Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան նախապատրաստվում է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը (տեսանյութեր)


Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան նախապատրաստվում է Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը (տեսանյութեր)

  • 23-01-2018 13:58:59   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիան պատրաստվում է Երևանում ընդունել Եվրոպայի առաջնության մասնակից 25 պետությունների շուրջ 700 մարզիկներին: Հինգ օր տևողությամբ աննախադեպ մարզական միջոցառումը մեկնարկելու է ապրիլի 7-ին: 
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, ինչպես 2017 թվականը, այնպես էլ 2018-ը հագեցած է լինելու մարզական տարբեր միջոցառումներով՝ որակավորման քննություններ, բացօթյա մարզումներ, ընկերական հանդիպումներ, ցուցադրական ելույթներ, մարտարվեստների փառատոն, միջազգային մրցաշարեր, սեմինար-պարապմունքներ, որոնք կանցկացվեն մարզերում և Երևանում: 
 
Ամփոփելով 2017 թվականը՝ նա նշեց, որ ֆեդերացիայի համար նախորդ տարվա կարևորագույն ձեռքբերումներից էր ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության կողմից պետական հավատարմագրումը, ինչը նշանակում է, որ այսուհետ Հայաստանը տարբեր երկրներում պատվով ներակայացրած մարզիկները համապատասխան դրամական պարգևներ կստանան, կունենան կոչումներ, նաև կօգտվեն չորս տարի ժամկետով բանակում ծառայությունը հետաձգելու հնարավորությունից: 
 
«2017 թվականի սկզբին  Բեռլինում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները գրանցեցին հաջողություններ. Պատվիրակությունը մեկնեց 15 հոգուց բաղկացած կազմով, որից 11-ը մարզիկներն էին: Այդ մրցաշարում մենք ունեցանք հաղթանակներ՝ Գևորգ Գևորգյանը գրավեց 1-ին տեղը, իսկ Հովհաննես Կալբուխյանը՝ 2-րդ»,- նշեց Ա. Հակոբյանը՝ շեշտելով, որ ֆեդերացիայի մարզիկները բարձր են պահել Հայաստանի պատիվը նաև Թբիլիսիում կայացած ամենամյա Կովկասի առաջնությանը՝գրանցելով հետևյալ արդյունքները՝ իննը 1-ին, երեք 2-րդ և յոթ 3-րդ հորիզոնականներ:
 

Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ 2017 թվականի մեծագույն ձեռքբերումներից է նաև Թայլանդում կայացած 10-րդ բացարձակ կարգի Աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Սարգսյանի հաղթանակը: 
 
Ա. Հակոբյանի փոխանցմամբ՝  Հայաստանում գործող բոլոր ոճերի կարատեների ասպարեզում առաջին անգամ հայ մարզիկին՝ Հովհաննես Սարգսյանին, շնորհվել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում:
 
«2018 թվականին համոզված եմ, որ մեծահասակների թիմն ավելի կուժեղանա, կաճի քանակական առումով: Մեզ մոտ սովորաբար պատանի մարզիկների թիվը շատ է եղել, և գալիս հասնում էր մի պահ, երբ այլևս առաջընթացի տեղ չկար, մարզիկները լավագույն դեպքում կարող էին աշխատել՝ որպես մարզիչ: Իսկ հիմա, երբ կա պետական հովանավորչություն, հայրենիք հաղթանակներով վերադարձած մարզիկները խրախուսվելու են»,- նկատեց Ա. Հակոբյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ, մինչև այս տարի մարզիկների՝ օտար երկրներում կայացած մրցույթներին մասնակցությունը՝ ներառյալ կացությունը և տեղափոխությունը, կազմակերպվել է բացառապես ֆեդերացիայի միջոցներով: 
 

 
Նպատակ ունենալով ապահովել վերոնշյալ սպորտաձևի մասայականացումը՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատասխանատուն գտնում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից և տարիքից պետք է ֆիզիկապես ուժեղ լինի և պաշտպանված, որպեսզի կյանքի դժվարություններին հանդիպելիս՝ չկոտրվի ու կարողանա ինքնուրույն առաջ գնալ:  
 
Ա. Հակոբյանն ուրախությամբ փաստեց, որ կիոկուշին կարատեի նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն է առաջացել նաև կանանց շրջանում, ինչը վկայում է ոչ միայն պաշտպանված լինելու կանանց ցանկության, այլև տարիներ ի վեր ձևավորված կարծրատիպերի կոտրման մասին:  
 

 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play