Համահայկական 7-րդ ամառային խաղերը անցկացվելու են Արցախում


Համահայկական 7-րդ ամառային խաղերը անցկացվելու են Արցախում

  • 18-04-2019 16:38:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Սպորտ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 17-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԽՀԿ գործկոմի անդամներ, եւ Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման աշխատանքները համակարգող պատասխանատուներ:
 
Պետական նախարարը ողջունել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի որոշումը օգոստոսի 5-8-ը Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերը անկացնելու համար՝ նշելով որ այն առաջին անգամն է կազմակերպում: «Այս որոշումը լավ առիթ է ևս մեկ անգամ աննախադեպ միջոցառմամբ համալրելու Արցախի Հանրապետության մարզական կյանքը, որը լավ խթան կլինի հանրապետությունում ինչպես սպորտի զարգացման, այնպես էլ զբոսաշրջային գրավչությունը աշխարհին ներկայացնելու համար»,- իր խոսքում ասել է Գ. Մարտիրոսյանը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ աշխատանքային խմբում հանդիպմանը ընդգրկված են մարզական և գեղարվեստական ուղղությունների պատասխանատուննները: «Նախատեսվում է 17 մարզաձևից 11-ը անցկացնել Արցախում: Ուստի՝ մեր այցի նպատակն է, որպեսզի քննարկենք այն տեխնիկական հարցերը, որոնք կապված են մարզադահլիճների կահավորման և մրցաշարերի պատշաճ մակարդակով կազմակերպմանը վերաբերող բոլոր հարցերը»,- ասել է Ի. Զաքարյանը:
 
Հանդիպման ընթացքում ծրագրերի վերաբերյալ մանրամասն զեկոցմամբ հանդես են եկել միջոցառման գլխավոր մրցավարն ու գլխավոր ռեժիսորը:
 
Խոսելով միջոցառման գեղարվեստական ուղղության մասին՝ գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը նշել է, որ բացման օրը՝ օգոստոսի 6-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում նախատեսված է 8 մասից  և 42 տեսարանից կազմված միջոցառում: Լինելու է  եռաչափ լազերային շոու, որը տևելու է չորս ժամ, և դրա միջոցով ներկայացվելու է պատմական Հայաստանից մինչև մեր օրերը ընկած կարևոր դրվագներ:
 
Հանդիպման վերջում պետական նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին, նշել, որ կառավարությունը գործադրելու է բոլոր ջանքերը միջոցառումն Արցախում հավուր պատշաճի կազմակերպելու համար:
 
Հանդիպմանը ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբելյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և այլ պատասխանատու պաշտոնատար անձիք:
 
 
 
-- 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play