Կառավարությունը նախատեսում է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը


Կառավարությունը նախատեսում է զիջել պարարտանյութերի և սերմերի դիմաց գյուղացիների կուտակած պարտքերը

  • 14-09-2017 18:28:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 
 
Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին, գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է կառավարության  համապատասխան հանձնարարականի ընթացքի մասին,  որը տրվել էր այս տարվա  մայիսին:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացվելիք՝ պարտապանների ցանկերի հիման վրա տվյալները կամփոփվեն և համապատասխան որոշում կներկայացվի կառավարություն՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար: Նախարարը հավելել է,  որ 2017 թվականին տրամադրված պարարտանյութերի ու սերմերի դիմաց վճարումները կատարվել են 100 տոկոսով, որևէ պարտք չի գոյացել:  
 Կարեն Կարապետյանը նշել է, որ որոշում են կայացրել  համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում 2012-2016 թթ.-ին գյուղացիների  կուտակած պարտքերը զիջել և սկսել մաքուր էջից. «Մանավանդ, որ 2017 թ.-ի պրակտիկան ցույց է տվել՝  կարելի է կազմակերպել  գործընթացն առանց պարտք կուտակելու»: 
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետներին 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ 1-շաբաթյա ժամկետում ամփոփման համար։ Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվել է 1-ին կետով սահմանված պարտքերի վերջնական ամփոփված ցանկն ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով։  «Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահություն ենք դրսևորելու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ՝ ասելով, որ այս զիջումն ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- ընդգծել է վարչապետը:  Անդրադառնալով այն դեպքերին, երբ հասցեատերերը գյուղապետերն են՝ վարչապետը նշել է, որ այդ ժամանակ որպես պարտապան պետք է գյուղապետերին դիտարկել: 
Անդրադառնալով մարզպետների աշխատանքների գնահատման հայտանիշերին՝ Կարեն Կարապետյանն առաջարկել է դրանցում ներառել նաև միջմարզային, միջհամայնքային ճանապարհաշինարարության ցուցանիշը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play