Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում


Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում

  • 06-07-2018 18:59:38   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը և գերմանական Global Perspectives Initiative կազմակերպությունը հուլիսի 4-ին Բեռլինում կազմակերպել էին համատեղ քննարկում-միջոցառում՝ նվիրված հայ-գերմանական հարաբերությունների անցյալին ու ներկային։ Միջոցառմանը հրավիրված էին Գերմանիայի Բունդեսթագի անդամներ, Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, գերմանացի մտավորականներ, մշակույթի գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ 
 
Միջոցառումը կազմակերպվել էր Բեռլինի Hamburger Bahnhof թանգարանում բացված «Բարև Աշխարհ» (Hello World) ցուցահանդեսի՝ Հայաստանին նվիրված թեմայի շրջանակում։
 
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը, ով ողջունելով հյուրերին, ընդգծել է նման քննարկումների կարևորությունը մշակույթի և կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և խորացման համար։ 
Վերոնիկա Զոնաբենդի խոսքով, «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագիրը, որն իրականացվել է «Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ» ծրագրի շրջանակում` IDeA հիմնադրամի աջակցությամբ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ, ներկայացնում է հայ և գերմանացի մշակույթի գործիչների բազմակողմանի և ակտիվ շփումները։ Նրա կարծիքով, ծրագրի արդյունքները նոր շունչ կարող են հաղորդել Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային շփումների ակտիվացմանը։ 
«Այսօր մենք ներկա գտնվեցինք շատ բաց և խոր քննարկման։ Այն, որ այս միջոցառումը տեղի է ունենում թանգարանում, ցույց է տալիս արվեստի և թանգարանների նոր դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում։ Նմանատիպ միջոցառումների նպատակն է նոր հորիզոններ բացել և կողմերին ծանոթացնել մեր երկրների մշակութային ժառանգությանը։ Մշակույթը լավագույն ուղին է միմյանց ծանոթանալու համար՝ առանց կորցնելու սեփական ինքնությունը։ Ես կարծում եմ, որ այս միջոցառումն օգնեց մեզ ավելի լավ հասկանալ միմյանց և շփվել միմյանց հետ», - ասել է Վերոնիկա Զոնաբենդը։ 
IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը գերմանացի հյուրերին ներկայացրել է հիմնադրամի այն ծրագրերը, որոնք ուղղված են ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանմանը։  Դրանցից են «Տաթևի վերածնունդ», «Դիլիջան արվեստների դիտարան», Շուշիի մզկիթի վերականգնման ծրագրերը։  
Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը միջոցառման պատվավոր հյուրերից էր։ 
«Ողջունում եմ այս կարևոր նախաձեռնությունը, որը հայ-գերմանական ամուր բարեկամական հարաբերությունների հերթական վկայությունն է: Կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել նախաձեռնության կազմակերպիչներին և մասնակիցներին, ում շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք այսօր անդրադառնալու հարուստ պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդների միջև դինամիկ զարգացող համագործակցությանը», - ասել է Աշոտ Սմբատյանը։ 
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը և Գերմանիայի  Ավետարանական եկեղեցու խորհրդի նախկին նախագահ Վոլֆգանգ Հուբերը հայ-գերմանական հարաբերությունների ներկային ու անցյալին նվիրված քննարկման գլխավոր բանախոսներն էին։ 
«Կարծում եմ՝ հայ – գերմանական հարաբերություններում շրջադարձային պահ եղավ այն ժամանակ, երբ Գերմանիան ճանաչեց Օսմանյան կայսրության հայերի և մյուս քրիստոնյաների հանդեպ կատարված ցեղասպանությունը։ Այդ պահը առանցքային էր մեզ համար՝ սկսելու նոր հարաբերություններ Հայաստանի և Գերմանիայի միջև։ Երբ մենք նայում ենք այսօրվա Հայաստանին, մենք տեսնում ենք, որ այն ունի ուժեղ քաղաքացիական հասարակություն, որը հիացմունքի է արժանի։ Կարծում եմ Եվրոպան, և մասնավորապես Գերմանիան, պետք է ավելի կարևոր դեր խաղա, որպեսզի Հայաստանը դառնա լիակատար ժողովրդավար երկիր»,- ասել է Ջեմ Օզդեմիրը։ 
Քննարկումից հետո հյուրերը շրջայց են կատարել Hamburger Bahnhof թանգարանում բացված «Բարև Աշխարհ» (Hello World) ցուցահանդեսի Հայաստանին նվիրված մասում, որտեղ ցուցադրված էին «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի արդյունքները, որոնք ներկայացնում են 20-րդ դարում  կրթական և մշակութային շփումներն ու փոխանակումները հայերի և գերմանացիների միջև։ 1960-1970 թթ․-ին Դիլիջանը հայտնի առողջարանային հանգստավայր էր, որտեղ սիրում էին այցելել գերմանացի ճարտարապետները, գրողները, կինոյի գործիչներն ու երաժիշտները։ 
2017 թ․ դեկտեմբերին UWC Դիլիջան դպրոցում կայացած հատուկ միջոցառման ժամանակ IDeA հիմնադրամը ներկայացրել էր «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի արդյունքները։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն