Կոչ՝ ոտքի ելած ուսանողների հետ պայքարելու և ինքնակազմակերպվելու՝ հանուն սոցիալական արդարության ու կրթության իրավունքի.ԿՔՆ


Կոչ՝ ոտքի ելած ուսանողների հետ պայքարելու և ինքնակազմակերպվելու՝ հանուն սոցիալական արդարության ու կրթության իրավունքի.ԿՔՆ

  • 15-11-2017 18:44:41   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը՝ լիովին անտեսելով հացադուլի և դասադուլի դիմած ուսանողների պահանջը, դասախոսական և փորձագիտական հատվածի ծանրակշիռ փաստարկներով ահազանգերն ու առաջարկությունները:
 
Կրթական ոլորտի վերջին զարգացումները, կրթական համակարգը փլուզելու, անդառնալի հետևանքներ պարունակող հարված հասցնելու գործելաոճը, և ընդհանրապես կառավարության որդեգրած կրթական բյուջետային քաղաքականությունը խորին մտահոգություն են առաջացնում։
 
Փաստում ենք, որ.
 
1. Այս օրինագիծն անցկացնելու համար չիրականացվեցին իրական, բազմակողմանի կարծիքների ու փորձագետների ներգրավմամբ հանրային քննարկումներ:
 
2. Ընդհանրապես չդիտարկվեցին օրինագծից բխող հետևանքները, որպիսիք են սովորելու մոտիվացիայի կտրուկ անկումը, ԲՈՒՀ ընդունվողների թվի կրճատումը, դպրոցահասակ տղաների արտագաղթը, գիտությամբ զբաղվելու և Հայաստանում մնալու մոտիվացիայի վերացումը, կրթության ռազմականացումն ու ռազմական դիսկուրսի կողմից կրթության բովադնակության գաղութացումը:
 
3. Կրթական համակարգի վնասներն ու ռիսկերը գնահատելու ուղղությամբ որևէ հետազոտություն կամ համապարփակ քննարկումներ չիրականացվեցին, չդիտարկվեց, թե ինչ ռիսկեր է պարունակում օրենսդրական նախագիծը, և ինչպես է պլանավորվում կարգավորել կամ կառավարել դրանք:
 
Հաշվի առնելով վերագրյալը և հանրության, ուսանողական, ակադեմիական գիտակից հատվածի ծանրակշիռ փաստարկներով հիմնավորված դիրքորոշման անտեսումը՝ Կրթական-քաղաքացիական նախաձեռնությունը, վերահաստատելով կրթության ֆինանսավորման կրճատման քաղաքականությունից հրաժարվելու իր հանրային պահանջը և միանալով տարկետման իրավունքի վերականգնման առկա ուսանողական պահանջին, ՀՀ կառավարությանը և ԱԺ բոլոր խմբակցություններին ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ.
 
1. Պահպանել ժողովրդավար և սոցիալական պետության սահմանադրական հիմնարար սկբունքը՝ ընդունելով տարկետման իրավունքի վերականգման վերաբերյալ հանրության պահանջը:
 
2. Դադարեցնել տարկետման իրավունքի պահպանման պահանջով հանդես եկող ուսանողների դեմ բուհերում կիրառվող վախի, ճնշումների, վարչական ռեսուրսների և արգելքների ու սպառնալիքների մեթոդների կիրառումը:
 
3. Բացառել դասադուլավորների նկատմամբ՝ ոստիկանության և այլ կառույցների կողմից ուժի և բռնության որևէ գործողության հնարավորություն:
 
4. Տրամադրել հարթակ ԿՔՆ-ի կողմից բարձրաձայնած՝ կրթության ու գիտության ֆինանսավորման վերաբերյալ հանրային պահանջի արդյունավետ և մասնակցային քննարկման համար:
 
ՈՂՋ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ ԵՆՔ  ԱՆՈՒՄ ինքնակազմակերպվել հանուն սոցիալական արդարության և կրթության իրավունքի, որը մեր երկրի զարգացման ու նաև բանակի հզորացման միակ գրավականն է, ոտքի ելած ուսանողների հետ պայքարել սոցիալական արդարության, հանրակրթության և բարձրագույն կրթության  ոլորտի համակարգային խնդիրների դեմ:
 
 
Կրթական քաղաքացիական նախաձեռնություն 
 
(Նախաձեռնությունը կրթական ոլորտի 9 մասնագիտական կազմակերպությունների, անհատ փորձագետների և 150-ից ավելի քաղաքացիների միավորում է)
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play