Փաստաբանների նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ նախագահին
14-02-2018 18:20:39 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության
Նախագահ՝ պարոն Սերժ Սարգսյանին
Ներքոստորագրյալ փաստաբաններից՝
Հասցե՝ ք.Երևան, Զաքյան 7-2
14.02.2018թ.
Մեծարգո Նախագահ,
2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովը 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ ձայներով ընդունել է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանող նորմեր պարունակող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ փաթեթով:
Փաստաբանների նախաձեռնող խումբը բարձրաձայնել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթում դատական տուգանքի վերաբերյալ դրույթներ և, ևս երկու նոր օրենքների նախագծեր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի խախտմամբ ներառելու և քննարկելու հարցը:
Նշված խախտումների վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի նիստում իրենց քննադատող դիրքորոշումներն են հայտնել երեք խմբակցությունների պատգամավորներ:
Գտնում ենք, որ Նախագիծը՝ փաթեթով, ընդունվել է հետևյալ խախտումներով.
1. ՀՀ կառավարությունը ՀՀ քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:
Նույն սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա:
Այս և սահմանադրական օրենքի մյուս իմպերատիվ կարգավորումները նպատակ ունեն կանխատեսելի դարձնել օրենքի նախագծի քննարկման և ընդունման ճանապարհը:
Տվյալ դեպքում, ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվելու ժամանակ, Նախագծի փաթեթում ընդգրկված էին լրացուցիչ 8 օրենքների նախագծեր, որոնց ցանկում առկա չեն եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նոր նախագծեր):
ՀՀ Ազգային ժողովի կողմից Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, և փաթեթում ներառված Նոր նախագծերը համարվում են քննարկված (ընդունված) մեկ ընթերցմամբ, ինչը հակասում է վերոհիշյալ սահմանադրական օրենքի պահանջին:
Որևէ այլ օրենք կամ ՀՀ Ազգային ժողովի որոշում չի կարող սահմանադրական օրենքով սահմանված այս կարգը փոփոխել կամ անտեսել:
Հետևաբար, վերոհիշյալ պահանջների խախտմամբ ընդունված «օրենքը» չի կարող բավարարել պարտադիր վարքագծի կանոններ պարունակող օրենք տեսակի իրավական ակտին ներկայացվող պահանջները:
2. Բացակայում է Նախագծի՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի սահմանման անհրաժեշտությունը
Խնդրահարույց է փաստաբաններին դատական տուգանքի ենթարկելու օրենսդրական փոփոխությունը որևէ կերպ չհիմնավորելու և չմեկնաբանելու ՀՀ կառավարության մոտեցումը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը պետք է Ազգային ժողով ներկայացներ նախագծի ընդունման հիմնավորումը, որտեղ նշվում են առկա խնդիրները, առաջարկվող կարգավորումները և ակնկալվող արդյունքները: Հիմնավորում ներկայացնելու համար պետք է առնվազն ուսումնասիրվեր փաստաբանների պալատի խորհրդի կողմից քննված կարգապահական գործերի վիճակագրությունը և կայացված որոշումների որակը, ինչպես նաև դատական համակարգի վերլուծությունն այն մասին, թե գործող իրավակարգավորումը բավարար չէ, արդյոք հավասարակշռված դատավարություն իրականացնելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում առաջին ընթերցումից հետո ավելացված` փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը:
Օրինակ՝ 2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քննված 125.500 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ, իսկ 2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 137.399 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 2 փաստաբանի նկատմամբ:
3. Դատական տուգանքը կարող է վտանգել փաստաբանի անկախությունը
Նախաձեռնող խումբը բազմիցս իր մտահոգությունն արտահայտել է փաստաբանների նկատմամբ որպես սանկցիա տուգանք կիրառելու լիազորությամբ դատարաններին օժտելու կարգավորումների վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ դատարաններին փաստաբանների նկատմամբ նման լուրջ լծակի վերապահումը կարող է բացասաբար ազդել Հայաստանում փաստաբանության ինստիտուտի անկախության և փաստաբանների ինքնակառավարման կառուցակարգերի հետագա կայացման գործընթացի վրա՝ դառնալով փաստաբանների վրա ճնշումներ գործադրելու առիթ և միջոց:
Փոփոխությունը վտանգում է փաստաբանի ինստիտուտի անկախության և փաստաբանի՝ որպես «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձի մասնագիտական ինքնուրույնությունը:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան:
ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից 1990թ. ընդունված «Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ»-ի՝
-16-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ Կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները դատական հետապնդման և դատական, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատասխան ցանկացած գործողության համար, ինչպես նաև չենթարկվեն նման հետապնդման և պատժամիջոցների սպառնալիքների.
-20-րդ կետի համաձայն՝ փաստաբանները օգտվում են քաղաքացիական և քրեական անձեռնմխելիությունից համապատասխան հայտարարությունների առնչությամբ, որոնք բարեխղճորեն արված են դատարանին` գրավոր միջնորդագրերի կամ դատարանում բանավոր ելույթների ձևով կամ դատարանում, տրիբունալում կամ իրավաբանական կամ վարչական այլ մարմնում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում:
Փաստաբանները պետք է դատարաններում գործեն անկախ և անկաշկանդ՝ իրենց մասնագիտական գործունեության չափանիշներին համապատասխան, իսկ նման պայմաններով դատական տուգանք նախատեսելու դեպքում կվտանգվի փաստաբանների անկախությունը և իրենց վստահորդներին եռանդուն կերպով պաշտպանելու փաստաբանների ազատությունը:
4. Փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի կիրառման հետ կապված այլ փաստարկներ
4.1. Քննարկվող իրավակարգավորումների ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում, որը հանդիսանում է մայրցամաքային իրավական համակարգի երկիր, որդեգրվել է նախադեպային իրավունքի համակարգի երկրի մոտեցում՝ առանց հաշվի առնելու պատմաիրավական և դատական համակարգի զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները:
4.2. Վերացական և լայն ձևակերպումների պատճառով պահպանված չեն իրավական որոշակիության պահանջները: Այդ տեսակետից դատական սանկցիա կիրառելու ինստիտուտի և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության միջև եզրերը և կիրառության դեպքերը հստակ չեն:
4.3. Դատական տուգանքն իր բնույթով և խստությամբ կարող է համարվել քրեական պատիժ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի լույսի ներքո, իսկ դատական տուգանք կիրառելու ժամանակ ապահովված չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված բոլոր երաշխիքները:
4.4. Փաստաբանի նկատմամբ կիրառության համատեքստում սահմանված չեն առանձնահատկություններ և լրացուցիչ երաշխիքներ, ինչի պարագայում կարող է տուժել փաստաբանի պրոֆեսիոնալ աշխատանքը, ինքնուրույն գործելու մասնագիտական ազատությունն ու անկախությունը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի (2005թ. խմբագրությամբ) 2-րդ կետի երկրորդ պարբերության պահանջը՝
խնդրում ենք
ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և փաթեթի մեջ ներառված օրենքները համապատասխան առարկություններով և առաջարկություններով վերադարձնել ՀՀ Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: