Ինչո՞ւ Ռազմիկ Ամյանը Հարութ Փամբուկչյանի համերգին չերգեց, ի՞նչ կապ ունի դրա հետ Սերժ Սարգսյանին նվիրված երգը.factor.am


Ինչո՞ւ Ռազմիկ Ամյանը Հարութ Փամբուկչյանի համերգին չերգեց, ի՞նչ կապ ունի դրա հետ Սերժ Սարգսյանին նվիրված երգը.factor.am

  • 01-07-2019 14:04:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

factor.am Երեկ՝ հունիսի 30-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում  կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի համերգը, որը կրում էր «30 տարի անց Հրազդան մարզադաշտում» խորագիրը։
 
Սիրված երգչի համերգին, ըստ նախապես արված հայտարարության, մասնակցելու էին Լիլիթ Հովհաննիսյանը, Անդին, Արման Հովհաննիսյանը, Արմենչիկը և Ռազմիկ Ամյանը, որը, սակայն, համերգին այդպես էլ չերգեց։ Թե ի՞նչն էր Ռազմիկ Ամյանի բացակայության պատճառը Factor.am-ը  փորձեց ճշտել միջոցառման կազմակերպիչ «Yeghoyan Production»-ի հիմնադիր Խաչիկ Եղոյանից։
 
«Մեզ համար էլ էր անակնկալ, տեղեկություն չունենք համերգին Ռազմիկ Ամյանի չմասնակցելու պատճառների մասին։ Մենք հրավիրել ենք, իսկ թե ինչո՞ւ չի եկել, չեմ կարող ասել․ մենք նրա չգալու մասին իմացանք հենց համերգի պահին»,- ասաց  Եղոյանը։ Արդյոք Ռազմիկ Ամյանը որոշել է չմասնակցել Հարութ Փամբուկչյանի համերգին երեկ՝  Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձին նվիված  երգի՞ պատճառով, որը հենց երեկ  հրապարակվեց համացանցում և մի քանի ժամվա ընթացքում արժանացավ հարյուրավոր բացասական արձագանքների: Արդյոք Ռազմիկ Ամյանն ունեցե՞լ է մտավախություն, որ «Հրազդան» մարզադաշտում հայտնվելով կարող էր արժանանալ ոչ թե ծափերի, այլ սուլոցների, փորձեցինք պարզել հենց երգչից, սակայն նրա հետ կապ հաստատել մեզ այդպես էլ չհաջողվեց։ Հեռախոսազանգերին չի պատասխանում նաև երգչի պրոդյուսերը՝ Արմեն Մովսիսյանը։ Հավելենք, որ Սերժ Սարգսյանին նվիրված երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Նշենք նաև, որ այս երգը տեղադրված չէ ո՛չ Ռազմիկ Ամյանի յութուբի, ո՛չ էլ ֆեյսբուքի պաշտոնական էջերում։   Ի դեպ հիշեցնենք, որ Ռազմիկ Ամյանը Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի պատվերով մի քանի երգ է գրել:   
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը