Զգայուն վիճակ. Դիվերսիա Հայաստանի եւ Պուտինի դեմ


Զգայուն վիճակ. Դիվերսիա Հայաստանի եւ Պուտինի դեմ

  • 21-11-2017 17:31:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսական Զվեզդա հեռուստաալիքը Youtube-ից հեռացրել է Հայաստանում աղմուկ հանած հաղորդումը, որում մի քանի րոպե անդրադարձ կար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին:
 
Այդ անդրադարձում Հայաստանի իշխող կուսակցությունը գրեթե մեղադրվում էր ֆաշիզմի համար, քննադատության էր ենթարկվում Նժդեհի արձանի տեղադրումը, իսկ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի վերաբերյալ արվում էր ագրեսիվ ու սպառնալից հարցադրում, թե արդյոք Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով:
Հաղորդումը Հայաստանում դարձավ հանրային մեծ ուշադրության եւ աղմուկի առարկա: Բայց իշխանության մակարդակում կարծես թե գերակշռեց լռությունը: Այդուհանդերձ, ռուսական հեռուստաալիքը հեռացրեց իր հաղորդումը Youtube-ից: Դա հանրայի՞ն շրջանակում աղմուկի պատճառով էր, թե՞ հիմնականում պահելով լռություն, Հայաստանի իշխանությունն այդուհանդերձ աշխատել է ռուսական կողմի հետ, եւ հաղորդման հեռացումը համացանցից այդ աշխատանքի արդյունքն է: Չի բացառվում, որ կա թե հանրային ազդեցության, թե իշխանության միջամտության գործոնը:
Այդուհանդերձ, իրավիճակը շարունակում է լինել խնդրահարույց: Բանն այն է, որ Զվեզդան պատահական հեռուստաալիք չէ: Այն պատկանում է ՌԴ պաշտպանության նախարարությանը: Ավելորդ է խոսել ալիքի խմբագրական քաղաքականության բնույթի, ուղենիշերի մասին:
Առաջանում է հարց, թե արդյոք Հայաստանի վերաբերյալ անդրադարձը պատահականություն կամ խմբագրակազմի ինքնագործունեություն էր: Համացանցից հեռացումը խնդրի ընդամենը մի փոքր մասն է, այսբերգի տեսանելի մասը: Մինչդեռ Հայաստանի համար կարեւոր է հասկանալ, թե ինչքան է այսբերգի ջրի տակ գտնվող մասը, քանի որ սովորաբար այն լինում է շատ ավելին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող հեռուստաալիքով եթեր է հեռարձակվում Հայաստանի հանդեպ հակադաշնակցային եւ ոչ բարեկամական բնույթի անդրադարձ, որը պարունակում է Հայաստանի ինքնիշխանությանը միջամտության շոշափելի տարր: Ըստ այդմ կարեւոր է պարզել, թե ո՞վ է դրա պատասխանատուն:
Զվեզդա հեռուստաալիքը ոչ միայն պետք է հեռացնի հաղորդումը համացանցից, այլ նաեւ պաշտոնապես ներողություն խնդրի Հայաստանի հանրապետության քաղաքացիներից:
Ի վերջո, անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞վ է պատասխանատու տեղի ունեցածի համար: Եթե հաղորդման հեղինակային խումբը, ապա հարց է առաջանում՝ միթե Հայաստանի հանրապետության հանդեպ կա այդօրինակ այսպես ասած բարձիթողի վերաբերմունք, երբ ՊՆ պաշտոնական հեռուստաալիքի աշխատակազմը բացարձակապես չի մտահոգվում եւ չի փորձում ճշտել, թե ռազմավարական դաշնակից երկրի հանդեպ այդօրինակ արձագանքը որքանով է նպատակահարմար եւ ինչ խնդիր կարող է առաջացնել ասենք հայ-ռուսական հարաբերության համար: Մեղմ ասած դժվար է հավատալ, որ խմբագրակազմը այդ աստիճան ոչ կոմպետենտ է, խնդրի նրբությունը չհասկանալու համար: Ըստ այդմ, եթե անգամ չի եղել պաշտոնական հանձնարարություն, ապա խմբագրակազմը նվազագույնը վստահ է եղել, որ այդօրինակ արձագանքով չի անցնում թույլատրելիի սահմանը: Հետեւաբար, այստեղ նվազագույնը առկա է այդ խնդիրը՝ Հայաստանի հանդեպ փաստորեն առկա է «թույլատրելիի» անթույլատրելի «բարձր» նշաձող:
Մյուս տարբերակն այն է, որ Ռուսաստանի ՊՆ հեռուստաալիքով կարող է Հայաստանի հանդեպ անդրադարձեր պատվիրել ասենք Ադրբեջանը, վճարել ու վայելել: Այսինքն, եթե դա խմբագրակազմի «թույլատրելի» ինքնուրույնություն չէ, եթե պաշտոնական հանձնարարություն չէ, ապա մնում է պարզապես վճարովի պատվերի տարբերակը, որը առնչվում է նաեւ պարզապես պատվիրված տեղեկատվական դիվերսիայի հետ: Ընդ որում, Ադրբեջանը կարող է չլինել ուղղակի պատվիրատուն, այլ անել դա ասենք Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում իր գործընկեր կամ դաշնակից շրջանակի հետ: Ըստ այդմ հարց է առաջանում, թե մինչեւ ո՞ր մակարդակն է հասնում Ադրբեջանի դաշնակիցների կազմը: Օրինակ, դա հասնու՞մ է նախարար Շոյգուի մակարդակ:
Նոյեմբերի 20-ին Բաքու, հետո նույն օրը երեկոյան Երեւան է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երբ Լավրովը 2016 թվականի ապրիլի 22-ին ժամանեց Երեւան, Սերժ Սարգսյանը նրան հարց տվեց ապրիլի պատերազմի մասին, թե՝ ասացեք, ինչու՞ այդպես եղավ, մենք գիտենք, թե ինչու, բայց ուզում ենք լսել նաեւ ձեր կարծիքը: Արդյոք Սերժ Սարգսյանը նոյեմբերի 21-ին Լավրովի հետ հանդիպմանը կհամարձակվի կամ կնախընտրի նույնը հարցնել ՌԴ ՊՆ հեռուստաալիքով Հայաստանի վերաբերյալ ագրեսիվ արձագանքի մասին՝ ասացեք խնդրեմ, ինչու՞ այդպես եղավ: Չէ՞ որ դա էլ տեղեկատվական պատերազմ է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի դեմ:
Եվ արդյոք Արցախի խնդրում մերժելով Ադրբեջանին, մի շարք հանգամանքների պատճառով, Ռուսաստանը Բաքվին սիրաշահելու համար պատրաստակամ է Հայաստանի համար խնդիրներ առաջացնել ԵՄ հետ համաձայնագրի հարցում: Այսինքն, Բաքուն Մոսկվային խնդրում է, որ եթե Արցախի հարցում չկա աջակցության հնարավորություն, ապա գոնե թույլ չտան Երեւանին եվրատլանտյան բեւեռի հետ հարաբերության հարցում Ադրբեջանից էապես անցնել առաջ:
Թե՞ Ռուսաստանը պաշտոնապես այդպիսի հարց չի քննարկում Բաքվի հետ, բայց կան Ռուսաստանի տնտեսա-քաղաքական իշխող շրջանակներ, որոնք Ադրբեջանի հետ շահերի բերումով ցանկանում են ազդել Կրեմլի քաղաքական որոշման վրա եւ հասնել նրան, որ ստանան Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը վտանգ դիտարկող որոշում:
Իհարկե այդ տեսանկյունից Հայաստանի իշխանությունը գուցե նախընտրում է ներկայիս փուլում գործել շատ զգույշ եւ չբարձրաձայնել սուր հարցեր, որոնք կարող են առաջացնել լարում Մոսկվայի հետ հարաբերությունում: Չի բացառվում, որ նաեւ հենց այդ լարումն է տեղեկատվական սադրանքի նպատակներից մեկը: Այդ իմաստով անկասկած անհրաժեշտ է գործել աշխույժ, բայց զգույշ՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մոսկովյան հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար: Աներկբա է, որ դրա ուղղությամբ աշխատում է ադրբեջանա-ռուսական որոշակի ակտիվ լոբբինգ, որը ներառում է ՌԴ իշխանության բավական ազդեցիկ շրջանակներ: Ընդ որում, նրանց համար խնդիրը կարող է լինել ոչ միայն Ադրբեջանի հետ «բիզնես» շահը, այլ նաեւ հենց Ռուսաստանի իշխանության խնդիրը 2018-ին:
Պուտինն ըստ ամենայնի կառաջադրի իր թեկնածությունը, սակայն դրանով իհարկե հարցն ինքնաբերաբար չի լուծվում, քանի որ շատ կարեւոր է, թե ինչ հենքի եւ ինչ խմբերի ու շրջանակների վրա է կառուցելու Պուտինն իր նախագահական չորրորդ ժամկետը, ումից է փորձելու ազատվել: Իսկ այստեղ, որքան էլ տարօրինակ լինի, էական նշանակություն է ունենալու Ռուսաստանի հարաբերությունն Արեւմուտքի հետ եւ արտաքին քաղաքական հետաքրքրությունների սահմանագծում նվազագույնը մարտավարական վերանայումները, այդ թվում եւ Կովկասում:
Պուտինը ոչ թե ավելի բարի է կամ անշահախնդիր, քան այլ շրջանակներ, այլ պարզապես լիովին տարբեր են որպես նախագահ եւ ՌԴ իշխանության համար գլխավոր պատասխանատու նրա եւ ավելի ներքեւ գտնվող այլ շրջանակների խնդիրները: Ըստ այդմ առաջանում է մոտեցումների տարբերություն, այդ թվում Հայաստան-ԵՄ հարաբերության մասով: Շրջանակային համաձայնագրի գործընթացը այդ տեսանկյունից Ռուսաստանի իշխանության խնդրին առնչվող գործընթաց է, այդ խնդրի կառավարման հնարավորություն Պուտինի համար: Ամենեւին զարմանալի չէ, որ Ռուսաստանի տնտեսա-քաղաքական իշխանության տարբեր խմբեր դրանում տեսնում են Պուտինի լարվածության որոշակի լիցքաթափման հեռանկար եւ ըստ այդմ՝ նրա համար իրենց այսպես ասած արդիականության կորստի շոշափելի վտանգ, ինչից խուսափելու համար փորձում են տորպեդահարել Հայաստան-ԵՄ գործընթացն ու դրա հանդեպ Պուտինի լոյալությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play