Թրամփը գնում է աշխարհն իրար խառնելու ճանապարհով, Ռուսաստանն ու Չինաստանն անհապաղ ինչ պետք է անեն


Թրամփը գնում է աշխարհն իրար խառնելու ճանապարհով, Ռուսաստանն ու Չինաստանն անհապաղ ինչ պետք է անեն

  • 07-10-2017 00:33:58   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
Իրադարձությունների զարգացման աղետալի ընթացքը կանխելու համար մեծ է Ռուսաստանի և Չինաստանի պատասխանատվությունը և անելիքը:
Լոնդոնում լույս տեսնող «Գարդիան» օրաթերթի տեղեկացմամբ, ԱՄՆ-ի նախագահի նախկին տեղակալ Ջո Բայդենը նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է Իրանի կողմից միջուկային համաձայնության հարգումը, ապա հավելել` «Անգամ Դոնալդ Թրամփի կառավարությունն է հաստատել այդ փաստը»: Ջո Բայդենն զգուշացրել է, որ Վաշինգտոնը միջուկային համաձայնությունից հրաժարվելու պարագայում, կմեկուսացվի աշխարհում:
Նշելով, որ ԱՄՆ-ը մութ ճանապարհ է անցնում միջազգային բեմում, Միացյալ Նահանգների նախագահի նախկին տեղակալն ընդգծել է, որ նոր համաձայնության թեմայով կրկին բանակցելու դեպքում, աշխարհն այլևս չի սատարի ԱՄՆ-ին: Բայդենն ասել է նաև, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունից հրաժարվելու դեպքում, ԱՄՆ-ը մեծ խնդիրներ կունենա Հյուսիսային Կորեայի հետ նմանաբնույթ բանակցություններ անցկացնելու հարցում:
Ըստ «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը երեքշաբթի օրը Սենատի զինված ուժերի կոմիտեում պատասխանելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) և այդ համաձայնությունից հրաժարվելու բացասական հետևանքների մասին Նյու Յորքի սենատոր Քրիստիան Գիլիբրենդի հարցումին, ընդգծել է, որ ԱՄՆ-ի շահերից է բխում այդ համաձայնության մեջ մնալը, քանի որ այս պահին գոյություն չունի միջուկային համաձայնությանն Իրանի անհավատարմության մասին վկայող որևէ ապացույց:
ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի պետ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդն նույն նիստում ասել է, որ Իրանի կողմից միջուկային համաձայնության որևէ խոշոր ոտնահարում չի արձանագրվել:
ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասը, Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդման համաձայն, իր թվիթերյան էջում զգուշացրել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի անհիմն կերպով դուրս գալով, Միացյալ Նահանգները կստղծի այնպիսի իրավիճակ, որ մյուս կառավարությունները հարցականի տակ դնեն ԱՄՆ-ի հետ ցանկացած պայմանագրի ստորագրում: Միջուկայն համաձայնությանը հավատրիմ մնալը Ռիչարդ Հասը նախկինում էլ լավագույն տարբերակ էր համարել ԱՄՆ-ի համար:
Ամերիկյան վերոնշյալ և այլ պաշտոնյաներից բացի, ՀԳՀԾ-ի հարցում Դոնալդ Թրամփի դիրքորոշումը չեն կիսում նաև ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները, ավելին` նրանք լրջորեն անհանգստացած են ԱՄՆ նախագահի հնարավոր քայլերից: Իրանի հետ միջուկային համաձայնագրին հետևելու կոչով, ինչպես արդեն հայտնի է, Թրամփին դիմել են Գերմանիայի կառավարությունը և Եվրոպական հանձնաժողովը:
Հիշյալ հարցում ԱՄՆ նախագահի քաղաքականությանը միանշանակ դեմ է նաև Ռուսաստանը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն ասել է, որ ՀԳՀԾ-ի իրագործումը պետք է շարունակվի նույն ձևով: Ըստ «Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման, երեկ Ղազախստանի մայրաքաղաք Աստանա այցելած ՌԴ արտգործնախարարը լրագրողներին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նախագահը հավասարակշված որոշում կկայացնի միջուկային համաձայնության հարցում:
Այնուհանդերձ, վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ առավել մեծ թափ են ստացել ՀԳՀԾ-ի ընդդիմադիրների քայլերը, որոնք ցանկանում են հասնել այդ միջազգային համաձայնության չեղարկմանը: Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնությունը` արտահայտված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով, իրագործվում է 2016 թ. հունվարից, սակայն նշված խմբի անդամ հանդիսացող ԱՄՆ-ի կառավարությունը Թրամփի պաշտոնավարության օրոք մշտապես փորձում է խափանել ՀԳՀԾ-ի իրագործման ընթացքը:
ԱՄՆ նախագահը անտեսելով, որ մեծ թվով պետություններ ու նույնիսկ իր ղեկավարած երկրի մեծաթիվ պաշտոնյաներ դեմ են Իրանի հանդեպ իր անհիմն ու թշնամական քայլերին, ՀԳՀԾ-ն համարում է սարսափելի համաձայնություն ու ձգտում է չեղարկել այն: Ըստ իրանցի պաշտոնյաների, նա ամեն առիթ ու պատրվակ օգտագործում է վերոնշյալ նպատակին հասնելու համար: Դոնալդ Թրամփն օրերս հերթական անգամ հայտարարել է, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ չէ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Սպիտակ Տանը ամերիկացի զինվորական հրամանատարների հետ երկու օր առաջ կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Շուտով կասեմ` հաստատո՞ւմ եմ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, թե ոչ»: Դոնալդ Թրամփը միաժամանակ հայտարարել է. «Մենք չպետք է թույլ տանք, որ Իրանը հասանելիություն ունենա միջուկային սպառազինությանը»:
Իսլամական հեղափոխության մառաջնորդ Այաթոլահ Խամենեին վերջերս արձագանքելով ՄԱԿ-ի ԳԱ 72-րդ նստաշրջանում Թրամփի` իրականությանը չհամապատասխանող և հակաիրանական հայտարարություններին, ընդգծել է. «Այդ խոսքերը չեն վկայում այդ երկրի հզորության մասին: Դրանք բխում են Թրամփի զայրույթից, անճարակությունից ու թեթևամտությունից: Թրամփի հակաիրանական նոր հռետորաբանությունը գնահատվում է  ՀԳՀԾ-ի վերաբերյալ վերջնական որոշում ընդունելու համար նախադրյալներ ստեղծելու շրջանակում»:
Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից Կոնգրեսին 3-րդ զեկույցը ներկայացնելու շեմին ՀԳՀԾ-ի վերաբերյալ որոշում ընդունելու համար ԱՄՆ նախագահի հակաիրանական ելույթները հուշում են, որ Միացյալ Նահանգները պատրաստվում  է չհաստատել Իրանի հավատարմությունը միջուկային գործարքին: «Վաշինգտոն Փոստ» թերթն էլ է տեղեկացրել է, որ Թրամփը ծրագրում է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալը: Դրանից հետո Կոնգրեսը 60 օր ժամանակ կունենա` Իրանի դեմ միջուկային շրջափակումները վերսկսելու համար:
Թե այդ ամենից հետո ինչ կանի Իրանը, կարծում ենք, դժվար չէ կանխատեսել: Ինքը նույնպես դուրս գալով ՀԳՀԾ-ից, Իրանն արդեն անկաշկանդ կերպով ու մեծ թափով զարկ կտա իր միջուկային ծրագրին, իսկ Իսրայելը և ԱՄՆ-ը կփորձեն թեկուզ ռազմական ճանապարհով դա թույլ չտալ, ինչը բացառված չէ, որ հանգեցնի նույնիսկ Երրորդ համաշխարհային պատերազմի: Այս առումով խնդիրը թերևս լոկ այն է, թե ԱՄՆ-ը և Իսրայելը կհամարձակվե՞ն գնալ այդ քայլին` հաշվի առնելով, որ Իրան ներխուժելու իրենց ինքնաթիռների փորձի դեպքում դրանք կխոցվեն Իրանի գնած ռուսական արտադրության C- 300 զենիթահրթիռային համակարգերի կողմից: Նկատի ունենանք նաև, որ Իրանը գնալով իր հակահրթիռային համակարգը նույնպես հզորացնում է:
Իրանի վրա հարձակվելու ԱՄՆ-ի և Իսրայելի գայթակղությունը սառեցնելու և, թերևս, ողջ աշխարհի համար իրադարձությունների զարգացման աղետալի ընթացքը կանխելու առումով, կարծում ենք, մեծ պատասխանատվություն և անելիք ունեն Ռուսաստանը և Չինաստանը, որոնք կարող են Իրանին ժամանակին վաճառել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության այնպիսի արդիական համակարգեր, որոնք կկանխեն մեր հարավային հարևանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ավիացիոն ու հրթիռային հարձակում: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play