Հայ Մասնագետների Խորհրդի առաջարկը նոր ժամանակավոր իշխանության համակարգի անհրաժեշտության մասին


Հայ Մասնագետների Խորհրդի առաջարկը նոր ժամանակավոր իշխանության համակարգի անհրաժեշտության մասին

  • 19-10-2018 13:40:26   | Հայաստան  |  Քաղաքական

Դեռ մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը Խորհուրդը մի շարք առաջարկություններ էր արել։ Մենք կանխատեսել էինք իրադարձությունների զարգացումը և մեր առաջարկություններն ուղղված էին արդյունավետ իշխանության հաստատմանն ու նրա առաջիկա գործունեության արդյունավետությանը։ Մենք տասնյակ առաջարկություններ ենք արել։
 
Ընդհանուև պլանում մենք առաջարկել ենք պատրաստել բազմամասնագիտական անձնակազ  (կադրեր, որ գիտեն տնտեսագիտություն, իրավագիտություն, լեզուներ), ինչը թույլ կտա հայերին դառնալ միջազգային քաղաքականության եւ տնտեսության մեջ առանցքային խաղացողներ: Ըստ էության, սա ցանցային ազգի ստեղծման հստակ առաջարկ է. Ավելին, նշվում է, թե ինչպես հասնել դրան: Նախագահ Սարգսյանն ու գործարար Ռուբեն Վարդանյանը խոսում են այսօր ցանցային ազգ ստեղծելոու անհրաժեշտության մասին: (Սակայն, իրենց դեպքում ես չեմ տեսնում վերը նշված կոնկրետ սխեման, թե ինչպես հասնել դրան):
 
 
Ներքին կյանքին վերաբերող մեր չորս առաջարկները նույնպես ուշադրության են արժանացել:
 
Մասնավորապես, մենք առաջարկել ենք անցկացնել լյուստրացիա և հաշվառում (շատ կարևոր է բոլոր բնագավառներում)։ Դա չընդունվեց իշխանության կողմից, բայց մենք ուրախ ենք նշելու, որ այսօր հարգված շատ գործիչներ արդեն խոսում են այդ մասին։ Մեր մեկ այլ առաջարկություն, Հայաստանում գողացված միջոցները վերադարձնելու նպատակով միջազգային ատյաններ դիմելու անհրաժեշտության մասին, փաստորեն, իրականացվել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից։ Շնորհակալ ենք, որ ականջալուր եղավ։ Մեր երրորդ առաջարկությունը վերաբերվում էր մետաղական հանքավայրերի շահագործման և վտանգավորության ոլորտում միջազգային փորձաքննության անհրաժեշտությանը։ Մամուլում իշխանության կողմից հաղորդագրություն է հայտնվել, որ դա արդեն արված է։ (ցավոք նշված չէ, թե ում կողմից է արվել և ինչպես, բայց կարևորը, որ հասկացել են, որ դա անհրաժեշտ էր)։
 
Մեր չորրորդ առաջարկությունը վերաբերվում էր այս պահի ամենակարևոր հարցին՝ ճշգրիտ իշխանության համակարգի հաստատմանը, համակարգ, որն իշխանությունը կդարձնի արդյունավետ և կհանգեցնի իշխանության նոր գաղափարների պատկերացումների ու ծրագրերի ձևավորմանը։ Այսօր այդ մասին խոսում են բոլորը՝ իշխանության և կողմնակիցները, և հակառակորդները։
 
Հենց սկզբում մենք հասկանում էինք (իսկ այսօր հասկանում են բոլորը), որ չի կարելի հուսալ, որ մի գեղեցիկ օր երիտասարդ նախարարները կհասկանան «ինչն ինչոց է» և կսկսեն ճիշտ որոշումներ ընդունել։
 
Այդ պատճառով մենք առաջարկել ենք հետևյալը
 
Բոլոր խոշոր կառավարման համակարգերում (մասնավորապես նախարարություններում) ստեղծվում են հանձնաժողովներ (կամ ժողովրդական կոմիտեներ, կամ ուղղակի «հարթակներ»), որոնք աշխատում են հետևյալ կերպ։ Ժողովուրդը (մասնագետները) ներկայացնում է այդ հանձնաժողովներին գործունեության տվյալ ոլորտում խնդրի լուծման իր տեսլականը, առաջարկություններ այդ ոլորտի ճիշտ կազմակերպման համար և կոնկրետ նախագծեր։ Ստացված տվյալներն ու առաջարկությունները հաշվի առնելով սկսվում են լայն հանրային քննարկումներ, որոնց հիմքի վրա մշակվում է տվյալ ոլորտի և համապատասխան կառույցների բարեկարգման ճշմարիտ ժողովրդական առաջարկը։ Այդպիսի հիմքի վրա մշակված որոշումները հաստատվում են վարչապետի աշխատակազմում։ Դրանից հետո պաշտոնյաներին և նախարարներին հանձնարարվում է իրականացնել այդ որոշումները։ Ամեն ինչ պարզ է, ժողովրդավարական, և գլխավորը, մասնագիտորեն։
 
Նշենք, որ միայն նման հարթակներում կարող է ստեղծվել մասնագիտական պատկերացում այն մասին, թե ինչպես է պետք է զարգանա երկիրը և կմշակվեն զարգացման կոնկրետ մասնագիտական ծրագրեր։
 
Մեր առաջարկությանը արագ արձագանքեց իշխանության ներկայացուցիչ՝ Լենա Նազարյանը, ով մամուլում հայտնեց, որ կստեղծվեն այդպիսի հարթակներ (բայց նրանք չստեղծվեցին), դրանից հետո Խոսրով Հարությունյանը առաջարկեց օգտագործել այդպիսի հարթակները միջկուսակցական քննարկումների համար։ Ընդ որում Խոսրով Հարությունյանը մոռացավ մեր առաջարկության գլխավոր կետը, որ ցանկացած գաղափարներ ու առաջարկություններ պետք է ստանան վարչապետի աշխատակազմի հավանությունը։ (Նախկին իշխանություններին դիմակայելու մեր բազմամյա փորձը ցույց է տալիս, որ առանց այդպիսի հավանության ոչ մի առաջարկություն կյանքի ուղեգիր չի կարող ստանալ։ Խոսրովը չունի այդպիսի փորձ, դրա համար էլ ուշադրության չի արժանացրել դա)։
 
Այս փուլում գաղափարների և նախագծերի քննարկման հարթակների ստեղծման գաղափարը կարող է վճռորոշ դեր խաղալ երկրի համար, եթե այն համատեղվի Արա Պապյանի վերջերս առաջ քաշած գաղափարի հետ։ (Ի տարբերություն իշխանության որոշ ներկայացուցիչների մենք անհրաժեշտ ենք համարում նշել գաղափարների հեղինակներին)։ Արա Պապյանն առաջարկել է ստեղծել նոր Ազգային Ժողով միայն երկու տարով հաշվի առնելով, որ բոլոր կուսակցությունները զգալի վերակառուցում պետք է անցնեն։ Իրոք, միայն աղոտ և վիճահարույց գաղափարներ ունեցող, կուսակցական շահերով լցոնված, առևտրի մեջ թաղված, ամենից առաջ տարբեր ոլորտներում մասնագետների ներգրավման մեջ չհետաքրքրված կուսակցությունները հազիվ թե կարող են օգտակար լինել մոտ ժամանակներում։
 
Այսպիսով մեզ մոտ առաջացել և շարունակվում է իշխանության ճգնաժամը (վակուում)՝ մի կողմից գործին չեն կարող միանալ կուսակցությունները, և հետևաբար, ողջամիտ ժամանակում չեն կարող ստեղծվել նոր ողջամիտ կանոններ (օրենքներ), մյուս կողմից իշխանության մեջ ներքաշված կադրերը չունեն պարզ տեսլական (գաղափարների) և համապատասխան մասնագիտացում։
 
Մինչդեռ առկա է շատ պարզ լուծում (առաջարկություն):
 
Կպահանջվի որոշակի ժամանակ (ասենք 2 տարի, ինչպես առաջարկում է Պապյանը) մինչև Ազգային Ժողովը կսկսի ճշգրիտ կատարել իր գործառույթները, մասնավորապես կնպաստի երկրի տեսլականի և նոր նախագծերի մշակմանը։
 
Ահա այդ ժամանակ կարող է անգնահատելի դառնալ քննարկման համար նշված հարթակների օգտագործումը։ Եթե այդ մասնագիտական քննարկումների արդյունքներն ու առաջ քաշված գաղափարները կընդունվեն կառավարության (Փաշինյանի) կողմից որպես ուղենիշ նախարարների և պաշտոնյաների համար, ապա մենք կստանանք իշխանության հիանալի համակարգ, երբ առկա են և գաղափարները և մասնագիտացումը, երբ կառավարությունը կստանա վերջապես մասնագիտական ծրագրեր և կարևոր չի լինի թե տվյալ նախարարը ինչքանով է հասկանում ոլորտը, որը ղեկավարում է։
 
Եվ վարչապետին է հարմար (նա կմնա պաշտոնյաների հետ, որոնց վստահում է) և ժողովուրդը կստանա ողջամիտ իշխանության համակարգ, որի մասին կարելի էր միայն երազել։
 
Գրիգոր Բարսեղյան
Հայ Մասնագետների Խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play