ՍԾՏՀ-ի անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումն
առաջին անգամ անցավ Հայաստանի նախագահությամբ
27-03-2009 20:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 27-ին Երեւանում
կայացավ Սեւծովյան տարածաշրջանի տնտեսական համագործակցության
կազմակերպության անդամ երկրների տրանսպորտի նախարարների
հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Եվրոպայի եւ Սեւծովյան
տարածաշրջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ապահովմանն
ուղղված ծրագրերը: Հայաստանի նախագահությամբ առաջին անգամ
անցակցված այս հանդիպմանը ՍԾՏՀ-ի անդամ 12 երկրներից չէին
մասնակցում միայն երկուսը` Ալբանիան եւ Ադրբեջանը:
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի
նախարար Գուրգեն Սարգսյանը, հանդիպմանը քննարկվեցին ՍԾՏՀ-ի
օղակաձեւ ավտոմայրուղու կառուցման, Սեւծովյան տարածաշրջանում
ծովային ուղիների մշակման, տարածաշրջանում բեռնափոխադրումների
դյուրինացման հետ կապված հարցեր: Քննարկվող հարցերի շրջանակում էր
նաեւ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման խնդիրը: Չնայած հանդիպմանը
Թուրքիայի նախարարի մասնակցությանը, հայ-թուրքական սահմանի բացման
հնարավորության հարցը, ըստ նախարարի, քննարկել չէր նախատեսվում:
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց նախարարության արտաքին կապերի
վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանը, Սեւծովյան
տարածաշրջանում օղակաձեւ մայրուղի կառուցելու վերաբերյալ
մեմորանդումը ՍԾՏՀ-ի անդամ երկրների կողմից ստորագրվել է 2007թ.-ին
եւ ուժի մեջ է մտել 2008թ.-ի նոյեմբերի 1-ից: Ծրագրի շրջանակներում
գործող մշտական տեխնիկական քարտուղարությունը կազմակերպության
բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներին բաժանել է
հարցաթերթիկներ, որոնց մոտ ժամանակներս սպասվող ամփոփումը
հնարավորություն կտա ստեղծելու օղակաձեւ մայրուղու քարտեզը, որում
կնդգրկվեն արդեն գործող եւ կառուցվելիք ճանապարհները: Ըստ
Ա.Սարգսյանի, դրանք պետք է համապատասխանեն միմնիմալ եվրոպական
չափանիշներին, մասնավորապես` ունենան ասֆալտային ծածկույթ եւ
առնվազն 6 մ լայնություն: Նա նշեց, որ Հայաստանում այդ
չափանիշներին համապատասխանող ճանապարհներ կան:
Ըստ Ա.Սարգսյանի, ՍԾՏՀ-ի շրջանակներում շրջանառվում են եւս
երկու մեմորանդումներ` կապված տարածաշրջանում ծովային երթուղիների
եւ բեռնափոխադրումների դյուրացման հետ: Վերջինը մասնավորապես
ենթադրում է բեռնատարների վարորդներին վիզաների տրամադրման
հեշտացված կարգ եւ այն առայժմ ստորագրել են ՍԾՏՀ-ի անդամ 4
երկրներ, որոնց թվում է նաեւ Հայաստանը: