«Հայկական կողմն իրականում կարիք չունի իր առաջխաղացումների մասին բարձրաձայնել այնպես, ինչպես Ադրբեջանը». ո՞վ է առաջխաղացում գրանցել Տավուշի սահմանագոտում. aravot.am


«Հայկական կողմն իրականում կարիք չունի իր առաջխաղացումների մասին բարձրաձայնել այնպես, ինչպես Ադրբեջանը». ո՞վ է առաջխաղացում գրանցել Տավուշի սահմանագոտում. aravot.am

  • 15-08-2019 17:04:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am Ադրբեջանի իշխանամետ ԶԼՄ-ների օրերս շրջանառած տեղեկությունը, թե իրենց պետական սահմանապահ ծառայությունը Տավուշի սահմանի մոտ՝ Պապաքարի բարձունքում (Պապաքարի լեռները գտնվում են Տավուշի մարզի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանագլխին.-խմբ.) 4 նոր դիրք ունի, իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ այդ հատվածում իրականում հայկական ԶՈՒ-ն է առաջխաղացում գրանցել:
 
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Նա նախ հիշեցրեց, որ 2018թ.-ի հոկտեմբերին Տավուշի սահմանային հատվածում Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները փոխարինվեցին պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումներով, եւ 2019թ.-ի հունվարից հակառակորդը սկսեց ինժեներաամրաշինարարական աշխատանքներ իրականացնել: «Սահմանի հիմնական հատվածում դա նշանակում էր հին խրամուղիների եւ հենակետերի թարմացում, այսինքն՝ առաջխաղացման լուրջ փորձեր չէին իրականացվում: Ինժեներաամրաշինարարական աշխատանքների որոշակի փորձերի դեպքում հայկական կողմը կրակով ճնշում էր: Հիշենք՝ ադրբեջանական կողմը ձմռանը բողոքում էր, թե հայկական կողմն իբր կրակում է իրենց քաղաքացիական տեխնիկայի վրա, բայց իրականում դա սահմանապահ ծառայության համար աշխատանքներ իրականացնող տեխնիկա էր»,-նկատեց Տարոն Հովհաննիսյանը:
 
Փորձագետը տեղեկացրեց՝ այս ամենից հետո՝ արդեն գարնանը, ադրբեջանական կողմը փորձել է դիրքերն առաջ բերել Տավուշի հյուսիսում՝ ՀՀ-Վրաստան-Ադրբեջան սահմանային հատվածում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենց զբաղեցրած տարածքներից հենց այդ հատվածն էր հարմար, որովհետեւ կողմերի միջդիրքային տարածությունը բավականին երկար է. «Մյուս վայրերում տարածությունը մի քանի հարյուր մետր է, ուստի առաջխաղացումն առանց մարտի բռնվելու բարդ եւ ռիսկային գործ է: Իսկ Պապաքարի լեռների շրջանում բավականին ազատ տարածություն կար: Ադրբեջանը նախկինում Պապաքարի լեռներից մեկի բլուրների վրա բանակի դիրքեր ուներ, բայց որոշել էր թարմացնել դեպի դիրքեր տանող ճանապարհը եւ մի փոքր առաջ բերել: Գուցե նպատակ ունեին հետագայում սահմանին ավելի մոտենալ եւ դիրքեր տեղադրել սահմանագլխին: Իսկ իրականում նրանք մի փոքր առաջ են եկել նախկին դիրքերից՝ մոտ 300-400 մետր, բայց նույն այդ ընթացքում հայկական բանակի ստորաբաժանումները (դատելով քարտեզներից), որոնք նախկինում նույնպես սահմանից 1-1,5 կմ խորքում էին դիրքեր զբաղեցնում, ինժեներաամրաշինարարական աշխատանքներ են իրականացնել, նոր ճանապարհներ կառուցել եւ մոտ 1-15 կմ առաջ գալով՝ ամրացել հայ-ադրբեջանական սահմանին՝ ամենայն հավանականությամբ այն տեղում, որում Ադրբեջանն ամրանալու եւ դիրքեր զբաղեցնելու նպատակ ուներ»: Ըստ այդմ, Տարոն Հովհաննիսյանի բնորոշմամբ, իրականությանը չի համապատասխանում ադրբեջանական քարոզչամեքենայի այն պնդումը, թե իրենք կարողացել են տարածքներ առաջ տալ եւ դրա միջոցով վերահսկողություն սահմանել ՀՀ-Վրաստան ավտոմայրուղու վրա. «Իրականում հայկական կողմը, կանխելով հակառակորդի գործողությունները, բավականին առաջ է գնացել եւ նշյալ բլուրի վրա հարմար դիրքեր զբաղեցրել: Հիմա ավելի շատ մեր կողմից է դիտարկելի Վրաստան-Ադրբեջան ավտոմայրուղին, քան իրենց կողմից: Մեր զբաղեցրած դիրքերին հաջորդում են հարթավայրերը, իսկ իրենց դիրքերին՝ 10 կմ-ոց լեռնային հատված, ուստի դիտարկումն անհնար է: Այդտեղից մոտ 12 կմ հեռավորության վրա է դեպի Բագրատաշեն տանող մայրուղին, գյուղերը, որոնք ադրբեջանական դիրքերից բաժանված են Պապաքարի լեռնազանգվածով: Ի դեպ, նշյալ բլուրի հատվածքում Ադրբեջանն անգամ մի փոքր տարածք նախկինում Վրաստանից է զավթել»: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play