Հայաստանի կառավարությունը հետեւողական է լինելու Երեւանի<br /> ոսկու շուկայում տիրող իրավիճակի լուծման հարցում<br />


Հայաստանի կառավարությունը հետեւողական է լինելու Երեւանի
ոսկու շուկայում տիրող իրավիճակի լուծման հարցում

  • 29-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հունվարի 29-ի նիստում հայտարարեց, որ «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող` Երեւանի Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկայում տիրող իրավիճակի լուծման հարցում իրենք հետեւողական են լինելու: «Չենք զիջելու այն բոլոր ճնշումներին, որոնք այսօր առկա են: Մենք գնալու ենք մինչեւ վերջ եւ, եթե այդ մարդը ի վիճակի չէ նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել հազարավոր աշխատողների համար, ապա կգտնվեն ուրիշները, ովքեր պատրաստ են այդ ծառայությունները մատուցելու»,- ընդգծեց վարչապետը: Տ.Սարգսյանի խոսքերով, ինքը շուկայի աշխատակիցներից ստացել է դիմում, որով մարդիկ բողոքում են ոսկու շուկայում տիրող անմարդկային աշխատանքային պայմաններից: Աշխատողների համար ապահովված չեն տարրական աշխատանքային պայմաններ, բազմաթիվ խնդիրներ կան` սանիտարահիգիենիկ, առողջապահական, ջեռուցման, օդափոխության, հակահրդեհային անվտանգության ապահովման եւ այլ առումներով: Այս ամենին զուգահեռ, վաճառատեղի 1 քմ-ի համար ոսկու շուկայի աշխատակիցները վճարում են ահռելի գումարներ: Նշվեց, որ շուկայում գործում են նաեւ արտադրամասեր, որոնք ծավալներով չեն զիջում ոսկերչական գործարանին, սակայն այստեղ նույնպես չեն պահպանվում անվտանգության կանոնները: Ըստ Տ.Սարգսյանի, առեւտրի վայրի կազմակերպիչը շուկայի աշխատակիցներին ասել է, որ եթե այս պայմանները նրանց «ձեռք չի տալիս, ապա կարող են չաշխատել»: Սակայն, վարչապետի խոսքերով, մարդիկ աշխատանքը եւ իրենց չնչին եկամուտները չկորցնելու համար ստիպված համակերպվում են: «Իսկ առեւտրի կազմակերպիչը պետությունից թաքցնում է գերշահույթը եւ այդ եկամուտների հաշվին կառուցում էլիտար տներ, Ծաղկաձորում դղյակներ»,- նշեց Տ.Սարգսյանը: Բացի դրանից, ըստ նրա, հայտնաբերվել են հարյուրավոր չգրանցված աշխատողներ, ինչը հարկերից խուսափելու եւս մեկ դրսեւորում է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play