Օրենսդրական նախաձեռնություններ


Օրենսդրական նախաձեռնություններ

  • 14-09-2017 18:39:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կփոփոխվեն որոշակի մասնագիտացված պաշտոնների անձնագրերի գծով աշխատակիցների ընտրության չափանիշները: Մասնավորապես, կփոփոխվեն աշխատակազմի համալրման համապատասխան կանոնները և ընթացակարգերը: Ըստ այդմ, կսահմանվի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ներքին մրցույթով զբաղեցնելու կարգ: Հստակ կտարանջատվեն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու երեք կարգերը, մասնավորապես՝ ներքին, արտաքին մրցույթներ կամ արտամրցութային: Այսպիսով կներդրվի ներքին մրցույթով պաշտոն զբաղեցնելու կարգը, հնարավորություն կընձեռվի կազմակերպական կառուցվածքի շրջանակում թափուր մշտական աշխատատեղերը լրացնելու համար օգտվել բացառապես (ըստ առաջնահերթության) ներքին կադրային ռեսուրսներից:
 
Կառավարությունը եզրակացություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով  առաջարկվում է դեղերի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը  կհանգեցնի դեղերի որոշակի էժանացման, դեղերը, համապատասխանաբար, կդառնան ավելի մատչելի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բնակչության առողջապահական վիճակի վրա: Գործադիրն  առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի իր առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ, կնվազեն պետբյուջեի եկամուտները: Անդրադառնալով օրինագծին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է ուշադիր լինել ընդհանրապես հարկային արտոնություն տալու բանաձևի նկատմամբ, հատկապես,  որ իրականացվում է սոցիալապես խոցելի խավերին աջակցելու քաղաքականություն:  Վարչապետն առաջարկել է ձևավորել նախաձեռնող խմբերի հետ հանդիպելու և կառավարության տեսակետը ներկայացնելու  պրակտիկա: 
Հավանության է արժանացել նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության առաջարկությունը: Օրինագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: Կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ, ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրների իրագործմանը:
 
 
 
Այլ որոշումներ
 
 
Գործադիրը սահմանել է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները՝ ավելացված արժեքի հարկից ազատման առումով:  ԱԱՀ-ից ազատման արտոնության կիրառության առումով  պետք է բավարարվեն հետևյալ չափորոշիչները՝ վերջին 3 տարվա ընթացքում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առնվազն 10000 և ավելի սովորողների մասնակցություն` ՀՀ ամբողջ տարածքից,  հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների ծրագրային բովանդակության` ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` հանրակրթության պետական չափորոշիչին և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված` առարկայական չափորոշիչներին համապատասխանություն, անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերով, խրախուսման միջոցներով ապահովում:
Աուդիտորական գործունեության ոլորտը կատարելագործելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:  
Կառավարության որոշմամբ «Լույս» հիմնադրամի 2017 ուսումնական տարվա կրթաթոշակին արժանացած 6 ՀՀ քաղաքացիներին տրվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Արդյունքում վերոնշյալ քաղաքացիներին հնարավորություն կտրվի ավարտելու ուսումնառությունը, այնուհետև` ներկայանալու զինվորական ծառայության: Ուսանողներն ընդունվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի, Քեմբրիջի, Օքսֆորդի, Չիկագոյի համալսարաններ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  ներուժն առավել նպատակամետ և արդյունավետ օգտագործելու համար կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ նոր հիմքեր կստեղծվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play