Հիմա սկսել են հայտարարել, որ այդ տարածքները չենք տալիս.Արկադի Տեր-Թադևոսյան


Հիմա սկսել են հայտարարել, որ այդ տարածքները չենք տալիս.Արկադի Տեր-Թադևոսյան

  • 04-09-2017 17:30:49   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

 

Պարոն Տեր-Թադևոսյան, նախօրեին Չինարիում ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակոցներ են հնչել։ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկը հայտարարել է, թե չգիտեինք, թե կրակոցները որ կողմից են գալիս։ Չի՞ ստացվում, որ միջազգային հանրությունը միշտ հավասարության նշան է դնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

 

Մենք պետք է հասկանանք, որ այսօր գոյություն ունեցող տեխնիկան թույլ է տալիս ոչ միայն իմանալ, թե որ կողմից են կրակել, այլ նաև թե ինչ զենքից են կրակել, ինչ կոորդինատներից է եղել կրակոցը։ Հիմա ռադարային սարքավորումներն ամեն տեղ կան, և ես չգիտեմ, թե ինչն է պատճառը, որ նման բան է ասել և հավասարության նշան է դրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

 

Սրանով չի՞ ստացվում, որ իրենք չեն նպաստում խնդրի արագ կարգավորմանը։

 

Իրենք այդ հարցով էլ շատ իրավունքներ չունեն։ Իրենք հայտարարում են, որ խնդրի կարգավորումը կախված է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից, իսկ իրենք միայն կողքից ուզում են ինչ-որ բանով օգնեն այդ կարգավորմանը։ Ու մենք ականատես ենք լինում, որ իրենք փորձում են իրենց չեզոք պահել։

 

Հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվեն Հայաստանն ու Ադրբեջա՞նը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը։

 

Մինսկի խումբն ասում է՝ դուք իրար հետ համաձայնության եկեք ձևաչափի հարցում, մենք կողքից կօգնենք։ Այսինքն՝ այդ ֆորմատը մենք պետք է գտնենք։

 

Պարոն Տեր-Թադևոսյան, ի վերջո, մեզ համար ընդունելի՞ են մադրիդյան, կազանյան սկզբունքները, կամ Լավրովի պլանը։ Հայկական կողմը հայտարարում է, որ Հոգլանդի ներկայացրած կետերի մեջ նորություն չկար, մինչդեռ այնտեղ խոսքը վերաբերում է տարածքների վերադարձին, այդ թվում Լաչինի շրջանի մի մասը։

 

Ես Հոգլանդի հայտարարությունը չեմ կարդացել, չեմ տեսել, չեմ էլ ուզում դրա մասին խոսել։ Ցանկացած ազատամարտիկի հետ տարածքների վերադարձի մասին եթե խոսես, կհասկանաս, որ դա շատ ցավոտ հարց է։ Մենք այդքան կորուստներ ու զոհեր ենք տվել ու հիմա հայտարարել, թե պատրաստ ենք զիջումներ անել, ճիշտ չէ։ Մենք կարծես անընդհատ դոփում ենք մեր սխալների վրա։ Վերջին տարիներին է, որ քաղաքական գործիչները սկսել են հայտարարել, որ այդ տարածքները չենք տալիս, դրանից առաջ միշտ ասում էին, որ պետք է հետ տալ այդ տարածքները։ Մեր ղեկավարությունը այն ժամանակ սխալ փաստաթղթեր է ստորագրել։ Հիմա մեկը սխալ է արել, դուք եկել մեկ ուրիշից հարցնում եք, թե ինչպես է այդ հարցը լուծվելու։

 

Աշնանը հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ Գարեգին Բ-ն և Ալլահշուքյուր Փաշազադեն։ Ձեր կարծիքով՝ հոգևոր դասը կարո՞ղ է լուծել դիվանագիտական ու քաղաքական բնույթի հարցեր, և ինչպե՞ս եք գնահատում սպասվող այդ հանդիպումը Ռուսաստանի միջնորդությամբ։

 

Ոչ, չեն կարող նման հարցեր լուծել։ Փաշազադեի կլանն իր գործողություններով տարաձայնություններ ունի անգամ Ադրբեջանի ներսում՝ կապված սուննիների և շիաների միջև հակասություններով։ Վերջերս նա այցելել էր Վրաստան, և այնտեղ նրա տեքստերը լսելով տեսնում ենք, որ նա Ալիևի կրկնօրինակն է։ Փաստորեն, Ադրբեջանի հայատյացությունը չեն կարողանում կամ չեն ուզում հաղթահարել։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play