Թուրքիայում լույս է տեսել հակահայկական հոդվածներից բաղկացած պատմակեղծարարության հերթական օրինակը


Թուրքիայում լույս է տեսել հակահայկական հոդվածներից բաղկացած պատմակեղծարարության հերթական օրինակը

  • 29-11-2017 13:39:22   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում «Պանդորա» հրատարակչությունը լույս է ընծայել մի քանի թուրք պատմակեղծարարների հեղինակած հոդվածների ժողովածուն` թուրքական պաշտոնական պատմագրության ներկայացուցիչներից Ֆերուդուն Աթայի խմբագրությամբ: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով հիշյալ հրատակչության պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկության վրա:
 
Աղբյուրի համաձայն` «1915-ով կաշկանդված պատմությունը» վերնագիրը կրող սույն գրքի առաջաբանում խմբագիր Ֆերուդուն Աթան գրում է, թե «մինչ 1915 թ. Թուրքիայի տնտեսական ու մշակութային կյանքում միշտ բարձր դիրք զբաղեցրած հայերը Օսմանյան պետության թուլացմանը զուգահեռ` օգտագործվել են մեծ տերությունների կողմից, որոնք հայերին հրահրել են օսմանյան իշխանությունների դեմ»: «Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ Օսմանյան պետությունը կենաց-մահու պայքար էր մղում, հայերի մի մասը, պետության թշնամիների հետ համագործակցելով, անդառնալի գործողություններ է ձեռնարկել և անպաշտպան մարդկանց դեմ կոտորածներ իրականացրել: Սույն գրքում խիստ արժեքավոր հոդվածների հեղինակ ուսումնասիրողները, սկզբնական շրջանից մինչ օրս թուրք-հայկական հարաբերություններին անդրադառնալով, նպատակադրվել են իրենց նպաստն ունենալ այս ոլորտում արված ուսումնասիրությունների մեջ», մասնավորապես գրում է Ֆերուդուն Աթան:
 
Հիշեցնենք, որ 1919-1921 թթ. երիտթուրքերի դատավարության թեմային ևս անդրադարձած այս պատմակեղծարարը 2005 թ. Թուրքիայում տպագրված «Տեղահանության դատավարությունները գրավյալ Ստամբուլում» վերնագրով իր աշխատության մեջ փորձ էր անում խեղաթյուրել նաև դատաքննություններին առնչվող բազմաթիվ փաստեր կամ այլ մեկնաբանություններ տալ դրանց: Ֆերուդուն Աթայի վերոհիշյալ աշխատության վերնագիրն անգամ բավարար է` ցույց տալու համար, թե ինչ նպատակ են հետապնդել Թուրքական պատմագիտական ընկերությունը և գրքի հեղինակը` այս մենագրությունը հրատարակելով: Վերնագրում իսկ ընդգծվել է, թե սույն դատաքննություններն իրականացվել են Դաշնակից պետությունների, հատկապես` Մեծ Բրիտանիայի ճնշման ներքո, որոնց վերահսկողության տակ էր գտնվում Ստամբուլը տվյալ ժամանակահատվածում: Այնինչ հարկ է նշել, որ անկախ այն փաստից, որ տվյալ ժամանակաշրջանում Թուրքիան կախյալ է եղել մեծ տերությունների կամքից, այս դատավարությունները կայացել են օսմանյան կառավարության և սուլթանի որոշման համաձայն, և դատաքննությունների փաստաթղթերը բացարձակապես չեն կորցնում իրենց վավերականությունը: Վերոհիշյալ մենագրության մեջ Ֆերուդուն Աթան միտումնավոր կերպով աչքաթող է անում այն փաստը, որ այս դատական գործերը հարուցվել են ոչ միայն հայերի տեղահանման (Tehcir), այլ նաև` զանգվածային կոտորածների (Taktil) մեղադրանքով: Բացի այդ` Ֆերուդուն Աթան այս դատաքննություններին է անդրադառնում միայն պաշտոնական պատմագրությանը ձեռնտու դիտանկյունից` աղճատելով բազմաթիվ փաստեր: Օրինակ` նա պնդում է, թե իբր դատական նիստերում մեղադրյալների դեմ ուղղված ցուցմունքներով հանդես են եկել միայն ազգությամբ հայ վկաները, որոնք ուղղորդվել են վրեժխնդրության զգացումով: Այնինչ, Օսմանյան կայսրության տարբեր շրջանների հայերի տեղահանության և կոտորածների դատաքննությունների նիստերում հանդես են եկել ոչ միայն հայ, այլև` բազմաթիվ թուրք և այլազգի, անգամ` մինչև նախարարի և նահանգապետի մակարդակով մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ: Թուրք և օտարազգի վկաների առատությամբ հատկապես աչքի է ընկել Տրապիզոնի հայերի տեղահանության և կոտորածների դատավարությունը:
 
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ Ֆերուդուն Աթայի խմբագրությամբ լույս տեսած «1915-ով կաշկանդված պատմությունը» հոդվածների ժողովածուն ևս  պատմակեղծարարության հերթական օրինակն է, որի նպատակն է ոչ թե պատմության իրական դեպքերը վերլուծելը, այլ` թուրքական պաշտոնական պատմագրությանը հատուկ կերպով պատմությունը խեղաթյուրելը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play