Չմոռացվելու համար այրում են նաև աստծո տաճարը. Մասնագետն արձագանքում է ոչ մասնագետի անմասնագիտական հայտարարությանը


Չմոռացվելու համար այրում են նաև աստծո տաճարը. Մասնագետն արձագանքում է ոչ մասնագետի անմասնագիտական հայտարարությանը

  • 24-08-2017 16:14:19   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 Յուրի Ավետիսյանի (բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ,Հայոց լեզվի ամբիոնի վարիչ)  մասնագիտական կարծիք-պատասխանը՝ Հ. Բագրատյանի՝ հայոց լեզվի մասին հայտատարությանը։
 
 
         Կարելի է նաև չարձագանքել ոչ մասնագետի անմասնագիտական փորձին: Բայց ձախողված փորձը մեզանում բազմանալու վատ հատկություն ունի: 
 
Տնտեսագետ չեմ: Բայց անպայման տպավորությունը ունեմ, որ Հրանտ Բագրատյանը իր ուրույն տեղն ունի մեր տնտեսագիտական մտքի և առհասարակ տնտեսական քաղաքականության մշակման մեջ: 
Քաղաքականությունն էլ, ցավոք, իր հերթին ունի բնավորության ուրույն որակներ. երբեմն հրապարակից վտարում - մոռացության է մատնում իր գործի մեջ նաև որակ ունեցողին:
Չմոռացվելու համար այրում են նաև աստծո տաճարը: Այս դեպքում հարմար է թվացել.... մայրենի լեզուն: Հակառակ դեպքում տնտեսագիտության դոկտորը հազիվ թե կարող էր չիմանալ կամ հրապարակավ հանդես գալուց առաջ չճշտել, որ.
1. Է. Աղայանի <Արդի հայերենի բացատրական բառարան>ը (Եր., 1976) պարունակում է ոչ թե 75 000 բառ, այլ երկու անգամ ավելի՝ 135 600 բառ և 11 000 դարձվածաբանական միավոր` 14 000-ով ավելի, քան ռուսաց լեզվի (ոչ թե ռուսական) ակադեմիական բառարանում:
2. «Այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ», — հայտարարում է Բագրատյանը: Իրականում այդ թիվը հասնում է 350 000-ի (Արդի հայերենի բացատրական նոր քառահատոր բառարանը ստեղծված է և արդեն տասը տարի է՝ սպասում է իր հովանավոր-հրատարակչին), ասել է թե՝ պարունակում է 100 000-ով ավելի բառ, քան, օրինակ, ըստ տնտեսագետի բերած տվյալների, գերմաներենը: Եվ բառերի քանակը, անշուշտ, դրանով չի սահմանափակվում. ամեն օր հայերենում ստեղծվում կամ փոխառվում են տասնյակ նոր բառեր: Բառապաշարի, այսպես կոչված, չափման մեթոդաբանությունը իսկապես հստակեցված չէ. հայերենի հարակատար և ենթակայական դերբայական ձևերի համարժեքները ռուսերենում, օրինակ, համարվում են բառային միավորներ՝ բառեր, կամ եթե տեղանուններից -եցի, -ացի կամ նման մասնիկներով կազմված միավորները հաշվարկվեն որպես առանձին բառեր, ապա հայերենի բառապաշարը արագորեն կհատի անգլերենին վերապահված 999 985-ի սահմանը. հայերենը ցանկացած տեղանունից ստեղծում է նոր բառ (երևանցի, լոնդոնցի, էլռիադցի), մինչդեռ անգլերենում նույնը արտահայտվում է բառակապակցությամբ:
3. Գիտության տվյալներով՝ հայերենը համառոտությամբ աշխարհի լեզուների մեջ գրավում է միջին դիրք. ճապոներենը, ասենք, աշխարհի, այսպես կոչված, երկարաբան լեզուներից է, բայց դա բնավ չի խանգարում երկրի տնտեսագիտական միտքը այդ լեզվով լավագույնս կերտելուն: 
4. Գրողի գործածած բառապաշարը չպետք է շփոթել նրա ստեղծած բառերի քանակի հետ. Պուշկինը ոչ թե <ռուսաց լեզուն հարստացրել է 24 000 բառով>, այլ ընդամենը իր երկերում գործածել է 21 290 բառ, այնպես, ինչպես Գրիգոր Նարեկացին միայն Մատյանում գործածել է 7000 բառ, իսկ <Նոր բառգիրք հայկազեան լեզուի> բառարանում Նարեկացիով վկայված բառերի (ասել է թե՝ նրա ստեղծած բառերի) թիվը 1800 է, Հովհաննես Շիրազը ստեղծել է 2 000-ից ավելի նոր բառեր (թեև դրանց մի մասը բառարանային գրանցում չունի և չի կարող ունենալ դիպվածային լինելու պատճառով), Պարույր Սևակի երկերի բառապաշարի հարստությունը 26 600 բառ է (տե՛ս Ա. Պապոյան, Հայագիտական հետազոտություններ, Եր., էջ 459): Բառերի առավելագույն գործածություն ունեցել է Ջեյմս Ջոյսը <Ուլիսես>-ում՝ 30 000 բառ:
5. Լեզվի հարստությունը բառերի սոսկական քանակով որոշելը չունի գիտական հիմնավորում: Հայերենը աշխարհի հարուստ լեզուներից է՝ պայմանավորված նաև ձայնական հարստությամբ (<....եթե նվագայնությամբ զիջում է իտալերենին ու ճապոներենին, ապա առաջ է գերմանական ու սլավոնական լեզուներից> (Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք առաջին, Եր., 1990, էջ 127)) ու քերականական կառուցվածքի ճկունությամբ: Այլ խնդիր է, որ նույնիսկ ոչ մասնագետին հայտնի պատճառներով մեզանում գիտության առանձին ճյուղերի տերմինաբանությունը տակավին բավարար չափով մշակված չէ: Մեր լեզուն գործնականում ունի նոր բառեր կերտելու և առհասարակ զարգանալու անսպառ հնարավորություններ: 
6. Նույն տեքստը հայերենից անգլերենի փոխադրելիս պակասում է մոտ 15%-ով, սակայն գերմաներենի փոխադրելիս նույն չափով ավելանում է: Երևույթը ունի գիտական բացատրություն. պայմանավորված է լեզուների առանձնահատկությամբ և ոչ թե աղքատությամբ: Հակառակ պնդումը ապագիտական է: Այլ խնդիր է, որ հայերենի ոչ բավարար իմացությունը կարող է պատճառ դառնալ երկարաբանության, ինչպես՝ <Իրենից ներկայացնում է յուրօրինակ մի համակարգ> => <Յուրօրինակ մի համակարգ է>, <Հիմք են հանդիսանում կարգավորման համար> => <Կարգավորման հիմք են>, <Հարցի վերաբերյալ կան կարծիքների և տեսակետների բազմազանություն, տարատեսակություն> => <Հարցի վերաբերյալ կան տարակարծություններ> և այլն (մանրամասն տե՛ս <Հայոց լեզու և խոսքի մշակույթ>, Եր., 2016):
7. Հայերենը մշտապես հարստանում է փոխառություններով (մագիստատուրա, հիպոթեք, ալյանս, պլանշետ, վայբեր, իմպլանտ, գոլֆ, ասամբլեա, բեսթսելլեր, վայֆայ և այլն) և ավելի հաճախ օտար բառերը փոխարինում է հայերեն հաջող համարժեքներով (ամնիստիա-համաներում, իդենտիֆիկացիա-նույնականացում, ռեգլամենտ-աշխատակարգ, ինտերնետ-համացանց, գրանտ-դրամաշնորհ, սպելեոլոգիա-անձավագիտություն, վեբսայթ-կայք(էջ), սինխրոն լող-գեղալող և այլն): 
Համակարգիչ-ը միանգամայն հաջող համարժեք է: Պատճենված է ֆրանսերենից (ordinateur):
Բոլոր դեպքերում, այս կարգի հարցերը պետք է քննարկվեն մասնագիտական դաշտում: Հակառակ դեպքում՝ անհիշությունը (այս դեպքում՝ մոռացումը) անխուսափելի է:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play