«Ռուսաստանի ու նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի ցանկացած կիրառում մենք դիտարկելու ենք որպես միջուկային հարձակում մեր երկրի վրա». Վլադիմիր Պուտին


«Ռուսաստանի ու նրա դաշնակիցների դեմ միջուկային զենքի ցանկացած կիրառում մենք դիտարկելու ենք որպես միջուկային հարձակում մեր երկրի վրա». Վլադիմիր Պուտին

  • 02-03-2018 13:47:25   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Ռուսաստանի գործադիր իշխանության, խորհրդարանական, դատական, ռազմական ու հոգևոր ոլորտների պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ այդ երկրի ու նրա դաշնակիցների դեմ միջուկային հավանական ցանկացած հարձակմանը կպատասխանի անմիջապես և առանց նկատի առնելու դրա հավանական հետևանքները:
«Նշեմ. մեր ռազմական դոկտրինում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել միայն ի պատասխան իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ զանգվածային բնաջնջման այլ զենքի կիրառման: Կամ` մեր նկատմամբ սովորական սպառազինության կիրառմամբ ագրեսիայի դեպքում, երբ սպառնալիքի տակ է հայտնվում պետության գոյությունը: Այս կապակցությամբ իմ պարտքն եմ համարում հայտարարել հետևյալը. Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ փոքր, միջին, դե ցանկացած հզորության միջուկային զենքի որևէ կիրառում մենք դիտարկելու ենք որպես միջուկային հարձակում մեր երկրի վրա, պատասխանը լինելու է ակնթարթային` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում:
ՌԴ նախագահը ընդգծել է, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանի միամյա գործունեությունը եղել է աշխարհի  ամենահզոր բանակ ունեցող ԱՄՆ-ին ռազմական ուժի ցուցադրումը: ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը զինված է աշխարհում եզակի ռազմավարական սպառազինությամբ: ՌԴ նախագահը միաժամանակ ներկայացրել է այդ երկրի ռազմական նոր ու գերարդիական մի քանի համակարգեր:
«ԱՄՆ-ն բազմիցս զգուշացվել է, որ այդ երկրի հակահրթիռային պաշտպանության համակարգը սպառնում է Ռուսաստանին, սակայն Վաշինգտոնը միակողմանի քայլեր է իրականացնում»,- ասել է նա:
Վլադիմիր Պուտինն անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հետ ՌԴ սերտ համագործակցությանը, հույս է հայտնել, որ Արևմուտքն ու մասնավորապես ԱՄՆ-ը խոհեմ կլինեն ու կխորհեն արդար համագործակցության վրա հիմնված համագործակցության մասին:
«Որևէ մեկը չի կարող անտեսել աշխարհում միջուկային սպառնալիքը, պետք է նստել բանակցության սեղանին և միասնաբար մտածել միջազգային անվտանգության մասին»,- ասել է ՌԴ նախագահը:
   
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play