Գոշավանքում կվերականգնվի երբեմնի հարուստ գրադարանը և նոր թանգարան կկառուցվի


Գոշավանքում կվերականգնվի երբեմնի հարուստ գրադարանը և նոր թանգարան կկառուցվի

  • 20-11-2017 16:01:26   | Հայաստան  |  Մշակույթ

 
Գոշավանքում կվերականգնվի երբեմնի հարուստ գրադարանը և նոր թանգարան կկառուցվի: 
 
Ինչպես Գոշավանք կատարած այցի ժամանակ տեղեկացրեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, գրադարանի և թանգարանի ծրագրերը կփորձեն իրականություն դարձնել 2018 թվականին: 
 
«Գրադարանը 100 տոկոսով իրականություն կդառանա, իսկ թանգարանի էսքիզային նախագիծն արդեն ունենք. Այն կառուցվելու է Գոշավանքի առջևի հատվածի ներքին լանջում: Եթե հասցնենք, հաջորդ տարի էլ կսկսենք շինարարությունը»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ գրադարանում կգործի ընթերցասրահ, որից կկարողանան օգտվել հյուրերն ու գյուղացիները, իսկ թանգարանում կցուցադրվեն ոչ միայն հին, այլև նոր ցուցանմուշները: 
 
Նրա փոխանցմամբ՝  գրադարանում, ամենայն հավանականությամբ, ներկայացված կլինեն Մխիթար Գոշին կամ Գոշավանքին վերաբերող գրքերի կրկնօրինակներ և պատճենահանված նոր տարբերակներ, ինչպես նաև օրենսդրությանը վերաբերող նյութեր: 
 
«Թշնամական արշավանքների ժամանակ հնում մարդիկ իրենց ունեցվածքը տվել էին, որպեսզի այս գրադարանի եզակի գրականությունը չվնասեին, բայց Խորհրդային միության առաջին իսկ տարիներին երիտասարդ ակտիվիստ կոմունիստներն առաջին հերթին հենց գրադարանը հրկիզեցին։ Պատերին կարող եք տեսնել մագաղաթների այրվելուց մնացած հետքերը»,- նկատեց  Ա. Ամիրյանը: 
 
Նշենք, որ Գոշավանքը հայկական կրոնական կառույց է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Այն եղել է միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոն, որը 1188 թվականին հիմնադրել է Մխիթար Գոշը իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ: 
 
Այնտեղ գործել է բարձրակարգ ուսումնական հաստատություն, որը պատմական աղբյուրներում անվանվել է վարժապետարան, համալսարան, ճեմարան: 
Գոշավանքի վարդապետարանում դասավանդել են հայոց և օտար լեզուներ (հունարեն, լատիներեն), քերականություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, երաժշտություն, գրչության արվեստ, նկարչություն: 
Այստեղ կրթվել և գործել են Կիրակոս Գանձակեցին և Վանական Վարդապետը, որոնք հետագայում իրենց հիմնած դպրոցներում շարունակել են Գոշավանքի վարժապետարանի ավանդները: Գոշավանքում ընդօրինակվել և ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք պահվել են վանքի գրատանը:
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play