Ինչպե՞ս է հաջողվել Արա Աբրահամյանին «պլստալ» «Կրեմլի ցուցակից»


Ինչպե՞ս է հաջողվել Արա Աբրահամյանին «պլստալ» «Կրեմլի ցուցակից»

  • 31-01-2018 16:31:19   | Ռուսաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ Ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլի ցուցակը», որում Պուտինի այսպես ասած մոտ ու հեռու շրջանակն է, որն էլ ենթակա է ամերիկյան հնարավոր պատժամիջոցների, Հայաստանում մեծ ուշադրության արժանացավ դրանում առկա երեք հայերի համար:
 
Ցուցակում են Տաշիր գրուպի սեփականատեր, ըստ Ֆորբսի ամենահարուստ հայը հանդիսացող Սամվել Կարապետյանը, Ռոսգոստրախի հիմնադիր, միլիարդատեր Դանիիլ Խաչատուրովը, նաեւ Ռուսաստանի խոշորագույն Մագնիտ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկին, որն այսպես ասած նախնական ազգանունով Հարությունյան է:
Ներկայում փորձագետները, մեկնաբանները ձգտում են հասկանալ, թե ԱՄՆ Ֆիննախը ինչ սկզբունքով է կազմել այդ ցուցակը: Հրապարակված մոտեցումն այն է, որ դրանում ընդգրկված են անձինք, որոնք «Պուտինի փողերն» են պահում, ֆինանսավորում են նրա քաղաքականությունը, մասնակցում են դրա իրագործմանը եւ այլն:
Այդ տեսանկյունից, ռուսական Դոժդ հեռուստաալիքը հրապարակել է Արեւելյան Եվրոպայի հարցերի մասնագետ, Ատլանտյան խորհրդի փորձագետ, «Կրեմլի ցուցակի» կազմման համար խորհրդատվություն իրականացրած Անդերս Օսլունդի կարծիքը, որը հայտարարել է, թե նախնական ցուցակում պետք է լինեին ռուսաստանցի գործարարների անուններ, որոնք իրենց կարողությունը կուտակել են Կրեմլի աջակցությամբ: Սակայն վերջին պահին, ըստ Օսլունդի, մի բարձրաստիճան պաշտոնյա՝ ոչ ոք չգիտե, թե ով, մի կողմ է դրել փորձագետների աշխատանքը եւ դրա փոխարեն գրել է ՌԴ նախագահի աշխատակազմի եւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, ինչպես նաեւ Ֆորբսի ցանկում տեղ գտած 96 միլիարդատերերի անուններ:
Օսլունդը ասում է, որ նախնական ցուցակի իմաստը պետք է լիներ ՌԴ վերնախավում ճաք առաջացնելը, սակայն ի վերջո հրապարակված ցուցակը իրականում լրիվ հակառակ ազդեցությունը կունենա՝ կբյուրեղացնի վերնախավը եւ ավելի ձեռնտու է Պուտինին:
 
Հրապարակված «Կրեմլի ցուցակը» հարցեր իրապես առաջացնում է, թեկուզ հենց «հայկական փոքր» մասով: Օրինակ, դրանում կա երեք հայ, սակայն դրանց շարքում չէ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը գործնականում, դե ֆակտո չի էլ թաքցրել, որ պուտինյան քաղաքականության էմիսար է, առնվազն «հայկական աշխարհում»: Արա Աբրահամյանը հայտարարել է, որ Պուտինը միշտ ճիշտ է:
Տարօրինակ է, թե ի՞նչ չափանիշով է կազմվել «ցուցակը», եթե Սամվել Կարապետյանը դրանում կա՝ որի հայաստանյան 1 միլիարդ դոլարի ծրագրերի շնորհանդեսին ընդամենը երկու-երեք ամիս առաջ նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր մասնակցում, իսկ Արա Աբրահամյանը չկա:
Ինչպե՞ս է հաջողվել Աբրահամյանին «պլստալ» «Կրեմլի ցուցակից», երբ իր գործունեությամբ եւ հրապարակային հայտարարություններով թերեւս ուներ այդ ցուցակում հայտնվելու բոլոր շանսերը:
Մյուս կողմից, իրավիճակը հետաքրքիր է այլ տեսանկյունից: Բավական ուշագրավ հայտարարություն էր արել ՌԴ վարչապետ Մեդվեդեը, երբ նրանից մեկնաբանություն էին հարցրել «ցուցակի» վերաբերյալ, որում կա նաեւ իր անունը: Նա հայտարարել էր, թե «ցուցակում» չլինելը աշխատանքից ազատվելու հիմք է:
 
Այսինքն, հակառակ կողմից նայելով իրողությանը, նշմարվում է այլ «ճաքի» ուրվագիծ: Եթե հրապարակվում է ամբողջ տնտեսա-քաղաքական վերնախավը ներառող ցուցակ, ապա ՌԴ իշխող այդ վերնախավում հարցեր են առաջանում «ցուցակից դուրս» մնացողների կապակցությամբ: Ինչպես հայտնի ֆիլմում՝ «Զարմանալի մարդ եք, Ալեքսան Իվանովիչ, ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, իսկ դուք դեռ ազատության մեջ եք»:
«Զարմանալի մարդ եք, Արա Արշավիրովիչ», կարող է Արա Աբրահամյանին մի օր հարցնել Պուտինը՝ «ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, իսկ դուք ցուցակում չկաք»:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play