Երեւանում անցկացվեց ՍԾՏՀ-ի անդամ երկրների էներգետիկայի<br /> նախարարների 5-րդ հանդիպումը<br />


Երեւանում անցկացվեց ՍԾՏՀ-ի անդամ երկրների էներգետիկայի
նախարարների 5-րդ հանդիպումը

  • 20-03-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 20-ին Երեւանում անցկացվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների էներգետիկայի նախարարների հերթական 5-րդ հանդիպումը` «Էներգետիկ անվտանգության մարտահրավերները Սեւծովյան տարածաշրջանում» խորագրով: Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Սերբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Եգիպտոսի եւ Իրանի ներկայացուցիչները: Հրավիրված էին նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, Էներգետիկ Խարտիայի քարտուղարության, Միավորված ազգերի կազմակերպության առաքելության, Համաշխարհային բանկի, ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչները: Ինչպես նշեց ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղար Ալթայ Էֆենդիեւը, քննարկվող հարցերի շրջանակն ընդգրկում էր «Ընդլայնված սեւծովյան տարածաշրջանի մշտապես աճող դերակատարումը տարածաշրջանային, ԵՄ եւ ընդհանուր էներգետիկ անվտանգության բարձրացման հարցում», «Տարածաշրջանում էներգետիկայի ոլորտում միջազգային, այդ թվում` նաեւ ԵՄ-ի հետ համագործակցության զարգացում, էներգետիկ ոլորտի երկարաժամկետ գործողությունների ռազմավարության մշակում», «Տարածաշրջանային էներգետիկ հետազոտություններ» եւ այլ թեմաներ: Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ ԵՄ-ՍԾՏՀ համատեղ գործողությունների ծրագիրը: Ըստ Ա.Էֆենդիեւի, ներկայումս տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների ուսումնասիրություն է անցկացվում, իսկ սեպտեմբերին հատուկ հանդիպում կկազմակերպվի` ամփոփելու այդ ուսումնասիրությունների արդյունքները: Ա.Էֆենդիեւի խոսքերով, ՍԾՏՀ-ի գործողությունների ծրագիրը լուրջ հիմք կհանդիսանա էներգետիկ համագործակցության հետագա զարգացման համար: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը նշեց, որ հայկական կողմը մի շարք կարեւոր քայլեր է ձեռնարկել տարածաշրջանային էներգետիկ համակարգին ինտեգրման ուղղությամբ: Հայաստանը նաեւ գործողությունների ծրագիր է մշակել, որը միտված է ամրապնդելու ԵՄ-ի եւ ՍԾՏՀ-ի համագործակցությունը: Ծրագրով, ըստ Ա.Կիրակոսյանի, որպես հնարավոր տրանզիտային երկիր, Հայաստանը կարող է նպաստել տարածաշրջանում էներգետիկ կայունության եւ անվտանգության ապահովմանը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդգծեց, որ ՍԾՏՀ-ի շրջանակներում էներգետիկայի նախարարների հերթական հանդիպման հիմնական նպատակը ԵՄ-ի եւ ՍԾՏՀ-ի համագործակցության համատեղ պլանի մշակումն է: «Թուրքիան եւս ՍԾՏՀ-ի անդամ է, եւ բնական է, որ մենք երկուստեք լինելով այդ համագործակցության անդամ, առաջնորդվում ենք այն կանոններով եւ որոշումներով, որոնք ընդունվում են համագործակցության շրջանակներում»,- ասաց նախարարը: Ա.Մովսիսյանի խոսքերով, ՍԾՏՀ-ի շրջանակներում համագործակցությունը տարածաշրջանում էներգետիկ անվտանգության բարձրացման հնարավորություն է տալիս: Այդ համագործակցությունը միաժամանակ նպաստում է ՍԾՏՀ-ն անդամ պետությունների, տարածաշրջանային մյուս եւ ԵՄ երկրների էլեկտրաէներգետիկ կապերի զարգացմանը եւ էներգետիկ շուկաներին ինտեգրմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play