Խախտումներ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները


Խախտումներ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում․ ՄԻՊ-ն ամփոփել է մշտադիտարկման արդյունքները

  • 14-10-2019 10:38:38   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Կենտրոն) կատարված մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծական տեղեկանք:
 
 
Գրությամբ բարձրացվել են հետևյալ հիմնական խնդիրները.
 
պահման պայմաններն անբավարար են՝ գերբնակեցվածություն, վերանորոգման և բարեկարգման աշխատանքների անհրաժեշտություն, կողապահարանների բացակայություն, լոգանքի կազմակերպման խնդիրներ, հիգիենիկ պարագաների բացակայություն և այլն,
տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար Կենտրոնում բացակայում են հարմարեցվածությունները,
տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշներն անբավարար են,
պատշաճ չի ապահովվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ամենօրյա բացօդյա զբոսանքի իրավունքը,
բացակայում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նպատակային զբաղվածության և այլընտրանքային բուժման հնարավորությունը,
անհրաժեշտ է մշակել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմներ,
առկա են խնդիրներ հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերում,
չեն պահպանվում զսպման միջոցների կիրառմանն առնչվող կարգավորումները (օրինակ՝ ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը հիվանդասենյակներում և այլ պացիենտների ներկայությամբ, ֆիզիկական զսպման մեխանիկական ոչ պատշաճ միջոցներ և այլն),
բացակայում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետազոտություններն իրականացնելու նկատմամբ միասնական մոտեցումը և չափորոշիչները,
անհրաժեշտ եննեղ մասնագիտական խորհրդատվությունները կազմակերպելու հստակ մեխանիզմներ,
անհրաժեշտ է մշակել հոգեբուժական կազմակերպություններում վնասվածքների պատշաճ հաշվառման և այդ մասին իրավապահ մարմիններին տեղեկացնելու կարգ,
հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների ցանկերի սահմանման անհրաժեշտություն՝ հոգեբուժական կազմակերպություններում վճարովի ծառայությունների տեսակի և սակագների չհիմնավորված տարբերակվածությունը բացառելու նպատակով և այլն:
Այցի պահին Կենտրոնում իրականացվելեն վերանորոգման աշխատանքներ, ինչը, իհարկե, ողջունելի է: Սակայն դրանց տևական իրականացման պայմաններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց գերբեռնված պայմաններում պահելն անընդունելի է:
 
Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը կներկայացնի Առողջապահության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններ, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
 
Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է Կենտրոնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման հետ կապված հարցերի կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play