Հայաստանում պետական պաշտոնյան իր գրպանի պարունակությունը համարում է գերակա շահ` դրանով վնասելով և պետությանը, և շրջապատին. սփյուռքահայ գործարար (տեսանյութ)


Հայաստանում պետական պաշտոնյան իր գրպանի պարունակությունը համարում է գերակա շահ` դրանով վնասելով և պետությանը, և շրջապատին. սփյուռքահայ գործարար (տեսանյութ)

  • 25-07-2017 17:29:47   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում ցանկացած պետական պաշտոնյա իր գրպանի պարունակությունը համարում է գերակա շահ` դրանով վնասելով և պետությանը, և շրջապատին: Հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց 1985 թվականից Հայաստանում հաստատված սփյուռքահայ գործարար, մասնագիտությամբ ռեժիսոր Հովհաննես Ստեփանյանը: 
 
Վերջին մի քանի տարիների ընթացքում Արագածոտնի , Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերում գյուղատնտեսական գործունեություն ծավալող Հ. Ստեփանյանը ներկայումս զբաղված է հայրենիքում սեփական իրավունքների պաշտպանությամբ:  
Ըստ նրա` «Զբոսաշրջություն ավանդական գյուղատիպ ինքնաբավ համայնքում» (ԶԱԳԻՀ) պայմանական անվամբ ծրագրի շրջանակներում ինքը նախատեսել է վերոնշյալ համայնքներում, կախված տարածաշրջանային առանձնահատկություններից, զարգացնել մեղվապահությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, ջայլամաբուծությունը և գոմեշաբուծությունը: 
 
«Ծրագրի նպատակն է նշյալ համայնքներում հիմնել գյուղատնտեսական անասնապահական տնտեսություններ, որտեղ կաշխատեն գյուղաբնակ երիտասարդ ընտանիքները, միաժամանակ այդ համայնքերում հնարավոր կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների, ովքեր տեղում կվայելեն բնական և անարատ գյուղմթերքներ»,- նշեց Հ. Ստեփանյանը` հավելելով, որ ներկայումս գործով զբաղվելու  փոխարեն ստիպված է որոշ չինովնիկների կողմից ստեղծված արհեստական խոչընդոտները հաղթահարել:
 
Նրա փոխանցմամբ` Շատին համայնքում տարիներ առաջ ինքը գնել է մի կանաչ հողատարածք, որտեղ գտնվում էր իր անասնագոմը, սակայն Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը այդ տարածքից 200 մետր քառակուսին վերցրել է` այն համարելով գերակա շահ: 
«Դրանից հետո, առանց իմ համաձայնության, այդ 200 մետրին հասնելու համար ճանապարհներ բացեցին  իմ տարածքի մեջ` ավերելով ամբողջ լանջը, արդյունքում իմ անասուները հիմա չեն կարող գնալ արոտավայր»-  կոնկրետ օրինակով փաստեց սփյուռքահայ գործարարը` շեշտելով, որ ՀԷՑ-ի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե իրեն փոխհատուցում է տրվել կրած վնասների համար, բացարձակապես սուտ է: 
 
Բանախոսի համոզմամբ` Հայաստանում տիրում է մի իրավիճակ, երբ պետական պաշտոնյան կարող է հանգիստ ոտնահարել ցանկացած քաղաքացու կամ գործարարի իրավունքները, բացահայտ հայտարարել այդ մասին և մնալ անպատիժ: 
Հ. Ստեփանյանի խոսքերով` խոչընդոտները, որոնց արդեն հասցրել է ինքն անձամբ բախվել, բազմաթիվ են: 
Այսպես օրինակ` նպատակ ունենալով Շատին համայնքում գետի ափին ջրաղաց կառուցել և միաժամանակ այնտեղ զարգացնել գոմեշաբուծությունը, նա հայտնվել է սակավաջրության խնդրի առջև, որն այդ համայնքում առաջացել է գետի վրա կառուցված ՀԷԿ-ի պատճառով: 
«Պարզվում է, որ այդ ՀԷԿ-ի սեփականատերը պետական պաշտոնյա է, դուրս է գալիս, որ պետք է պայքարեմ պետական պաշտոնյայի դեմ, ինչն իմ խնդիրը չէ. այստեղ ամենամեծ դժբախտությունն այն է, որ երբ հարց ես բարձրացնում ՀՀ բնապահպանության նախարարություն, մնում ես մեն-մենակ»,- ընդգծեց սփյուռքահայ գործարարը: 
 
Վերջինիս պնդմամբ` վերոնշյալ խնդիրների և խոչընդոտների մասին ահազանգող նամակներով բազմիցս դիմել է ինչպես Բնապահպանության նախարարությանը, այնպես էլ ՀՀ վարչապետին, Մարդու իրավունքների պաշտպանին: 
Նշյալ կառույցներից որոշները Հ. Ստեփանյանին գործընկերոջ միջոցով հորդորել են առայժմ լռել և աղմուկ չբարձրացնել: 
 
«Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանն էլ իր հերթին փաստեց, որ պետական պաշտոնյաների, ՀՀ նախագահի մտերիմների ու բարեկամների պատճառով, իրենք այսօր չեն կարողանում իրականացնել գոմեշաբուծության, Շատինում ջրաղաց կառուցելու, նաև Վենատուն հիմնելու ծրագրերը. «ՀԷԿ-երի կառուցման պատճառով գետերը վերածվել են առվակների, մարդիկ չեն կարողանում իրենց այգիները ոռոգել, համատարած չորության պատճառով կենդանիները տարբեր սուր վարակիչ հիվանդություններով են տառապում, վայրի այծերն իջնում են գետ ջուր խմելու, իսկ այնտեղ ջուր չկա. Դիմում եմ հանրապետության վարչապետին, նախարարներին, վերջ դրե՛ք այս ազգակործան քաղաքականությանը»: 
 
Նրա փոխանցմամբ` խայտառակ իրավիճակի են ականատես եղել Վայոց Ձորի Գյադիվանք կոչվող տարածքում, որտեղ ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների ընթացքում  հայտնաբերվել է 14-րդ դարի խաչքար, որի մասին իրենց ահազանգը պատկան մարմինների կողմից մնացել է անարձագանք: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play