Ի՞նչ վիճակ է այս պահին սահմանին և ինչ կրակոցներ են եղել Ճամբարակի ուղղությամբ. պարզաբանում.ՀԺ
13-07-2018 16:46:05 | Գեղարքունինքի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Քիչ առաջarmtimes.com-ը տեղեկացրել էր, որ երեկ գիշերը ադրբեջանական կողմից կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ: Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտակ Ստեփանյանը զրույցում նշեց. «ճիշտն ասած, քաղաքի ուղղությամբ չեն եղել կրակոցները, այլ Ջիլ գյուղի: Խոշոր տրամաչափի զենքերից են կրակել, նյութական եւ մարդկային վնասներ չեն եղել»:
Հարցին, թե տարածքում մարդ լինելու դեպքում հնարավոր է ինչ-որ բա՞ն լիներ, Ստեփանյանը պատասխանեց. «Իհարկե, հենց գյուղի մեջ է եղել»:
«ՊՆ-ն այդտեղ մի ժամանակ հիմնական զորամաս ուներ, զորամաս հիմա կա Ճամբարակում, պայմանագրային զինծառայողներով են պահում»,- ասաց Ստեփանյանը:
ՀԺ-ն զրուցեց նաեւ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ.
- Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ կրակոցներ են եղել Ճամբարակի ուղղությամբ:
- Ճամբարակի ուղղությամբ` մարտական դիրքերում:
- Ընդհանուր առմամբ, սահմանային իրավիճակն այս պահին ինչպե՞ս է գնահատվում:
- Հանգիստ է, ինչ-որ եղել է, գիշերն է եղել: Հիմա հանգիստ է, այս ժամերին կրակոց չի էլ լինում:
- Վերջին 2-3 օրվա ընթացքում Նախիջեւանի կողմում իրավիճակը նորմա՞լ է:
- Եղել է կրակոց, բայց որ ասեմ՝ շատ է եղել` չէ: Լարվածության մեծ աստիճան չկա: