Խոսրովի անտառի հրդեհի գլխավոր բացահայտումը՝ արտակարգ իրավիճակների նախարարն իր տեղում ու դերում չէ. հաղորդում հանցավոր անգործության մասին (տեսանյութ)


Խոսրովի անտառի հրդեհի գլխավոր բացահայտումը՝ արտակարգ իրավիճակների նախարարն իր տեղում ու դերում չէ. հաղորդում հանցավոր անգործության մասին (տեսանյութ)

  • 21-08-2017 20:00:25   | Հայաստան  |  Իրավունք



 
 
Եթե ապրիլյան պատերազմն ընդամենը չորս օրվա ընթացքում բացահայտեց մեր բանակում եղած, մեղմ ասած, թերություններն ու բացերը, ապա Խոսրովի անտառում օրերս բռնկված հրդեհը թերևս ավելի կարճ ժամանակաընթացքում բացահայտեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) իր դերում չէ և ունակ չէ ժամանակին համարժեք արձագանքելու տարերային աղետներին, եթե դրանք փոքր-ինչ մասշտաբային են, ինչպիսին էլ հենց Խոսրովի անտառում բռնկված հրդեհն էր: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում հօդս ցնդեցին հիշյալ նախարարության իբրև կայացած կառույց լինելու վերաբերյալ բարձրագույն իշխանության հավաստումները, նախարարության խայտառակ ու հանցավոր անգործությունը պայթեցրեց նրանց փչած փուչիկը:
Երբ Խոսրովի անտառի տարածքում, ըստ օդերևութաբան Գագիկ Սուրենյանի, «այս տարի անձրևազուրկ օրերին գումարվեց աննախադեպ երկարատև շոգը», և անտառում փայտը գրեթե թղթի պես հեշտ բռնկվող էր, բացի դրանից, դարձյալ ըստ Գ. Սուրենյանի, «երեկոյան ժամերին Խոսրովի արգելոցում ցայտուն արտահայտվում են լեռնահովտային քամիները, որոնց արագությունը օգոստոսի 12-ին և 13-ին հասնում էր 15-20մ/վրկ և նպաստում կրակի արագ տարածմանը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությանը պետք է ի սկզբանե պարզ լիներ, որ այնտեղ բռնկված հրդեհը քամու միջոցով արագորեն տարածվելու է:
ԱԻՆ ղեկավարությանը պետք է պարզ լիներ նաև, որ պայմանավորված նաև Խոսրովի անտառի և հրդեհի օջախների տեղադիրքով, ռելիեֆով, որի հետևանքով, ինչպես Գ. Սուրենյանն է գրել իր ֆեյսբուքյան էջում, «առանձին հատվածներում նույնիսկ ոտքով քայլելը անհնարին է», տվյալ հրդեհը հանգցնելու համար Հայաստանի ունեցած տեխնիկական միջոցները միանգամայն անբավարար են լինելու: Հետևաբար Ռուսաստանի համապատասխան կառույցից հրշեջ ծանր ավիացիա խնդրելու անհրաժեշտությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին, հիշյալ նախարարության բնակչության պաշպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման վարչություն աղետների ռիսկի գնահատման և կառավարման բաժնի պետ Գագիկ Աբրահամյանին և նախարարության այլ պաշտոնյաներին պետք է պարզ լիներ հրդեհի առաջին իսկ օրվանից, հրդեհի առաջին 10 ժամվա ընթացքում, համենայն դեպս, գոնե հաջորդ օրը` օգոստոսի 13-ի առավոտյան: Եվ պարզ կլիներ, եթե ԱԻՆ-ում կատարվեր առաջացած արտակարգ իրավիճակի կամ ռիսկի ճիշտ վերլուծություն ու գնահատում: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ԱԻՆ հրապարակած պաշտոնական տեղեկատվության, «օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք»:
Առանց ՀՀ նախագահի և վարչապետի թույլտվության, չցանկանալով կամ չհամարձակվելով անհանգստացնել Ռուսաստանի իր գործընկերոջը, թերևս նաև վստահ իր ղեկավարած կառույցի հնարավորությունների վրա, նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին այդ կապակցությամբ դիմել է ոչ թե օգոստոսի 12-ին կամ գոնե 13-ի առավոտյան, այլ չափազանց ուշ, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, բանը բանից անցել էր: Խոսրովի արգելոցում օգոստոսի 12-ին սկսված հրդեհի միայն 3-րդ օրը` օգոստոսի 14-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իր կայքում ժամը 11:02-ին հրապարակած պաշտոնական լրատվությամբ տեղեկացրեց, որ «Բանակցություններ են տարվում օդային հրդեհաշիջում կազմակերպելու համար»: Սա կատարյալ խայտառակություն է, ի՞նչ է նշանակում` բանակցություններ են տարվում… Երբ, օրինակ, Սիրիայի հակամարտության շուրջ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանակցում են, հասկանալի է, բայց երբ նման հրդեհների, օգնության կարիք ունեցող արտակարգ իրավիճակների դեպքում Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխօգնության համաձայնագրերի առկայության պայմաններում բանակցություններ են տարվել, սա թերևս ավելին է, քան խայտառակությունը:
Նշված լրատվությամբ հայտնելով, որ «ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար», նախարարությունը տեղեկացրել էր նաև՝ «Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ»: Այ քեզ բա՜ն… Միջուկային մարտագլխի՞կ էր բերվում Հայաստան… Որքա՞ն ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի մշտապես մարտական պատրաստության մեջ գտնվող (այսինքն նաև` վառելիքով լի բաքերով) ՌԴ ԱԻՆ «Իլ-76» հրդեհաշիջող ինքնաթիռի անձնակազմը տագնապի ազդանշանով հասներ օդանավակայան, բժշկական ստուգում անցներ, ինքնաթիռն օդ բարձրացներ և այն Ռուսաստանից հասցներ Հայաստան:
Ըստ ՀՀ ԱԻՆ պաշտոնական տեղեկատվության, «Իլ-76»-ը Երևանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել օգոստոսի 14-ին, ժսմը 19:20-ին, սակայն «Հիմնվելով հայ և ռուս մասնագետների՝ ՀՀ ՊՆ ուղղաթիռով Խոսրովի արգելոցում իրականացված օդային հետախուզության տվյալների վրա՝ որոշում է կայացվել ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկել վաղ լուսաբացին»: Անհասկանալի է՝ ինչո՞ւ… Կրակը, բոցը երեկոյան կամ գիշերը, մթության համապատկերի՞ն է ավելի լավ երևում, թե ցերեկը, արևի պայծառ լույսի տակ: Գուցե ծո՞ւխն է խանգարել… Բայց պարզ չէ՞ր, որ հրդեհը հաջորդ օրն առանց ծխի չի շարունակվելու: Համենայն դեպս, եթե «Իլ-76»-ը մի քանի ժամ ավելի վաղ, ասենք, ժամը 15-ի կողմ վայրէջք կատարեր «Էրեբունի» օդանավակայանում, ապա նույն օրն էլ կներգրավվեր հրդեհաշիջման աշխատանքներում, և ոչ թե հաջորդ օրն առավոտյան, թեև հիշյալ օդանավակայանում վայրէջքից ու ջրով լցավորումից հետո հրդեհաշիջման աշխատանքներին նշված ինքնաթիռի ներգրավման հետաձգումը դեռ պատճառաբանված, հիմնավորված չէ:
Չնայած ՀՀ ԱԻՆ-ը օգոստոսի 14-ին խոստացել կամ տեղեկացրել էր, որ ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկելու է օգոստոսի 15-ի վաղ լուսաբացին, սակայն հրդեհաշիջող «ԻԼ-76»-ը ժամը 08:50-ին դեռ նոր իրականացրել է իր առաջին թռիչքը, այսինքն՝ դեպի արգելոց ճանապարհին է եղել: Ժամը 9-ի կողմը հաստատ վաղ լուսաբաց չէ, և բոլորին էլ պարզ է, որ հրդեհի, այն էլ այդպիսի հրդեհի դեպքում նույնիսկ 1 ժամ ուշանալն անթույլատրելի է:
Թե ինչո՞ւ է ուշացել ՌԴ ԱԻՆ արձագանքը, լրագրողներին անուղղակիորեն ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը. «Օգոստոսի 13-ին պարզելով հրդեհի ծավալները, ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրանց որոշմամբ միջազգային օժանդակություն խնդրենք»: Նախ նկատենք, որ հրդեհի` միջազգային օժանդակության դիմելու համար հիմք հանդիսացող ծավալները պարզ էին, համենայն դեպս, պետք է պարզ լինեին դեռ օգոստոսի 12-ին, օրվա երկրորդ կեսին: Եթե նշված ծավալները պարզ են դարձել նույնիսկ օգոստոսի 13-ին, ապա նկատի ունենալով, որ «Հայաստանը ՌԴ-ի հետ ունի արտակարգ իրավիճակներում փոխօգնության համաձայնագրեր», ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին դիմելու անհրաժեշտություն չպետք է առաջանար, եթե, իհարկե, այդ համաձայնագրերի բովանդակությունը չի հակասում արտակարգ իրավիճակներում օպերատիվ կարգով, արագորեն օգնություն ստանալու տրամաբանությանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, առանց նրանց դիմելու, նրանց թույլտվությունը ստանալու կամ նույնիսկ տեղեկացնելու (թեև հեռախոսով տեղեկացնելու համար բավարար էին վայրկյանները կամ րոպեները), օգնության խնդրանքով պետք է միանգամից դիմեր իր ռուս գործընկերոջը: Փաստորեն, նախարար Դավիթ Տոնոյանը եթե ոչ օգոստոսի 12-ին, ապա օգոստոսի 13-ին չի դրսևորել այսպիսի իրավիճակներում խիստ անհրաժեշտ ինքնուրույնություն, չի համարձակվել առանց ՀՀ նախագահին, վարչապետին դիմելու, օգնության խնդրանքով դիմել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարին, և քանի որ օգոստոսի 13-ը կիրակի է եղել, կարելի է ենթադրել, որ նա այդ օրը չի կարողացել դիմել ՀՀ նախագահին, վարչապետին, կամ կարողացել է դիմել չափազանց ուշ, ու միայն դրանից հետո, օգոստոսի 14-ի առավոտյան է դիմել ՌԴ իր գործընկերոջը:
Վերը շարադրված փաստերից հետո ՀՀ ԱԻՆ-ից և այլ կառույցից թող որևէ մեկն այլևս չբարբաջի օպերատիվ աշխատանքի մասին:
ՀՀ ԱԻՆ-ի աշխատանքն հնարավոր չէ օպերատիվ անվանել նաև լրատվության ասպարեզում: Նախարարության կայքում առկա «Նորություններ» բաժինն ունի 2 ենթաբաժին` «Պաշտոնական» և «Պատահարներ»: Վերջինում ինչպես հրդեհի բռնկման օրը` օգոստոսի 12-ին, այնպես էլ հաջորդ օրերին բառ անգամ չկա Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհի մասին, իսկ «Պաշտոնական» ենթաբաժնում այդ կապակցությամբ առաջին լուրը հրապարակված է օգոստոսի 14-ին, ժամը 11:02-ին, որով առանց հրդեհի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության, միանգամից տեղեկացվում է, որ «Բանակցություններ են տարվում օդային հրդեհաշիջում կազմակերպելու համար»: Եվ միայն օգոստոսի 14-ին, ժամը 23:00-ին իր կայքում «Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. աշխատանքները շարունակվում են (թարմացված)» վերտառությամբ հրապարակած տեղեկատվությամբ ԱԻՆ-ը որոշ տեղեկություններ է հայտնել Խոսրովի անտառում բռնկված հրդեհի մասին:
Օգոստոսի 15-ին, ժամը 15:26-ին նախարարության կայքում հրապարակված տեղեկատվությունից հայտնի է դառնում, որ «Օգոստոսի 15-ի, ժամը 12:00-ի դրությամբ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»: Այդ պահի դրությամբ «ԻԼ-76»-ը պատրաստվում էր իր 5-րդ թռիչքին: Նախարարության կայքում այսօր` օգոստոսի 21-ին, ժամը 16:40-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, «Արարատի մարզում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»: Առ այսօր նախարարության կայքում որևէ տեղեկատվություն չկա այն մասին, թե հրդեհի հետևանքով, ընդհանուր առմամբ, քանի՞ հեկտար անտառածածկ և խոտածածկ տարածք է այրվել:
Կայքում տեղեկատվություն չկա նաև այն մասին, թե հրդեհաշիջող «ԻԼ-76» ինքնաթիռը, ընդհանուր առմամբ, քանի՞ թռիչք է իրականացրել դեպի Խոսրովի անտառ: Հայտնի է միայն, որ օգոստոսի 17-ին, ժամը 16:04-ի սահմաններում օդանավն իրականացրել է 16-րդ թռիչքը, սակայն դրանից հետո, օգոստոսի 18-ի առավոտյան ԱԻՆ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները…»:
Ոչ պաշտոնական ու նախնական տեղեկատվության համաձայն, հրդեհն ընդգրկել է 2733 հեկտար տարածք, որից 555 հա-ն` Խոսրովի տեղամասում, 2178 հա-ն` Խաչաձորի տեղամասում: Խոսրովի արգելոցն ընդգրկում է մոտ 23 500 հա տարածք, հրո ճարակ է դարձել Խոսրովի անտառի ծառապատ ու խոտածածկ տարածքի ավելի քան 10 տոկոսը: Հրդեհված տարածքի անտառներից 201 հա-ն գիհուտներ են եղել, 908 հա-ն՝ կաղնուտներ, 1624 հա-ն՝ խոտածածկ: Խոսրովի արգելոցում են կենտրոնացված ՀՀ բուսաշխարհը կազմող բուսատեսակների կեսից ավելին, արգելոցի լեռնային էկոհամակարգերում ապրում է 283 տեսակի ողնաշարավոր կենդանի: Հրդեհի հետևանքով Խոսրովի արգելոցին, ըստ որոշ գնահատականների, պատճառվել է ահռելի վնաս, համենայն դեպս, էական վնասի փաստն անժխտելի է:
«Վնասի մասին խոսելիս, պետք է նկատի ունենալ, որ «պետական արգելոց» կարգավիճակը նշանակում է, որ կենսաբազմազանությունն այնտեղ թանկ է գնահատվում պետության համար,- օրերս լրագրողներին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:- Եթե այլ տարածքներում նման կորուստը մեկ միավոր է գնահատվում, ապա հատուկ պահպանվող տարածքներում այն նյութականի վերածած` բազմապատկվում է 5-ով: Գիհու պարագայում, մեր կորստի առանձնահատկությունն այն է, որ այս ծառատեսակները դժվար աճող են, գրեթե անհնարին` վերականգնման տեսակետից և այս առումով, այս վնասին չափման միավոր չկա: Մյուս կողմից գիհին իր կենսամիջավայրում հնարավորություն է տալիս առանձին կենդանատեսակների գոյությանը, ինչպիսին, օրինակ, սև անգղն է, որը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ապրում է հենց այս կենսամիջավայրում: Նույնը նաև` կովկասյան ընձառյուծն է: Կան սողունների մասով կորուստներ, խոշոր կենդանիների կորուստների մասին դեպքեր չունենք, ի ուրախություն մեզ, բայց ունենք տեղափոխություն այլ վայր, բայց  այս պահին դժվար է աել, թե ուր»:
Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) գնահատմամբ, տեղի ունեցածն «էկոլոգիական աղետ է, որի պատճառներն ունեն լուրջ վերլուծության կարիք»։
«Օգոստոսի 14-ին կամավորներով գնացել էինք և տեղում ականատես եղել սարսափելի վիճակին,- նշված է ՀԲՃ կայքում հրապարակված տեղեկատվության մեջ:- Արգելոցի աշխատողներն անում էին ամեն ինչ անտառը փրկելու համար, սակայն չկար լուրջ և կազմակերպված աջակցություն ԱԻՆ-ի կողմից։ Մենք օգնեցինք ամբողջ օրվա ընթացքում ինչպես կարող էինք։
Այն տեղամասում, որտեղ մենք մասնակցում էինք հրդեհաշիջման աշխատանքներին, կարելի էր հասնել բավական լավ արդյունքների։ Սակայն ակնհայտ էր, որ կա մարդկային ուժի, տեխնիկական միջոցների, աշխատանքների համակարգման և կազմակերպվածության լուրջ պակաս։ Եթե մասնակիցների քանակը լիներ գոնե 2-3 անգամ շատ և ապահովվեր ջրի անխափան մատակարարումը, ապա կրակի առաջխաղացումը հաստատ կարելի կլիներ դադարեցնել՝ նույնիսկ մեր ձեռքի տակ եղած սուղ տեխնիկական միջոցներով»։
 
  Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play