Հստակեցվում է Գյումրիում կատարված սպանության փորձին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը. ՀՔԿ


Հստակեցվում է Գյումրիում կատարված սպանության փորձին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը. ՀՔԿ

  • 21-08-2017 17:37:30   | Շիրակի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել են Գյումրի քաղաքի բնակիչ Գեորգի Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ։ Կալանավորվել է երկու անձ, այդ թվում՝ քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Ղազարյանը։
 
Գ.Հակոբյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել 2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին՝ Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց։  
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, հստակեցվում է կատարված հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը։
 
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ Գ.Հակոբյանի նկատմամբ կատարված սպանության փորձին օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով։  Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 
 
Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ քրեական գործով տուժող Գ.Հակոբյանի կողմից ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրան ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին։
 
Շարունակվում են կատարվել ակտիվ քննչական գործողություններ՝ հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play