Սիսիանի ԲԿ-ի տնօրենի «փութեռանդ ջանքերով» հիմնահատակ ավերվեց Սիսիանի հիվանդանոցը. Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին


Սիսիանի ԲԿ-ի տնօրենի «փութեռանդ ջանքերով» հիմնահատակ ավերվեց Սիսիանի հիվանդանոցը. Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

  • 22-03-2018 13:17:09   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին
 
Հարգելի պարոն վարչապետ, 2018թ.-ի մարտի 7-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, խորհրդակցության ժամանակ մարզպետ Վահե Հակոբյանը ամփոփեց 2017թ.-ի արդյունքները, թվերի վերծանումը թողնենք մեկ ուրիշ անգամ: 
 
Շուրջ 1 տարի է, ինչ անընդհատ խոսվում ու բարձրաձայնվում է  օդանավակայանի և օդանավի մասին, ներկայացվում են թվեր, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ, այս պահին, ոչ օդանավ կա, ոչ էլ օդանավակայանում որևէ տեղաշարժ: Այս ողջ ընթացքում «հաջողել» են մի քանի երկաթյա ձողեր տեղադրել:
Մեզ, սյունեցիներիս, առավելապես մտահոգում է մարզի առողջապահության ոլորտը: Այն դեպքում երբ օր օրի դատարկվում է Սյունիքը, գործազրկության ահասասուռ թվերի պայմաններում, չգիտես ինչ հնարքներերով, առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունները մեկ տարվա ընթացքում ավելացել է 2.6 անգամ: 2016թ.-ի 151.2 մլն դրամի փոխարեն, 2017թ.-ին այդ թիվը կազմել է 402.4 մլն դրամ: Զավեշտն այն է, որ 2018թ.-ին նախատեսվում է մատուցել 482.0 մլն դրամի առողջապահական վճարովի ծառայություն:
Այստեղից հետևություն. կամ մարզում տիրող լարված ու անառողջ մթնոլորտնի արդյունքում է կտրուկ ավելացել հիվանդների թիվը, կամ էլ այդ թվերը իրականության հետ որևէ կապ չունեն ու դա Քաջարանի ՊՄԿ-ի հերթական միֆն է, ինչպես ասենք օդանավակայանի մասին Հանրապետությունում շրջող «ուրվականն» է:
Կառավարության ղեկավարի վերահսկողության համապատասխան ծառայությունը, պետք է, որ խոշորացույցի տակ առնի և ամենայն պատասխանատվությամբ ուսումնասիրի մի մարզի «զարգացման» թվերը, որը բնակավայր լինելուց բացի նաև սահմանապահ առաքելություն է իրականացնում, ունի հերոսական անցյալ ու ներկա:
Այստեղ զարմանալին այն է, որ Դուք պարոն վարչապետ, դրական գնահատեցիք առողջապահության ոլորտի աշխատանքը, ոգևորվելով ներկայացված, բայց իրականության հետ աղերս չունեցող թվերին, մոռանալով անդրադառնալ, որ մեկ տարվա ընթացում մարզպետ Վահե Հակոբյանի կողմից նշանակված Սիսիանի ԲԿ-ի տնօրեն Անուշ Ներսիսյանի «փութեռանդ ջանքերով» հիմնահատակ ավերվեց և անգործության է մատնվել շուրջ 1 դար սիսիանցիներին խոնարհաբար ծառայած Սիսիանի հիվանդանոցը: Երբ արդեն իսկ գործազուրկ են դարձել շուրջ 30 բուժաշխատողներ նաև սպասարկման անձնակազմից աշխատակիցներ, իսկ առաջիկայում այդ թիվը կհասնի 140-150-ի: Հիվանդանոց, որտեղ չկա անգամ առաջին անհրաժեշտության դեղորայք: Զարմանալի չէր, երբ մարտի 8-ին Սիսիանի քաղաքապետը ծաղիկներ էր ուղարկել հիվադանոց, չգտնվեց գեթ մեկ ծննդկան, ում կտրամադրվեին փնջերը: Այս մեկ իրական-փաստը բավարար է, ներկայացնելու այն տխուր ու հուսալքված վիճակը, որ տիրում է Սիսիանի հիվանդանոցում: 
Գորիս քաղաքում ժամանակակից սրտաբանական կենտրոնի առկայության դեպքում, նախատեսվում է Գորիսի քաղաքային հիվանդանոցում նոր ինվազիվ կարդիոլոգիայի բաժանմունք բացել, մինչդեռ Սիսիանում գործող միակ հիվանդանոցը հասցվել է անդունդի եզրին ու դրա համար ոչ ոք  պատասխանատվություն չի կրում: Ինչ որ անհեռատես քաղաքականության արդյունքում Սիսիանի հիվանդանոցը միավորել է շուրջ 7 կմ հեռավարության վրա գործող Աղիտու գյուղում գտնվող զինվորական հոսպիտալին: 
Սույն նամակով դիմում ենք Ձեզ, Ձեր ուշադրությունը հրավիրելով Սիսիանի ԲԿ-ում տիրող իրավիճակին և բավական է, որ մարդկանց իրական կյանքը թողած, նրանց կերակրեք անհայտ ծագումնաբանությամբ սին թվերով, որոնք մի օր փուչիկի էֆեկտով պայթելու են, օդում տարածելով ողջ ճշմարտությունը:
 
Արայիկ Մանուչարյան
Աննա Մուկուչյան
Մավնել Գրիգորյան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play