Թուրքական ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում տեղակայված քրդերի դիրքերին
15-03-2018 12:45:11 | Իրաք | Հասարակություն
Թուրքական ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում տեղակայված Քրդական բանվորական կուսակցության դիրքերին:
Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Ռազմական հրամանատարության տվյալներով՝ թուրքական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 8 նշանակետ: Ավիահարվածները հասցվել են նախօրեին Հաքուրք և Զապ շրջաններում:
Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ակտիվացնում է Իրաքի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարը:
Նա, մասնավորապես, նշել է, որ շուտով Թուրքիան վճռական հարված կհասցնի ահաբեկիչների դիրքերին և ամեն ինչ կանի Իրաքում նրանց «ահաբեկչական բները» վերացնելու համար: