Հայ հրշեջ-փրկարարները օգնել են մարել Թուրքիայի տարածքից բռնկված հրդեհը


Հայ հրշեջ-փրկարարները օգնել են մարել Թուրքիայի տարածքից բռնկված հրդեհը

  • 16-11-2019 14:28:41   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները ՌԴ սահմանապահ զորքերի օժանդակությամբ մարել են Թուրքիայի տարածքում բռնկված եւ սահմանային գոտում տարածված հրդեհը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: 
 
«911» ծառայություն նոյեմբերի 15-ին՝ ժամը 15։12-ին, տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
 
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին: Համագործակցված աշխատանքների արդյունքում ժամը 19:30-ին հրդեհը հաջողվել է մարել:
 
ՀՀ-ում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի 3-րդ եւ 4-րդ ուղեկալների տարածքում այրվել է մոտ 320 հա խոտածածկույթ:
 
Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են ՌԴ սահմանապահ զորքերի 40 զինծառայող, «Արփի լիճ» ազգային պարկի 3 աշխատակից եւ Զարիշատ համայնքի 7 բնակիչ:
Նոյյան տապան  -   Հասարակություն