ՀՀԿ-ն հրաժարվում է արժանավույնս գնահատել մեր իրական պատմությունը և այն կերտողներին․ (Տեսագրություն)


ՀՀԿ-ն հրաժարվում է արժանավույնս գնահատել մեր իրական պատմությունը և այն կերտողներին․ (Տեսագրություն)

  • 27-11-2017 18:08:05   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀԿ-ն հրաժարվում է արժանավույնս գնահատել մեր իրական պատմությունը և այն կերտողներին: Նման կարծիք նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամները՝ անդրադառնալով Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցի անվանակոչման վերաբերյալ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության առաջարկին: 
 
Նշենք, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառված որոշման նախագծով առաջարկվում է ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչվել Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը, մինչդեռ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունն առաջարկել էր Լենինգրադյան փողոցն անվանակոչել Ազգալդյանի անունով: 
 
Ըստ Տիգրան Արեգունու՝ նախաձեռնությունն ավագանու ՀՀԿ խմբակցության առաջարկը մերժում է այն պատճառով, որ նշյալ ճանապարահահատվածը հանդիսանում է չորրորդ կարևորության փողոց: 
 
Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. 
«Մենք կտրականապես մերժում ենք Լեոնիդ Ազգալդյանի անվամբ որևէ, նույնիսկ երկրորդային փողոցի անվանակոչումը: Սա համարում ենք «պծիչկա» դնելու մոտեցում և հասարակական պահանջը վիժեցնելու քաղաքականություն: 
 
Այսպիսով` արձանագրում ենք, որ ՀՀԿ-ն այս անցուդարձի ընթացքում շարունակ նշելով պատմության կարևորության մասին, փաստորեն հրաժարվում է արժանավույնս արժևորել մեր իրական պատմությունը և այդ պատմությունը կերտողներին: 
 
Իրականում Լեոնիդների անունը երկրորդելով՝ հենց իրենք են հայտնվում վատ իրավիճակում, քանի որ ազգը ճիշտ գնահատում է իր հերոսին և նաև այդ հերոսին նսեմացնելու փորձ անողներին: 
 
Կոչ ենք անում Երևանի քաղաքի ավագանուն զերծ մնալ Լեոնիդ Ազգալդյանի անվամբ որևէ երկրորդային փողոցի անվանակոչում անելու գործընթացից և այդ առաջարկը հանել ավագանու նիստի օրակարգից: 
Նաև հաշվի առնելու հասարակական պահանջը, որը դրսևորվել է թե մոտ 9000 ստորագրությունների տեսքով, թե վերջերս Երևանի կենտրոնում կայացած բազմամարդ երթով, կոչ ենք անում լսել ժողովրդի պահանջը և իրականացնել համարժեք անվանակոչություն: 
 
Մաղթում ենք ձեզ վերոնշյալ պահանջի բավարարման իրականացման կամք: Իսկ Հայաստանին՝ արժանի և պետական բարձր մտածողություն ունեցող վերնախավ»: 
 
Տ. Արեգունու խոսքերով՝ սա այն խնդիրը չէ, որի լուծման համար պետք է նախաձեռնությունը մարդկանց դուրս բերի փողոց՝ ի նշան բողոքի, հետևաբար իրենք հույս ունեն, որ վաղ թե ուշ Հայաստանը կունենա այնպիսի իշխանական վերնախավ, որը կամք կդրսևորի և ըստ արժանվույն կգնահատի Լեոնիդ Ազգալդյանին:  
 
Իր հերթին նախաձեռնության մեկ այլ անդամ Լևոն Զաքարյանը նշեց, որ եթե Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության առաջարկը համարժեք է Հայ Մեծերի անունով փողոցներ անվանակոչելուն, ապա թող Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածն անվանակոչեն Տարոն Մարգարյանի անունով, քանի որ վերջինս դիմանկարը ևս կա մայրաքաղաքի Հայ Մեծերին նվիրված  պաստառներում: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն