Սերժ Սարգսյանը փաստի առաջ է դնում ԱՄՆ դեսպանին


Սերժ Սարգսյանը փաստի առաջ է դնում ԱՄՆ դեսպանին

  • 04-09-2017 17:21:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը սեպտեմբերի 4-ին անդրադառնալով Վրաստանում վրաց-ամերիկյան բազմազգ զորավարժությունից Հայաստանի հրաժարվելու մասին տեղեկատվությանն, ասել է, որ Հայաստանը պաշտոնապես երբեք չի հաստատել, որ մասնակցելու է այդ զորավարժությանը, հետեւաբար չի կարող լինել վերջին պահին հրաժարվելու խնդիր:
 
Զաքարյանն ասել է, թե չգիտե ինչու է Վրաստանի պաշտպանության նախարարությունը իրավիճակը ներկայացրել այդպես: Նա ասել է նաեւ, թե Հայաստանի չմասնակցելու պատճառն Ադրբեջանի մասնակցությունը չէ: Միաժամանակ, Զաքարյանի խոսքով, Հայաստանի գլխավոր անվտանգության հովանոցը շարունակում է մնալ ՀԱՊԿ:
Զաքարյանն իրավացի է, Հայաստանը երբեք պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում տեղի ունենալիք ՆԱՏՕ զորավարժությանը: Բայց Հայաստանը նաեւ որեւէ բան չի ասել, երբ Վրաստանի պաշտպանության նախարարությունն օրերս տարածեց տեղեկություն, որ Հայաստանը մասնակիցների շարքում է:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը չգիտես ինչու չասաց, չպարզաբանեց, թե մասնակցության հստակ որոշում չկա, անգամ այն բանից հետո, երբ հայկական մամուլում վրացական աղբյուրի տարածած տեղեկությունից հետո եղան Հայաստանի մասնակցության մասին մի շարք հրապարակումներ:
Արդյոք դա հիմք է տալիս ենթադրել, որ Երեւանն այդուհանդերձ մտածել է մասնակցության մասին, եւ ծրագրերը իսկապես փոխվել են վերջին պահին:
Հայաստանը մի անգամ արդեն կայացրել է այդպիսի որոշում, 2009 թվականին, երբ վերջին պահին դարձյալ հրաժարվեց Վրաստանում ՆԱՏՕ զորավարժությանը մասնակցությունից: Բայց այն ժամանակ ՊՆ-ն դա արեց պաշտոնական հայտարարությամբ, թեեւ բուն պատճառը դրանում նշված չէր, եւ կար բացատրություն, որ Հայաստանը հրաժարվում է «ստեղծված հանգամանքներից ելնելով»:
Այն ժամանակ պատճառն ամենայն հավանականությամբ ռուս-վրացական լարվածության նոր ալիքն էր՝ հնգօրյա պատերազմից մոտ ինն ամիս անց: Բանն այն է, որ ՆԱՏՕ զորավարժությունից մի քանի օր առաջ ապստամբել էր Վրաստանի բանակի տանկային զորամասերից մեկը: Սահակաշվիլին ճնշեց ապստամբությունը, իսկ հետո հայտարարեց, որ դա կազմակերպել էր Ռուսաստանը: Առաջացավ ռուս-վրացական լարվածության նոր բռնկում: Ըստ ամենայնի, հենց դրա պատճառով էլ Հայաստանը կամ չցանկացավ ավելորդ դժգոհություն առաջացնել Մոսկվայում, կամ Մոսկվան պարզապես Հայաստանին ասաց, որ վատ կլինի, եթե Երեւանը մասնակցի:
Ինչ հանգամանքներ են ստեղծվել այժմ, որ Երեւանը փոխել է մտադրությունը: Ներկայում ռուս-ամերիկյան լարվածության նոր փուլ է: Բայց այդ լարվածությունը կար նաեւ մի քանի շաբաթ առաջ, երբ Հայաստանն այդուհանդերձ մասնակցեց կրկին Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ մեկ այլ զորավարժության: Ավելին, դրանից մի քանի շաբաթ առաջ էլ Հայաստանը Ռումինիայում ՆԱՏՕ վարժանքի էր մասնակցել: Ռուս-ամերիկյան լարվածությունն իհարկե աճում է ավելի եւ ներկայում գուցե ավելի բարձր է, քան մի քանի շաբաթ առաջ էր: Դա բերե՞լ է Ռուսաստանի մոտեցման սկզբունքային փոփոխության, որը Հայաստանին կամ զգուշավոր է դարձրել, կամ պարզապես դարձյալ «խորհուրդ» է տվել չմասնակցել:
Թե՞ Սերժ Սարգսյանն է վերջին պահին մտածել, որ երկու վրացական զորավարժությունը շատ կլինի, առավել եւս, որ դրանից առաջ էլ մեկը եղել էր Ռումինիայում: Սոչիում Պուտին-Սարգսյան հանդիպումն ունեցե՞լ է որեւէ դեր:
Այստեղ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք: Վրաստանում զորավարժությունից հետո ռուսական մամուլում նկատվեց որոշակի հրապարակումների ալիք, որի հեղինակները բացասաբար էին գնահատում Հայաստանի մասնակցությունը եւ այն ներկայացնում Հայաստանը Ռուսաստանի «ձեռքից հոսելու» համատեքստում:
Ինչու՞ էր այդ շրջանակներին անհանգստացրել Հայաստանի մասնակցությունը: Հազիվ թե դա լիներ հենց Պուտինի անհանգստությունը, քանի որ Պուտինն իր այդ անհանգստությունը կարտահայտեր բոլորովին այլ կերպ, ոչ թե մամուլով, հատկապես եթե Սոչիում պատրաստվում էր հանդիպել Սարգսյանին:
Ավելի հավանական է թվում այն, որ Սոչիի հանդիպումից առաջ ռուսական իշխանության որոշակի շրջանակներ փորձեցին «լոբբինգ» անել Պուտինի «տրամադրության» մասով: Բացառված չէ, որ ՆԱՏՕ երկրորդ զորավարժությունից հրաժարումը հենց այդ «լոբբինգի» հաղթանակն է:
Միաժամանակ ուշագրավ է, որ օրեր առաջ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլզը խոսել էր Հայաստանի ինքնիշխանության մասին, ասելով, որ Նահանգներն ուզում է համոզված լինել, որ Հայաստանը որոշումները կայացնում է ինքնիշխան եւ դրանք շարունակելու համար գործիքներ է տրամադրում Հայաստանին:
Դեսպանը որպես Հայաստանի ինքնիշխան որոշման վկայություն խոսել էր հենց ՆԱՏՕ զորավարժության մասնակցելու փաստի մասին: Այժմ փաստորեն Հայաստանը երկրորդ զորավարժության մասով ԱՄՆ դեսպանին դնում է այսպես ասած հակառակ փաստի առաջ:
Տեսականում բացառել պետք չէ իհարկե, որ ԱՄՆ դեսպանն էլ Սերժ Սարգսյանին էր դրել փաստի առաջ, ՆԱՏՕ վարժանքին մասնակցությունը ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխան որոշման վկայություն, խոսելով նաեւ գործիքների մասին, ինչը կամա թե ակամա նպաստել էր վերը բերված շրջանակների «լոբբինգի» հաջողությանը:
Մյուս կողմից բացառված չէ, որ Սերժ Սարգսյանն իսկապես կայացրել է չմասնակցելու այսպես ասած ինքնիշխան որոշում, այսինքն առանց որեւէ ռուսական պարտադրանքի, բայց այդ պարտադրանքի պատրանք ստեղծելու համար: Բանն այն է, որ «ռուսական պարտադրանքը» որպես օբյեկտիվ քաղաքական գործոն Սերժ Սարգսյանի համար ակնհայտորեն նաեւ քաղաքական խաղաքարտերի տրցակի սուբյեկտիվ առանցքային գործոններից մեկն է:
Ավելին, ԱՄՆ դեսպանը խոշոր հաշվով խոսում էր հենց այդ հանգամանքը պարզելու մասին, այսինքն որքանո՞վ է իրական Ռուսաստանի պարտադրանքի գործոնը, այն իսկապե՞ս այդքան մեծ է, թե՞ Սերժ Սարգսյանն է մեծացնում ու մանեւրում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play