Պուտինը կանխեց ԱՄՆ-ի միջուկային հարվածը Սիրիային


Պուտինը կանխեց ԱՄՆ-ի միջուկային հարվածը Սիրիային

  • 05-03-2018 23:29:24   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Միացյալ Նահանգները Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխության հասնելու և Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելու նպատակով, պատրաստվում էր մարտավարական նշանակության, փոքր հզորության միջուկային զենք կիրառել Սիրիայի առավել կարևոր օբյեկտներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ (օրինակ` կառավարության շենք, խոշոր զորամասեր և այլն): Մարտի 1-ին Պուտինի հայտնի ելույթը հենց այդ հարվածը կանխելու նպատակն ուներ: Այս եզրակացությանը կարելի է հանգել մի շարք փաստերի վերլուծության հիման վրա:
Հասկանալի է, որ միջուկային հարվածով Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխությունից ու Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալումից հետո ռուսական և իրանական զինված ուժերը Սիրիայում այլևս անելիք չէին ունենա ու ստիպված կլինեին լքել այդ երկիրը: Իր այդ հարվածը հիմնավորելու համար, ԱՄՆ-ը քաղաքական և քարոզչական ասպարեզում վաղուց է նախապատրաստական աշխատանք կատարում` Բաշար ալ Ասադին, Սիրիայի կառավարությանը և բանակին անհիմն կերպով կամ շինծու հիմքերով մեղադրելով Սիրիայի զինված ընդդիմության (որին ԱՄՆ-ը զինել և հովանավորում է) նկատմամբ զանգվածային բնաջնջման զենքի մեկ այլ տեսակի` քիմիական զենքի կիրառման մեջ: Սադրանքի տրամաբանությունը հետևյալն է` Սիրիայի իշխանությունները զանգվածային բնաջնջման զենք են կիրառել, ինչը մեզ իրավունք է տալիս նրա նկատմամբ նույնպես զանգվածային բնաջնջման զենք կիրառել: 
Հիշենք, որ Միացյալ Նահանգներն անցյալ տարվա գարնանը Սիրիայի իշխանություններին նախ մեղադրեց Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում գտնվող զինյալ ընդդիմադիրների նկատմամբ 2017թ. ապրիլի 4-ին քիմիական զենք կիրառելու մեջ, ապա 2017թ. ապրիլի 7-ին, հենց քիմիական զենք կիրառելու պատրվակով, իր «Ռոս» և «Փորթեր» ռազմանավերից  59 հատ «Tomahawk» թևավոր հրթիռներով հարվածեց Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Ալ-Շայրաթ» ռազմական օդանավակայանին:
Այն ժամանակ կիրառվեց սովորական ռազմամթերք, և եթե այդ հրթիռներով մի քանի տասնյակ զինծառայող ունեցող տվյալ օդանավակայանը նույնիսկ ամբողջությամբ ոչնչացվեր, ապա ԱՄՆ նախագահին ի սկզբանե պարզ էր, որ դրանով Սիրիային կաթվածահար անող, շշմեցուցիչ վնաս չէր պատճառվելու: Հնարավոր չէր լինելու կոտրել Սիրիայի ժողովրդի և իշխանության պայքարելու կամքը, ԱՄՆ-ը դրա շնորհիվ չէր կարողանալու հասնել իր նպատակին` Բաշար ալ Ասադին իշխանությունից հեռացնելուն ու նրա վարչակարգի տապալմանը: Դոնալդ Թրամփն այն ժամանակ հիշյալ օդանավակայանին հարվածելու հրաման տալով, իր առջև այդպիսի խնդիր չէր էլ դրել, քանի որ հույս ուներ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալմանը հասնել իր և Իսրայելի աջակցությունն ունեցող զինյալ ընդդիմության, ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ կազմակերպությունների միջոցով: Սակայն, Սիրիային, իր դաշնակիցների օգնությամբ, հաջողվեց նրանց բոլորին ծանր, պարտության մատնող հարվածներ հասցնել, փոխել երկրում հակամարտ կողմերի միջև ուժերի հավասարակշռությունը: 
Սա շատ էական հանգամանք է, քանի որ Սիրիայում ԻԼԻՊ-ը, ահաբեկչական մյուս կազմակերպությունները և զինյալ ընդդիմությունը հիմա իրենց նախկին ուժը չունեն և այլևս չեն կարող լուծել վարչակարգի տապալման խնդիր: Առավել ևս` այն բանից հետո, երբ ս. թ. փետրվարի 25-ին դրանից ընդամենը օրուկես առաջ Ռուսաստանից առաջին անգամ Սիրիա հասած ռուսական նորագույն, 5-րդ սերնդի Су-57 բազմանպատակային չորս կործանիչները, Սիրիական բանակի «երկիր-մակերևույթ» տիպի հրթիռներով իրականացված հրթիռային հարվածների հետ հետ միասին, շատ ծանր վնաս են պատճառել Արևելյան Ղութայում, այսինքն` Դամասկոսի քթի տակ դիրքավորված ահաբեկիչներին և զինյալ ընդդիմությանը, որոնք շարունակաբար հարվածներ էին հասցնում և այժմ էլ դեռ հասցնում են Սիրիայի մայրաքաղաքին, խլում նորանոր զոհեր ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում: Իր այդ քայլով Ռուսաստանն արել է այն, ինչ ավելի վաղ խոստացել էր: Որոշ տեղեկությունների համաձայն, այնտեղ ոչնչացվել են նաև բազմաթիվ ամերիկյան զինվորականներ:
Կարելի է ասել, որ այժմ Արևելյան Ղութայում գտնվող ահաբեկիչների և զինյալ ընդդիմության մնացորդներն են փորձում թունավորել Սիրիայի իշխանությունների և խաղաղ ժողովրդի կյանքն այնքանով, որքանով դա հնարավոր է, սակայն Սիրիայում գտնվող, Արևմուտքի հովանավորությունը և աջակցությունն ունեցող ուժերն այլևս ի վիճակի չեն տապալել Բաշար ալ Ասադի վարչակարգը և հասնել իրենց մյուս նպատակներին կամ, ավելի ճիշտ, իբրև գործիք, իրականացնել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների մյուս նպատակները: Ահա, այս իրավիճակում է, որ Միացյալ Նահանգների նախագահը, ռազմաքաղաքական ղեկավարությունը Սիրիայի իշխանությանը վերստին սկսեցին մեղադրել զինյալ ընդդիմության նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեջ կամ հաճախացրին և խստացրեցին ավելի վաղ հնչեցվող մեղադրանքները` հող նախապատրաստելով, ինչպես արդեն նշեցինք, միջուկային հարվածի համար: Դա այս պահին ու տեսանելի ապագայում Սիրիայում իրենց նպատակներին հասնելու` Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելու, իր ներկայիս տեսքով այդ պետության գոյությանը վերջ տալու միակ միջոցն է, ինչը ԱՄՆ-ը շատ լավ գիտակցում է:
 
Ինչո՞ւ միջուկային…
Կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ միջուկային մարտալիցքը ոչ միայն իր բնույթով, այլև կիրառման հետևանքներով էապես տարբեր է սովորական ռազմամթերքից: Միջուկային ռումբի կամ մարտագլխիկի պայթյունը հանգեցնում է ռադիոակտիվ ճառագայթման, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակվածության, պայթյունից նույնիսկ ամիսներ ու տարիներ հետո մարդկային մեծաթիվ զոհերի: Բացի այդ, այն վախ ու սարսափ է սփռում, տեղիք տալիս խուճապի բոլոր նրանց շրջանում, ում նկատմամբ կիրառվել է: Ինչպես ասում են, սարսափի աչքերը մեծ են են, շատ կարևոր է նկատի ունենալ, որ միջուկային զենքի կիրառումն ունակ է հոգեբանորեն կոտրել նաև նրանց, ովքեր սովորական պատերազմի դեպքում չեն կոտրվում:
Աչքի առաջ ունենալով Հերոսիմայի ու Նագասակիի փորձը, ողջ մնացածներն աշխատելու են պայթյունի վայրից շատ հեռու փախչել, երկար ժամանակ չվերադառնալ այդ կողմեր: Ոչ միայն մարդկանց, տեխնիկայի, կոմունիկացիաների կորուստն է ահռելի լինում, այլև ճառագայթված շինությունները դառնում են ապրելու կամ աշխատելու համար անպիտան, երկրի տնտեսությանը պատճառվում է ահավոր մեծ վնաս, որի տակից մի այնպիսի պետություն, ինչպիսին երկարամյա պատերազմում հյուծված Սիրիան է, կարող է և դուրս չգալ:
Շատերը նկատի ունենալով հենց նույն Հերոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբակոծություններն ու դրանց հետևանքները, չեն պատկերացնում, որ ԱՄՆ-ը կհամարձակվի Սիրիայում նման քայլի դիմել: Իսկ ի՞նչ է` Ճապոնիայի պարագայում չհամարձակվե՞ց… Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տվել ստեղծել մարտավարական նշանակության միջուկային այնպիսի թույլ մարտալիցքեր, որոնք իրենց հզորությամբ հավասար են կամ նույնիսկ զիջում են սովորական սպառազինությանը, ինչպես, օրինակ, Աֆղանստանում կիրառված ամերիկյան 9,5 տոննանոց GBU-43/B ավիացիոն ֆուգուսային ռումբին (պայթյունի ուժը տրիտոլային համարժեքում կազմում է 11 տոննա), որը հայտնի է նաև «Բոլոր ռումբերի մայր» անվամբ, դրանից 4 անգամ ավելի հզոր և «Բոլոր ռումբերի հայր» անվամբ հայտնի ռուսական բարձրացված հզորությամբ վակուումային ռումբին: Միջուկային այդպիսի մարտալիցքի կիրառման հետևանքով հնարավոր կլինի, օրինակ, հողին հավասարեցնել Դամասկոսում գտնվող Սիրիայի կառավարության շենքը, ավերել դրա շուրջ 1-2 կմ հեռավորությամբ գտնվող շինությունները: Թե ինչ կլինի դրանից հետո, կարծում ենք, արդեն պարզ է, մայրաքաղաքի բնակչության մեծ մասը, ռադիոակտիվ վարակվածության հետևանքով ճառագայթման ենթարկվելու վախից խուճապահար, կփախչի Դամասկոսի նույնիսկ այն շրջաններից, որտեղ այդ պահին ռադիոակտիվ վարակվածություն չկա, կիսադատարկ մայրաքաղաքում առանց կառավարության մնացած Ասադը, ամենայն հավանականությամբ, արդեն ստիպված կլինի հրաժարական տալ:
 
Թրամփը կհամարձակվե՞ր Սիրիային միջուկային հարված հասցնել
Կարծում ենք, այո… Թեև համեմատելի չեն, բայց Սիրիայի «Ալ-Շայրաթ» ռազմական օդանավակայանին հրթիռային հարվածը, ինչպես նաև վերջերս ռուսական մասնավոր ռազմական ընկերության («ЧВК Вагнера») բազմաթիվ մարտիկների օդից հասցված հարվածով ոչնչացնելը նույնպես բավական համարձակ քայլեր են: Բացի համարձակությունից, Թրամփն ունի նաև անհավասարակշիռ և անկանխատեսելի բնավորություն, ունակ է նույնիսկ ծայրահեղ քայլերի, ինչի մասին ԱՄՆ ներկայիս նախագահի քաղաքական շրջապատը և աշխարհի տարբեր երկրների ԶԼՄ-ներ վաղուց են խոսում ու գրում: Բազմաթիվ օրինակներից բերենք ամենաթարմերից մեկ-երկուսը: 2018թ. փետրվարի 2-ին MSNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Ջոն Բրենանն ասել է. «Սպիտակ տանը Թրամփի ներկայությունը երկիրը ճգնաժամային իրավիճակում է դնելու: Թրամփը անկայուն, ոչ տրամաբանական, անփորձ ու կոռումպացված անհատ է»:
Բրենանը նշել է նաև, որ ԱՄՆ նախագահը երկիրը ղեկավարելու արժանի չէ:
Ավելին. անցյալ ամիս «Washington post» օրաթերթի և «ABC News» հեռուստաընկերության անցկացրած համատեղ հարցումները պարզել են, որ ԱՄՆ ժողովրդի 50 տոկոսի համոզմամբ, Դոնալդ Թրամփը հոգեպես անհավասարակշիռ է:
 
Քիմիական զենքի կիրառման ԱՄՆ-ի շինծու մեղադրանքն արդեն դառնում էր սպառնալից 
Պաշտոնական Դամասկոսը տարբեր ժամանակներում բազմիցս հայտարարել է, որ Սիրիան քիմիական զենք չունի և երբեք քիմիական զենք չի օգտագործել, հերքել է այդ կապակցությամբ իրեն վերագրվող բոլոր մեղադրանքները: Միաժամանակ բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սիրիայում քիմիական զենքի տիրապետում և այն Սիրիայի ժողովրդի ու բանակի նկատմամբ կիրառել են ահաբեկիչները և զինված ընդդիմությունը:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը 2017թ. հոկտեմբերին կրկին անգամ հայտնել է իր ունեցած այն տեղեկությունների մասին, որոնք ապացուցում են, որ Խան Շեյխունում ապրիլի 4-ին ահաբեկիչներն են պայթեցրել թունավոր զարին գազ պարունակող ռումբը: Ինչպես արդեն նշեցինք, հենց Խան Շեյխունում քիմիական զենքի կիրառման պատրվակով էլ ԱՄՆ-ը 2017թ, ապրիլին հարվածեց Սիրիայի ռազմական օդանավակայանին:
Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը դեռ 2017թ. ապրիլին հայտարարել է, որ «Սիրիացի ապստամբներն ու զինված ընդդիմությունը քիմիական սպառազինության օգտագործան համար այն պատրաստ դրության են բերել»:
«Սիրիացի ապստամբներն ու զինված ընդդիմությունը նոր պատրվակ են որոնում, որպեսզի Սիրիայի կառավարությանը մեղադրեն քիմիական սպառազինության օգտագործման մեջ և ԱՄՆ-ին նոր հարձակումների մղեն»,-հայտարարել է Սերգեյ Ռուդսկոյը:
Դրանից վաղ, ինչպես նաև դրանից հետո բազմաթիվ փաստեր են հրապարակվել Սիրիայում ահաբեկիչների և զինյալ ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման վերաբերյալ: Օրինակ, 2016թ. ապրիլին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը քիմիական զենք է կիրառել Սիրիայի արևելքում տեղակայված ռազմական օդանավակայանի նկատմամբ:
Ըստ Սիրիայի «Ալ-Ախբարիե» հեռուստաընկերության հաղորդման, ահաբեկիչները մանանեխի գազ պարունակող հրթիռով հարվածել են Դեր Էլ-Զորի հարավում գտնվող ռազմաբազային: «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը հղում կատարելով ռազմական աղբյուրների վրա, հայտնել է, որ մի շարք զինվորներ խեղդվել են:
Նույն գործակալությունը 2016թ. մայիսին տեղեկացրեց, որ ահաբեկիչները Հալեպի Շեյխ-Մաքսուդ թաղամասի գնդակոծության ընթացքում քիմիական զենք, մասնավորապես` խեղդող գազով արկեր են կիրառել: Գրեթե միաժամանակ տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հովանավորությունը և աջակցությունն ունեցող Սաուդյան Արաբիան Սիրիայում «Ալ-Նոսրա» ճակատի ահաբեկիչներին Հորդանան- Սիրիա սահմանով քիմիական զենք է տրամադրում: Այդ մասին հայտնել է «Եվրոպայի անվտանգության ու հետախուզական կազմակերպության» գլխավոր քարտուղար Հեյսամ Աբուսաիդը:
«Ռիա Նովոստի» գործակալությունը 2016թ. սեպտեմբերին հղում կատարելով քրդական աշխարհազորի վրա, տեղեկացրեց, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները քիմիական հարձակման են ենթարկել Հալեպի շրջանի հյուսիսային Հիրբել և Իմ-Հուշ բնակավայրերը, որի հետևանքով թունավորվել է 8 հոգի: Հալեպի թաղամասերից մեկի վրա քիմիական հարձակումը, Սիրիայի պետական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, կրկնվել է նաև հոկտեմբերին: 
2016թ. նոյեմբերի կեսին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպի արևմուտքում սիրիացի ապստամբները բանակի դեմ քիմիական զենք են օգտագործել, ինչի հետևանքով տուժել են 30 սիրիացի զինվորականներ:
Սիրիայի բանակը, իր հերթին, հայտարարել է, որ Հալեպի Ալ-Նեյրաբի թաղամասում ապստամբների քիմիական հարձակման արդյունքում վիրավորվել են տասնյակ բանակայիններ ու խաղաղ բնակիչներ:
Նույնիսկ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն է 2016թ. նոյեմբերին հայտարարել է, որ ԻԼԻՊ-ը Հալեպ քաղաքի արվարձանում գտնվող Խալիլիա շրջանում քիմիական զենք է օգտագործել, ինչի հետևանքով 22 թուրք զինվոր վնասվածք են ստացել: Չնայած այն իրողությանը, որ ահաբեկիչները և Սիրիայի զինյալ ընդդիմությունն են այդ երկրի ժողովրդի ու զինվորականների դեմ արդեն մի քանի տարի շարունակ կիրառում քիմիական զենք, ինչի կապակցությամբ պաշտոնական Դամասկոսը ՄԱԿ-ին և այլ պատկան մարմինների ներկայացրել է համապատասխան փաստեր ու փաստաթղթեր, անտեսելով, որ Սիրիայի իշխանություններին քիմիական զենքի օգտագործում վերագրող իր և իր կամակատարների բոլոր մեղադրանքներն անհիմն են, հակասական ու հերքված ինչպես Սիրիայի իշխանությունների, այնպես էլ ՌԴ արտգործնախարարության կողմից, ԱՄՆ-ն այս տարի ևս շարունակեց իր այդ անհիմն մեղադրանքները` դրանք գնալով ավելի և ավելի վերածելով Սիրիային հարվածելու սպառնալիքների, ինչի հիմքը դրել էր դեռ անցյալ տարվանից:
Վերը շարադրվածը նկատի ունենալով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այս տարվա հունվարի 19-ին հրապարակած հաղորդագրությամբ հայտարարեց, որ «Սիրիայի կառավարությանը քիմիական զենքերի օգտագործման մեջ մեղադրելով, ԱՄՆ-ը նպատակ ունի փրկել ահաբեկիչներին»: ՌԴ արտգործնախարարությունն իր այդ հաղորդագրությամբ նաև կոչ արեց գնահատել Սիրիայում քիմիական հարձակման պատասխանատուի մասին միջազգային հանրության մոտ սխալ պատկերացում ստեղծելու ԱՄՆ-ի նպատակները:
ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ընդգծված է, որ Ռուսաստանը քիմիական հարձակման պատասխանատվությունը Սիրիայի կառավարության վրա բարդելն անտրամաբանական է համարում:
«Սիրիայում քիմիական սպառազինության մասին Ռուսաստանի դիրքորոշման կապակցությամբ հայտարարությամբ ամերիկյան փաստաթուղթը խաթարում է Սիրիայում քիմիական հետաքննության իրական վիճակը,- նշված է հաղորդագրության մեջ:- Վստահություն ներշնչող հաղթանակներից հետո Սիրիայի բանակը քիմիական ռումբերի օգտագործման միջոցով բախումներում ահաբեկիչների հանդեպ գերազանցության հասնելու կարիք չի զգում»:
Իր հերթին, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «Սպուտնիկ» գործակալության հաղորդմամբ, ս. թ. հունվարի 24-ին ասել է. «ՌԴ-ն հերքում է Սիրիայում քիմիական հարձակման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները»: Պեսկովն ընդգծել է, որ «Վաշինգտոնի դիրքորոշումները բարդացնում են Սիրիայում քիմիական հարձակումների շուրջ քննարկումների ընթացքը»:
Նույն օրը ՌԴ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան պնդում է ոչ միայն Սիրիայում, այլ աշխարհի ցանկացած վայրում քիմիական հարձակման վերաբերյալ լիարժեք և ընդգրկուն հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը: Ռուսաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Սոչիի բանակցությունների նախօրեին ԱՄՆ-ի կողմից Սիրիայում քիմիական հարձակման մասին անհիմն բանաձևերի տարծումը հրահրիչ քայլ է»: Սա ՌԴ արտաքին գործերի նախարարության արձագանքն էր նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այն հայտարարության, որով նա Սիրիայի ռազմաքաղաքական ղեկավարությանը հերթական անգամ մեղադրել էր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում քիմիական զենքի կիիրառման մեջ:
ԱՄՆ-ը, սակայն, անտեսեց նաև ՌԴ արտգործնախարարության և նախագահի մամուլի քարտուղարի վերոնշյալ հայտարարությունները: Բաշար ալ Ասադին իշխանությունից հեռացնելուն, նրա վարչակարգը տապալելուն և Սիրիայում իշխանափոխության հասնելուն նպատակաուղղված ԱՄՆ-ի քաղաքականության ձախողումից հետո, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսն այս տարվա փետրվարի 2-ին Սիրիային սպառնացել է ռազմական հարձակմամբ ` դարձյալ անհիմն կերպով պատրվակելով այդ պետության կառավարության կողմից քիմիական զենքի օգտագործումը: «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ պաշտպանության նախարարը կրկնելով Սիրիայի կառավարության կողմից քիմիական զենքի օգտագործման մասին հայտարարությունը, ասել է. «Եթե դա շարունակվի, Վաշինգտոնը Բաշար Ասադի կառավարության դեմ կգործադրի ռազմական այլընտրանքը»:
Չնայած ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչության հայտարարությանը, որ քիմիական զենքից օգտվելու առնչությամբ Սիրիայի ու Ռուսաստանի դեմ մեղադրանքները ներկայացվում են միջազգային հետաքննության գործընթացը խափանելու նպատակով, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը փետրվարի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նաև. «Թեև մենք Արևելյան Ղութայում Սիրիայի բանակի կողմից քիմիական զենքի կիրառման մասին դեռ հստակ ապացույցներ չունենք, սակայն համոզված ենք, որ դրա հեղինակը Սիրիայի պետական ուժերն են»:
Արձագանքելով ավելի վաղ Խան Շեյխունի, իսկ հետո նաև Արևելյան Ղութայի տարածքներում քիմիական զենքի օգտագործման մասին հաղորդումների հրապարակմանը, Սիրիայի կառավարությունը Քիմիական սպառազինության արգելման կազմակերպությանը կոչ է արել իր փորձագետներին գործուղել այդ տարածքներ: Քիմիական զենք օգտագործած պետությունը, բնականաբար, այսպես չէր վարվի:
Իրականում շատ հնարավոր է, որ Արևելյան Ղութայում կա, զինված ընդդիմության կամ ահաբեկիչների կողմից արդեն կիրառվել կամ առաջիկայում սադրիչ նպատակով կարող է կիրառվել քիմիական զենք: Հիշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսի 2018թ. փետրվարի 2-ի վերոնշյալ հայտարարությունից գրեթե 1 տարի առաջ` դեռ 2017թ. ապրիլին է հայտարարել. «Ռուսաստանի ձեռք բերած հավաստի տեղեկությունների համաձայն, Սիրիայում զինված ընդդիմությունն իր տրամադրության տակ եղած քիմիական նյութերը փոխադրում է «Խան Շեյխուն»-ի տարածք, «Ջառահ»-ի օդանավակայան, Հալեպի հարավ-արևմտյան և Արևելյան Ղութայի տարածքներ» (ընդգծումը` մերը): Դրանից հետո, դեռ 2017թ. հուլիսին ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան զգուշացրել է Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ պատրաստելու ահաբեկիչների փորձերի մասին:
«Կան տեղեկություններ, որ սիրիական ահաբեկչական խմբավորումները պլանավորում են բեմականացված սադրանքներ՝ քիմիական թունավոր նյութերի օգտագործմամբ՝ սիրիական կառավարական ուժերի դիրքերին ԱՄՆ-ի հարվածների հիմնավորման համար»,- ասել է Մարիա Զախարովան:
Մեկ ամիս անց՝ 2017թ. օգոստոսին Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Մեղդադը հայտնել է, որ Սիրիայի որոշ շրջանների ազատագրման գործողության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Թուրքիայի արտադրած քիմիական նյութեր: Ըստ «Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման, Ֆեյսալ Մեղդադն ասել է. «ԱՄՆ-ը, Բրիտանիան և նրանց դաշնակիցները խախտելով քիմիական զենքերի չտարածման դաշինքը, ահաբեկչական խմբերին թունավոր նյութերով են սպառազինում»:
Դատելով ամենից, Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետախուզական տվյալների կամ (և) համապատասխան վերլուծությունների հիման վրա հանգել է այն եզրակացության, որ փետրվարի 25-ին Արևելյան Ղութայում ռուսական ինքնաթիռների և Սիրիայի բանակի իրականացրած վերոնշյալ գործողությունից, ահաբեկիչների հանդեպ դրանից հետո էլ դեռ շարունակված ու շարունակելի հարվածներից հետո Սիրիայում իրավիճակը հօգուտ իրեն փոխելու և իր նպատակներին հասնելու ԱՄՆ-ի միակ ու վերջին հնարավորությունը մնացել է Սիրիայի առավել կարևոր օբյեկտներից մեկի կամ մի քանիսի նկատմամբ միջուկային զենքի կիրառումը: Մարտի 1-ին Պուտինի ելույթի մի կարևոր հատված կանխեց հենց այդ հարվածը:
 
Ինչ ասաց Ռուսաստանի նախագահը
Հավանաբար շատ քչերն ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ Վլադիմիր Պուտինի ելույթը չհակասելով Ռուսաստանի ռազմական դոկտրինին, իր մեջ երեք նուրբ, բայց էական պարզաբանում էր պարունակում: Թերևս բացատրելու հարկ չկա, որ Վլադիմիր Պուտինի նման ղեկավարի համար, ով ներկայիս ծանր ժամանակներում ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ ունեցող հսկայական տերության ղեկավարման և անվտանգության ապահովման բառերով աննկարագրելի պատասխանատվությունն է կրում, թանկ է ժամանակի ամեն մի վայրկյանը: Հետևաբար Պուտինն իր ելույթում ավելորդաբանություն չէր կարող թույլ տալ, կրկնել այն, ինչ ՌԴ ռազմական դոկտրինում վաղուց գրված է ու քաջ հայտնի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին: Ռուսաստանի ղեկավարի ելույթի այդ հատվածին փոքր-ինչ ուշադիր ծանոթանալը բացահայտում է, թե Պուտինը ՌԴ կողմից միջուկային հարվածի առնչությամբ երկրի ռազմական դոկտրինում գրվածն ինչ ուշագրավ պարզաբանումներով է ներկայացրել:
«Նշեմ՝ մեր ռազմական դոկտրինում Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել միայն ի պատասխան իր կամ իր դաշնակիցների դեմ միջուկային կամ զանգվածային բնաջնջման այլ զենքի կիրառման,- ասել է Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում:- Կամ` մեր նկատմամբ սովորական սպառազինության կիրառմամբ ագրեսիայի դեպքում, երբ սպառնալիքի տակ է հայտնվում պետության գոյությունը: Այս կապակցությամբ իմ պարտքն եմ համարում հայտարարել հետևյալը. Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ փոքր, միջին, դե ցանկացած հզորության միջուկային զենքի որևէ կիրառում մենք դիտարկելու ենք որպես միջուկային հարձակում մեր երկրի վրա, պատասխանը լինելու է ակնթարթային` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»:
Առաջին երկու նախադասությունը բովանդակային առումով նույնությամբ կրկնում են ՌԴ ռազմական դոկտրինում գրվածը: Պարզաբանումը սկսվում է 3-րդ նախադասությունից. ռազմական դոկտրինում չի նշված, թե Ռուսաստանն իր կամ իր դաշնակիցների դեմ ինչպիսի հզորության (թույլ, միջին, հզոր, գերհզոր) միջուկային զենքի կիրառման դեպքում է իրեն իրավունք վերապահում պատասխան միջուկային հարվածի, ինչից ենթադրելի է, որ միջուկային պատասխան հարվածը կարող է հաջորդել իր կամ իր դաշնակիցների նկատմամբ ցանկացած հզորության միջուկային կամ զանգվածային բնաջնջման այլ զենքի կիրառման դեպքում: Մարտի 1-ի իր ելույթով Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին պարզաբանեց` Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ նույնիսկ փոքր հզորության միջուկային զենքի որևէ կիրառում Ռուսաստանը դիտարկելու է որպես միջուկային հարձակում իր վրա: Այս պարզաբանումը կարևոր է նրանով, որպեսզի ԱՄՆ-ը կամ նրա դաշնակիցներից որևէ մեկը հանկարծ զոհ չդառնա այն մտապատրանքի, թե Սիրիայի նկատմամբ սովորական սպառազինությանը համարժեք կամ նույնիսկ դրանից թույլ միջուկային զենքի կիրառման դեպքում Ռուսաստանի միջուկային հարվածը չի ստանա:
Պուտինի երկրորդ կարևոր պարզաբանումն արդեն վերաբերում է նշված իրավիճակում ՌԴ-ին միջուկային հարվածի իրավունք վերապահելուն, ինչը նշված է այդ պետության ռազմական դոկտրինում: Ռուսաստանի ղեկավարը պարզաբանեց, հստակեցրեց, որ այդ դեպքում ՌԴ-ն ոչ միայն իրեն իրավունք կվերապահի միջուկային հարվածի (այսինքն` կարող է միջուկային հարված հասցնել, կարող է և չհասցնել), այլև, իրեն այդ իրավունքը վերապահելով հանդերձ, անպայման կհարվածի, կպատասխանի ակնթարթորեն, առանց երկար-բարակ մտածելու (պատասխանը ոչ թե կարող է լինել, այլ «պատասխանը լինելու է ակնթարթային»): 
Ի վերջո, ՌԴ ղեկավարի 3-րդ կարևոր պարզաբանումը կամ ակնարկը հետևյալն է` «պատասխանը լինելու է ակնթարթային` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ» (ընդգծումը` մերը): Այսինքն` հաշվի չառնելով դրանից բխող բոլոր հետևանքները, այդ թվում նաև այն, որ պատասխան միջուկային հարվածից հետո կարող է սկսվել միջուկային լայնամասշտաբ պատերազմ կամ մոլորակի վրա մարդկության գոյությանը վերջ տվող Երրորդ համաշխարհայինը:
Եթե հաշվի առնենք, որ այս պահին ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածի անմիջական սպառնալիք չկա ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռազմական ոլորտում հետխորհրդային տարածքի նրա դաշնակիցներ Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի նկատմամբ, ապա նաև այս առումով կարելի է եզրահանգել, որ Ռուսաստանը զգուշանալով Սիրիային Միացյալ Նահանգների միջուկային հարվածից կամ ինչ-ինչ տեղեկություններ ունենալով նախապատրաստվող այդպիսի հարվածի մասին, ԱՄՆ-ին պարզաբանեց, թե ինչ կհետևի իր դաշնակիցներից Սիրիային միջուկային հարվածի դեպքում:
Հուսանք, որ ՌԴ նախագահի այս պարզաբանում- զգուշացումները, Ռուսաստանի ռազմավարական նշանակության նորագույն զինատեսակների վերաբերյալ հրապարակված տեղեկատվության հետ միասին, սառը ցնցուղի դեը կունենան Դոնալդ Թրամփի ու նրա ետևում գտնվող տիկնիկավարների համար:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play