Երկաթուղին փրկել ոչնչացումից. «Սասնա Ծռեր»


Երկաթուղին փրկել ոչնչացումից. «Սասնա Ծռեր»

  • 08-11-2019 13:04:13   | Հայաստան  |  Քաղաքական

Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային վթարները դարձել են սովորական երևույթ։ Գրեթե ամիսը մեկ անգամ տեղի ունեցող վթարների շարքում հերթական վթարը տեղի ունեցավ երկու օր առաջ՝ նոյեմբերի 6-ին, Կարմիր Բլուր կայարանում։ Երկու գնացքների բախման հետևանքով չորս հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, պատճառվել է զգալի նյութական վնաս։
 
Ռուսական կողմը 2008 թ. կոնցեսիոն պայմանագրով Հայկական երկաթուղու կառավարումը ստանձնելուց հետո թերևս մեկ շոշափելի փոփոխություն է կատարել՝ այն վերանվանել է որպես Հարավկովկասյան երկաթուղի։
 
Ռուսական կողմին ձեռնտու չէ պահպանել և զարգացնել մեր երկաթուղին, քանի որ իր շահը պահանջում է ավարտին հասցնել Բաքվով անցնող Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղային միջանցքի ծրագիրը (Հյուսիս -հարավ միջազգային տրանսպորտային միջանցք կոչվող այս ծրագրի առաջին փաստաթուղթը ստորագրվել է դեռևս 2000թ. սեպտեմբերի 12-ին՝ Սանկ-Պետերբուրգում, որով նախատեսված երկաթգծի ամբողջական երկարությունը 7200 կմ է): Այդ ծրագրի գործարկումը Ռուսաստանին հնարավորություն կտա տարեկան դեպի իր երկաթուղային ցանց ուղղորդել Հնդկաստանից ու Չինաստանից Եվրոպային հասցեգրված 25-26 մլն. տոննա բեռ:
 
Ըստ այդմ, Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով հնարավոր երկաթուղին այլընտրանք և մրցակից է Ռուսաստանյան երկաթուղիներին։ Դրա համար Ռուսաստանը, ՀՀ այդ ժամանակվա ազգադավ ղեկավարության անմիջական մասնակցությամբ, դեռևս 2008 թ.-ից ձեռնամուխ է եղել Հայաստանով անցնող այդ հնարավոր այլընտրանքային երթուղու չեզոքացմանը։
 
Հետևաբար, Ռուսական կողմը 2008 թ. ստանձնելով Հայկական երկաթուղու կառավարումը, կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարելու փոխարեն թալանում և քայքայում է այն՝ վերջնական նպատակ ունենալով շարքից հանել իր այդ մրցակցին։
 
Զավթչական թալանի, չնորոգելու և չնորացնելու պատճառներով երկաթուղին վնասով է աշխատում և բեռ է դարձել Հայաստանի բյուջեի համար: Նրա ենթակառուցվածքը մաշված է, շատ հատվածներում՝ արդեն քայքայված, ինչի հետևանքով էլ վթարներ են տեղի ունենում։ Այդ վթարները հետզհետե ավելի հաճախակի են դառնալու, մինչդեռ երկաթուղով տեղափոխում են նաև շրջակա միջավայրի ու մարդու համար խիստ վտանգավոր նյութեր և վթարը կարող է նաև աղետալի հետևանքներ ունենալ։
 
Երկաթուղում յուրացման և վատնման ձևով տեղի ունեցող թալանի արդեն բացահայտված չափը կազմում է ավելի քան հարյուր միլիոն դոլարի։
 
Սակայն առ այսօր Հայաստանի Հանրապետության իշխանություններըը քաղաքական կամք չեն ցուցաբերում առկա չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով կոնկրետ մեղադրանքներ առաջադրելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու ուղղությամբ, քանի որ ռուսական կողմը երևույթին քաղաքական աստառ է տալիս և սպառնում է հարաբերությունների վատթարացմամբ։
 
Հարկ է նաև նշել, որ Ռուսական կողմի այս նպատակաուղղված գիշատչական քաղաքականության պատճառով մենք կորցնում ենք երկաթուղու կարողությունները, իսկ դրա հետևանքով մեր պետությունը, տնտեսությունը և ժողովուրդը լուրջ վնասներ են կրում։
 
Ավելին, արդեն մեկ տարի չի գործում Փոթի-Նովոռոսիյսկ լաստանավային ուղին, ինչի հետևանքով մնացել ենք Լարսի անվստահելի անցակետի հույսին, էապես դժվարացել և զգալի չափով թանկացել է երկու ռազմավարական ապրանքների՝ ցորենի և վառելիքի փոխադրումը։
 
Այսպես շարունակվելու դեպքում մենք իսպառ կկորցնենք երկաթուղին, դուրս կմնանք տարածաշրջանային մեծ ծրագրերից և կվերածվենք հետնախորշի։
 
Ոչ միայն երկաթուղու հազարավոր աշխատողներն ու նրանց ընտանիքները, այլև ամբողջ երկիրը կկորցնի ապագայի հեռանկարը։
 
Չի կարելի անտեսել նաև երկաթուղու պաշտպանական նշանակությունը։ Երկաթուղին կարգի չբերելու դեպքում էապես նվազելու է նաև մեր պաշտպանունակությունը, քանի որ պատերազմի ժամանակ երկաթուղին անփոխարինելի է զինվորական անձնակազմ և ռազմական ուժեր ու միջոցներ փոխադրելու գործում։
 
Ահազանգելով Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցի մասին, ՀՀ իշխանություններից պահանջում ենք քաղաքական կամք դրսևորել և.
1) պատասխանատվության կանչել երկաթուղին թալանած անձանց,
2) Ռուսական կողմին ներկայացնել կոնցեսիոն պայմանագրով սահմանված պարտավորությունները կատարելու, ինչպես նաև հասցված վնասը վերականգնելու պահանջ,
3) հրավիրել այլ օպերատորների, որոնք պատրաստ կլինեն ներդրումներ կատարել և կարգի բերել ու պատշաճ կերպով շահագործել և ընդլայնել երկաթուղին։
 
Եթե Ռուսական կողմը չկատարի իր պարտավորությունները, ապա հարկ կլինի նրա հետ կնքած պայմանագրին համապատասխան լուծել այն։
 
Զուգահեռաբար՝ անհրաժեշտ է ձեռնամուխ լինել Չինաստանի և Իրանի հետ միասին երկաթուղու նոր հատվածների կառուցման գործին, որպեսզի Հայաստանը վերջապես ներգրավվի տարածաշրջանային հեռահաղորդակցային համակարգերում և այլընտրանք ձեռք բերելով՝ պայմաններ ստեղծի իր անվտանգության ու զարգացման համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական