Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին


Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին

  • 15-05-2018 18:59:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
 
Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ամենամյա այցը Արցախի Հանրապետություն՝ ընդգծելով ապագա դիվանագետների համար Ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախի ներկայիս զարգացումներին տեղում ծանոթանալու նշանակությունը:
 
Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի խորհրդարանական դիվանագիտության պատմությունը՝ անդրադառնալով բարեկամական խմբերի ու շրջանակների ձևավորման գործընթացին: ԱԺ նախագահը, այդ համատեքստում, առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցության ուղղություններին, մասնավորապես օրենսդրական փոխգործակցությանն ու Արցախի միջազգայնացմանը վերաբերող քայլերին:
 
Այնուհետև դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ԱԺ նախագահին են ուղղել միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության հնարավորություններին, ԱՀ-ում սահմանադրական բարեփոխումներից հետո ԱԺ լիազորություններում տեղի ունեցած փոփոխություններին, չճանաչված երկրների հետ համագործակցությանը և էլեկտրոնային դիվանագիտությանը վերաբերող հարցեր:
 
Ամփոփելով հանդիպումը՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Վահե Գաբրիելյանին՝ դիվանագիտական շարունակական կրթության ոլորտում հետևողական աշխատանքի համար, այնուհետև ապագա դիվանագետներին խորհուրդ տվել լինել տեղեկացված, մեծացնել ծանոթությունների շրջանակը և հաճախ այցելել Արցախ, ոչ միայն հանգստանալու, այլ նաև աշխատելու նպատակով:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:
 
Հանդիպումից հետո հյուրերը ԱԺ նախագահի հետ շրջել են խորհրդարանի շենքում, նիստերի դահլիճում և լսել Արցախի խորհրդարանի ստեղծման պատմությունը:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play