Կարեն Կունգուրցեւը կլինի ազատության մեջ


Կարեն Կունգուրցեւը կլինի ազատության մեջ

  • 20-07-2018 14:04:58   | Հայաստան  |  Իրավունք

Քիչ առաջ Վճռաբեկ դատարանը որոշեց փոփոխել 7 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Կունգուրցեւի խափանման միջոցը։ Մասամբ բավարարելով թե պաշտպանական, եւ թե տուժող կողմի բողոքները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը Կարեն Կունգուրցեւի նկատմամբ որոշեց կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ 500,000 դրամ գրավ։
 
Դատարանը որոշեց նաեւ գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
Կարեն Կունգուրցեւը մեղադրվում էր Լոռու մարզում 2013 թվականի հոկտեմբերի 15-ին հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանին սպանելու մեջ։ 31 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո Կարեն Կունգուրցեւին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանն անմեղ է ճանաչում եւ 2016թ․ ապրիլի 15-ին ազատ արձակում։ 
Սակայն 2017թ․ հուլիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ Մանուշակ Պետրոսյանի նախագահությամբ, Կարեն Կունգուրցեւին առաջադրված սպանության փորձի մեղադրանքը փոփոխում է, այն որակելով որպես անձին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնել, որն առաջացրել է մահ։ Արդյունքում նա դատապարտվում է 7 տարվա ազատազրկման։
Վարաքննիչ բողոք բերել էր ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ տուժող կողմը՝ պահանջելով ճանաչել եւ հռչակել Կարեն Կունգուրցեւի անմեղությունը․
«Արդեն 5 տարի է որդիս մահացած է, սակայն չկա այն անձը, ով պետք է դատապարտվի որդուս սպանության համար։ Կարեն Կունգուրցեւն անմեղ է եւ չի կատարել այդ հանցանքը։ Պատասխան պետք է տա այն անձը, ով կատարել է հանցանքը»,- դիմելով Վճռաբեկ դատարանին՝ ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հակոբ Հովակիմյանը։
Պաշտպան Արայիկ Պապիկյանը Վճռաբեկ դատարանի որոշումը համարում է մասնակի հաղթանակ։ Կարեն Կունգուրցեւն ազատ կարձակվի այն ժամանակ, երբ մուծվի 500․000 դրամ գրավը։
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play