Տոնական համերգ ԱՀԱԸ-ում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ եւ ՖՈՏՈՇԱՐՔ)



22-05-2019 15:08:02   | Հայաստան  |  Հասարակություն
 

Հայ Ավետարանչական կենտրոնի (Բաղրամյան 18) դահլիճը դարձյալ բազմամարդ էր: Առիթը մեծն Կոմիտասի 150-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունն էր:
 
Մինչ հրավիրվածները կհավաքվեին, դահլիճում հնչում էր Կոմիտասի անկրկնելի ձայնը: Միջոցառումն սկսվելուց հետո էկրանին մեծ հայի կյանքի տարբեր դրվագներն արտացոլող լուսանկարներն էին, իսկ բեմում հնչում էր կոմիտասյան հոգեպարար երաժշտությունը:
 
Մասնակցում էին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգիչներ Էլվիրա Խաչատրյանը(սոպրանո) և 2104 թ. Ղազախստանում տեղի ունեցած Բիբիգյուլ Տուլեգենովայի անվան վոկալիստների միջազգային մրցույթի 2-րդ և 2015 թ. Ղրիմում կայացած վոկալիստների միջազգային մրցույթի ԳՐԱՆ ՊՐԻ մրցանակների արժանացած Հայկ Թոնգուրյանը (տենոր): Նրանց նվագակցում
էր օպերային թատրոնի երաժիշտ-կատարող Վասիլի Ռոլիչը:
 
Երաժշտական կատարումներն ընդմիջվում էին Կոմիտասի կյանքի ու գործունեության մասին բավական հանգամանալի տեղեկություններով, որոնք ներկաներին ևս մեկ անգամ տեղափոխեցին այն տարիները, երբ  որբուկ Սողոմոնը տեղափոխվեց Էջմիածին, իր զուլալ երգով հմայեց բոլորին, սկսեց սովորել Գևորգյան ճեմարանում, Խրիմյան Հայրիկի օրհնությամբ ձեռնադրվեց աբեղա և ստացավ Կոմիտաս անունը, ապա մեկ այլ ազգային բարերարի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ կրթություն ստացավ Եվրոպայում՝ դառնալով ժամանակի երաժշտական, երաժշտագիտական, խմբավարական արվեստի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Սակայն Կոմիտասի ճանապարհը փշոտ էր ու դժվարին… և նա ստիպված է լինում վերադառնալ Պոլիս: Դա այն ժամանակն էր, երբ հայ ժողովրդի հանդեպ նյութվում էր անցյալ դարի առաջին ցեղասպանությունը:
 
1915-ին Կոմիտասն էլ անմասն չմնաց ձերբակալություններից ու աքսորից: Ի վերջո նրա նուրբ հոգին չդիմացավ՝ տեսնելով իր ժողովրդի անլուր տառապանքն ու անտարբեր աշխարհի աչքի առաջ բնաջնջվելու փաստը: Նա կորցրեց հոգեկան հավասարակշռությունը և երկար տարիներ անցկացրեց Փարիզի հոգեբուժարանում: 1936-ին Կոմիտասի աճյունը տեղափոխվեց հայոց մեծերի պանթեոն, որը գտնվում է նրա անունը կրող զբոսայգում:
 
Հանդիսավար Անդրանիկ
Մարդոյանի խոսքը համեմված էր հայ դասական երաժշտության հիմնադրի մասին ոչ միայն բանաստեղծական մեջբերումներով, այլև հայ և օտարազգի մեծերի գնահատականներով: Իսկ հանդիսատեսը մերթ արտասվելու աստիճան տխրում էր «Անտունի»-ի և «Կռունկ»-ի հնչյուններով, մերթ անկեղծ ուրախանում Կոմիտասի մշակած կատակերգերով: Դահլիճում կային նաև արտասահմանցիներ, որոնք խոստովանեցին, որ շատ տպավորված են կոմիտասյան երաժշտությամբ ու հատկապես այսօրվա երգիչների կատարումներով:
 
 
Լուսանկարներն այստեղ
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 535 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար