Լոռու մարզում 408 ծառի ապօրինի հատման դեպքով ձերբակալվել է անտառապահը.ՀՔԿ


Լոռու մարզում 408 ծառի ապօրինի հատման դեպքով ձերբակալվել է անտառապահը.ՀՔԿ

  • 30-10-2017 19:41:58   | Լոռու մարզ  |  Իրավունք

Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է անտառապահը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից: 
 
2017 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում հայտնաբերել են տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպք։
 
Անտառհատման հիշյալ դեպքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից կազմված թիվ «002202» անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2017 թվականի հոկտեմբեր ամսին Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատվել է 408 հատ տարբեր տեսակի ծառ։ 
 
Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում:
 
Ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ  Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի անտառապահը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները եւ թույլ է տվել, որպեսզի առանց համապատասխան թույլտվության հատվեն տարբեր տրամաչափի՝ սոճենի, հացենի, թեղի, բալենի, թղկի տեսակի թվով 408 ծառ: Ապա՝ ապօրինի ծառահատման փաստը թաքցնելու նպատակով հանձնարարել է հողով ծածկել ապօրինի հատված ծառերի կոճղերը:
 
Նախնական հաշվարկներով պատճառված նյութական վնասը կազմում է 25.444.500 ՀՀ դրամ:
 
Անտառապահը հոկտեմբերի 29-ին  ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով:
 
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ՝ ապօրինի ծառահատումներին հնարավոր առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play