշտակող, Աստծո արքայությունը չեն մտնելու»: Վերջ, չեն մտնելու: Հիմա ի՞նչ պետք է անենք, մեր անելիքը ո՞րն է: Մեր անելիքը Աստծո խոսքով, հոգևոր, զորավոր խոսքով պաշտպանելն է մեր ժողովրդին այս պղծություններից, պաշտպանելու կործանումից, հեռացնելու, այսինքն` այն, ինչին կոչված է Եկեղեցին իր հոգևորականներով, և նաև` բարեպաշտ, քրիստոնյա, հավատացյալ մարդիկ:
Ես շատ երեխաներ ունեմ Ջրվեժի եկեղեցում, ինձ մոտ երեխաներ շատ են գալիս, ես նայում եմ այդ լուսավոր երեխաներին, այդ լուսատիտիկներին, որոնց դեմքերից ժպիտը չի իջնում, բայց քիչ հետո, երբ նրանք հեռանում են, մտածում եմ` ինչ է լինելու սրանց վերջը: Ես իրավունք չունեմ ինքնահոսի թողնել, լինել անտարբեր, չունեմ այդ իրավունքը, չունեմ որպես հոգևորական, որպես հայ մարդ, որպես հայր, այդ իրավունքը չունեմ»:
Ինչո՞ւ է հնարավոր դարձել մեր ժողովրդի մեջ ներմուծել նման օրենքներ, նման պիղծ գաղափարներ: Որովհետև, ինչպես հավաստեց Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվը, մեր ժողովուրդն ինչ-ինչ պատճառներով` պատմական և այլն, որոշակիորեն հեռացել է Աստծուց: Քահանան կոչ արեց դիտարկել մեր ժողովրդից, մեր հավատացյալներից շատ-շատերին:
«Մկրտված մարդիկ են, Եկեղեցու անդամներ են, բայց մարդու քրիստոնեությունը մոմ վառելուց այն կողմ չի անցնում,- ասաց տեր Կյուրեղը:- Սուրբ Գիրք չեն կարդում, մոտավոր բաներ գիտեն… Մոմ վառելը վատ բան չէ, ի սեր Աստծո, շատ լավ բան է, բայց մոմ վառելը քրիստոնյա լինելու համար բավարար չէ:
Մեզ մոտ որդեգրել ենք սկզբունք` առանց զրույցի, մկրտություն կամ պսակ չանել: Այդ զրույցներն, անշուշտ, մեծ օգուտ են տալիս, նաև տեսնում ենք, որ մարդիկ հիմնականում անգետ են, չեն կարդում Սուրբ Գիրք, չգիտեն Հավատամքը` Հայ Առաքելական Եկեղեցու դավանության, վարդապետության հիմքը: Չեն կարդում, և այս առումով մենք` հոգևորականներս, Եկեղեցին հսկայական աշխատանք ունենք անելու, և ոչ միայն մենք, այլ նաև դուք, եթե դուք մկրտված մարդ եք և Եկեղեցու անդամ եք, դուք էլ պարտավոր եք ձեր շրջապատում լույս լինել, ինչպես Քրիստոս` մեր տերը, մեզ պատվիրել է` դուք եք աշխարհի լույսը, մեզ չի ասել, չի ասել` հոգևորականներն աշխարհի լույսն են, առաքյալներն աշխարհի լույսն են, մնացածները` ոչ: Ամեն մի քրիստոնյա մարդ պետք է լուսավորի իր շրջապատը, փոքր կամ մեծ` ամեն մեկն իր չափով: Սա է մեր խնդիրը, եթե մարդիկ, ժողովուրդն առողջ մտածելակերպ ունենան և իրապես քրիստոնյա լինեն, ոչ մի նման օրենք չի՛ կարող այստեղ ընդունվել կամ գործել»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play