Ընդդիմադիր ուժերը պետք է ավելի նպատակաուղղված գործունեություն իրականացնեն, ոչ թե քաղաքապետի կյանքը դժոխքի վերածեն


Ընդդիմադիր ուժերը պետք է ավելի նպատակաուղղված գործունեություն իրականացնեն, ոչ թե քաղաքապետի կյանքը դժոխքի վերածեն

  • 15-02-2018 16:01:49   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը
 
 
 
-Պարոն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը։ Արդեն Տարոն Մարգարյանի հրաժարականի կոչեր են հնչում։ Որքանո՞վ է այս միջադեպը հարված իշխանությանը։
 
 
 
-Հարվածի մասին խոսք չկա, որովհետև Հայաստանում ընտրություններ չկան, ընտրությունները ավարտվել են, իսկ հաջորդը կլինի 2022 թվականին։ Բացի այդ, Հայաստանում ընտրությունների ինստիտուտը որպես այդպիսին այլևս չի աշխատում։ Հետևաբար, այդ ինստիտուտի բնորոշ տարրերը, ինչպիսին է կուսակցությունների վարկանիշը, նույնպես նշանակություն չունեն, նույնպես չաշխատող հասկացություններ են։ Ընդհանրապես կուսակցությունների վարկանիշը որոշվում է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով, ու եթե այդ ինստիտուտը, այդ ջերմաչափը չկա, դու չես կարող ասել՝ որևէ քայլ կուսակցության հեղինակությանը հարված է, թե ոչ։ Եթե դու չգիտես, թե այդ կուսակցության վարկանիշը, հեղինակությունը որքան է, նաև չգիտես, թե որքան այն բարձրացավ կամ իջավ։
 
 
 
Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջադեպին, ապա կարող ենք ասել, որ դրանից ոչ մի օգուտ չստացան նաև Նուբարաշենի բնակիչները, որոնք ապրում են կոյուղաջրերի ընկերակցությամբ։ Ոչ մի երաշխիք չկա, որ սրանից հետո Երևանի քաղաքային իշխանությունները այդ հարցին լուծում կտան։ Եթե քաղաքական ուժը ցանկանում է իր ընտրողների հարցը լուծել, բնականաբար, դրա համար այլ միջոցներ կան։ Հասկանալի է, որ շոուն քաղաքական գործընթացի բաղկացուցիչ մաս է, սակայն չի կարելի շատ հարցեր բովանդակությունից զրկել ու ամբողջովին վերածել շոուի։ Իհարկե, արդարացված չէ երկկողմանի բռնությունը, որովհետև հարվածներ եղել են երկու կողմից։ Իհարկե, չի կարելի բռնություն կիրառել կնոջ նկատմամբ, դա նույնպես դատապարտելի է, բայց հարցն այն է, թե ինչ օգուտ ստացավ այն երևանցին, որն ապրում է կեղտաջրերի հարևանությամբ։ Այս միջադեպի արդյունքում նրա հարցերը լուծվեցի՞ն, թե՞ չլուծվեցին։ Քաղաքական ուժի խնդիրը ոչ թե շոու սարքելն է, այլ հարցին լուծում տալը։ Եթե սրանով հարցը լուծվեց, կարող ենք ասել, որ քաղաքացին շահեց, իսկ եթե չլուծվեց, կարող ենք ասել, որ դա ընդամենը շոու էր, ոչ ավելին, որի արդյունքում այդ կուսակցության անունը լրատվամիջոցներում ևս մեկ անգամ շրջանառվեց։
 
 
 
-Չե՞ք կարծում, որ Տարոն Մարգարյանն ու մյուսները պետք է ավելի սթափ լինեին՝ բացառելու բռնությունը։
 
 
 
-Ավագանին այսօր ոչ մի լուրջ կարգավիճակ չունի, որ հիմա էլ ասենք նրա հեղինակությունն ընկավ կամ չբարձրացավ։ Եթե շրջենք Երևանում շատ մեծ դժվարությամբ կարող ենք մի քանի հոգու գտնել, որոնք կիմանան ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների անունները։ Ավագանին չունի լուրջ հեղինակություն, առավել ևս, ինչպես նշեցի, այդ վարկանիշը չափելու գործիքներ էլ չկան։ Ինչ վերաբերում է զգոն լինելուն, զգոն լինի, որ ավագանու ընդդիմադիր անդամների իրերը խուզարկության ենթարկի, որ նրանք տարբեր տեսակ կեղտաջրեր չբերե՞ն դահլիճ։
 
 
 
-Զգոն լինեն, որ կուսակից անդամներն իրենց այդպես չպահեն։
 
 
 
-Նա չի կարող նման կոչ անել, որովհետև ավագանիում այնպիսի մարդիկ են, որոնք այդ կոչի կարիքը չունեն։ Կոչի իմաստը ո՞րն է, զգոն լինեն ինչի՞ համար, այսինքն՝ իրենց կուլտուրական պահեն ինչի՞ համար, ո՞ւմ են դրանով զարմացնելու։ Բոլորն էլ գիտեն, թե այդ մարդիկ ինչպես են հայտնվել Երևանի ավագանիում, և այդ կեղծ քաղաքակրթությունը անիմաստ է դարձել։ Դու չես կարող ոչ քաղաքակիրթ անձին բերել ավագանի ու այնպես անել, որ նա քաղաքակիրթ լինի։ Մեկ է, մի օր նա իրեն դրսևորելու է այնպես, ինչպես կա իրականում։ Կեղծավորությունը ոչ մի արդյունք չի տա։ Ինչ վերաբերում է զգոն լինելուն և հարցերը լուծելուն, ապա Երևանի ավագանու ընդդիմադիր ուժերը ունեն թեև փոքր, բայց հնարավորություններ երևանցիներին հուզող հարցերը բարձրացնելու։ Այդ դեպքում գուցե ավելի մեծ արդյունք ստանային, քան այն շոուն, որ տեղի ունեցավ, որը մի քանի օրից մոռացվելու է։ Հիշենք, որ այդ քաղաքական ուժը հայտարարել էր, որ քաղաքապետի ու ՀՀԿ-ի համար կյանքը վերածելու է դժոխքի։ Երևանցու համար ո՞րն է կարևոր, որ իր հարցերը լուծվե՞ն, թե՞ քաղաքապետի կյանքը դժոխքի վերածվի։ Եթե քաղաքապետի կյանքը դժոխքի է վերածվում, դրանից չի բխում, որ երևանցու կյանքը լավանում է։ Դրա համար ընդդիմադիր ուժերն, իմ կարծիքով, պետք է ավելի նպատակաուղղված գործունեություն իրականացնեն երևանցիների այս կամ այն հարցը լուծելու համար, ոչ թե քաղաքապետի կյանքը շոուների միջոցով դժոխքի վերածեն։ Դա ապագա չունեցող գործելաոճ է և ցույց է տալիս, որ Երևանի ավագանիում քաղաքական գործընթացը շատ արագ փոխվում է ապաքաղաքական շոուների։ Դա ընդհանուր Հայաստանի վիճակն է, երբ չկա քաղաքական օրակարգ, ապաքաղաքական շոուները ամբողջովին պետք է զբաղեցնեն լրատվական դաշտը։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play