Լոնդոնի անսպասելի որոշումը. Ինչ է կատարվում հայ-բրիտանական հարաբերություններում


Լոնդոնի անսպասելի որոշումը. Ինչ է կատարվում հայ-բրիտանական հարաբերություններում

  • 22-10-2019 09:53:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն: Այցի շրջանակում Մնացականյանը հանդիպելու է բրիտանացի գործընկերոջը եւ բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
 
Մեծ Բրիտանիան Եվրամիության հետ հարաբերությունների բարդ փուլում է՝ վարչապետ Ջոնսոնը փորձում է երկիրը դուրս բերել ԵՄ-ից: Բրիտանիայի խորհրդարանում չեն կարողանում համաձայնության գալ, եւ այդ իրավիճակում Հայաստանի ԱԳ նախարարը մեկնում է Լոնդոն:
 
Անցած շաբաթ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հայտնել է, որ օպերատիվ հանգամանքներով պայմանավորված Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը: Դևիդ Մորանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար: Գոգբաշյանը դիվանագիտական այլ աշխատանքի է անցնելու:
 
Օգոստոսին Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում նշվել էր, որ Հայաստանում դեսպան է նշանակվելու Ալան Գոգբաշյանը: Որոշումը տարօրինակ էր թվում նրա հայկական ծագման պատճառով: Եվ ահա հիմա էլ Լոնդոնն անսպասելի փոխում է որոշումը եւ ժամանակավոր հավատարմատարի նշանակում:
 
Ի՞նչ է կատարվում հայ-բրիտանական հարաբերություններում: Հիշեցնենք, որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը, որը Բաղրամյան պողոտայի վրա էր, փակվել է 2016 թվականի ապրիլին ու մինչեւ հիմա չի բացվել: Դեսպանատունն այժմ տարածք է վարձակալել հյուրանոցներից մեկում: Ոչ ոք այդպես էլ չի բացատրել, թե ինչ է կատարվել դեսպանատան շենքի հետ:
 
Հայ-բրիտանական հարաբերությունները 2013 թվականի մայիսին կարող էին վերընթաց ապրել, երբ Երեւան ժամանեց արքայազն Չարլզը: Այն ժամանակ Հայաստանը դեռ մտադիր էր ստորագրել ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը, իսկ Լոնդոնը դեռ չէր մտածում Բրէքզիթի մասին:
 
Հայաստանն այժմ ԵԱՏՄ անդամ է, ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր է ստորագրել, որը Լոնդոնը, ի դեպ, վավերացրել է, բայց հեռանում է Եվրամիությունից:
 
Ինչպե՞ս են զարգանալու հայ-բրիտանական հարաբերությունները Բրէքզիթից հետո: Ինչու՞ Գոգբաշյանը դեսպան չդարձավ:
 
Ի դեպ, օրերս Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Լոնդոնի Բժշկության ոլորտում գլոբալ նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին: Նրան ընդունել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նրանք զրուցել են նաեւ արհեստական բանականության ու նոր լուծումների մասին: Լորդ Դարզին վիրահատության ոլորտում բազմաթիվ նորարարությունների հեղինակ է:
 
Լորդ Դարզին առաջին անգամ չի գալիս Հայաստան: Նա, թերեւս, Բրիտանիայի ամենահայտնի էթնիկ հայն է: Լորդ Դարզին Հայաստանում մասնակցել է Ավրորա մրցանակաբաշխությանը եւ ընտրվել Ավրորայի ընտրող հանձնաժողովի նախագահ:
 

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play