«Արծվաբերդի անտառտնտեսության» պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու համար 3 անձ է ձերբակալվել


«Արծվաբերդի անտառտնտեսության» պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու համար 3 անձ է ձերբակալվել

  • 17-04-2019 19:13:46   | Տավուշի մարզ  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։  Երեք անձ ձերբակալվել է:
 
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչը՝ ծնված 1973 թվականին, վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել իր նկատմամբ:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով:
 
Իրականացված մի շարք քննչական և դատավարական այլ գործողությունների ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը տարածքում շրջայց կատարելու ժամանակ տնօրենի տեղակալը հայտնաբերել է փայտանյութով բեռնված բեռնատարներ, ինչի շուրջ էլ ծագել է վիճաբանությունը:
 
Պարզվել է նաև, որ միջադեպին մասնակից են եղել նաև Ճամբարակ քաղաքի ևս երկու բնակիչներ՝ ծնված 1980 և 1994թթ.:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի շուրջ:
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի լրիվ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play