Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 525 մլն դոլար<br />


Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 525 մլն դոլար

  • 27-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության շրջանակներում առաջիկա չորս տարիներին իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության եւ խորհրդատվական ծառայությունների համար Համաշխարհային բանկը կտրամադրի 525 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀԲ-ի փոխնախագահ Շիգեո Կացուն, այն 2,5 անգամ ավելի է, քան 2004-2008թթ.-ին տրամադրված գումարը: «Բանկի կողմից աջակցության այսպիսի բարձր ծավալը պայմանավորված է Հայաստանում բարեփոխումների հստակ ընթացքով, ՀՀ կառավարության Կայուն զարգացման ծրագրի որակով եւ այն մարտահրավերներով, որոնց դիմակայում է Հայաստանը գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում»,- նշեց Շ.Կացուն: Ըստ նրա, ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 5 ծրագրերի շրջանակներում: Նախատեսվում է վարկեր ուղղել գյուղական բնակավայրերի, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, երկրի ջերմության հետազոտությունների իրականացմանը, որոնք Հայաստանում առաջին անգամ կիրագործվեն Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի համագործակցությամբ: Հայաստանին ներդրումների երաշխիքների տեսքով մինչեւ 800 մլն դոլար գումար կտրամադրվի ՀԲ-ի այլ կազմակերպությունների կողմից: Շ.Կացուն ընդգծեց, որ ՀԲ-ի նպատակն է կարճ ժամկետներում Հայաստանում չեզոքացնել կամ մեղմել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Ըստ նրա, ճգնաժամի առաջին փուլում Հայաստանի տնտեսության ֆինանսական հատվածը, ըստ էության, չի տուժել: Սակայն, ՀԲ-Ի փոխնախագահի խոսքերով, երկրորդ փուլում ճգնաժամի ազդեցությունը իրական տնտեսության վրա ավելի մեծ կլինի, եթե նվազի Հայաստանից արտահանվող ապրանքների պահանջարկը: ՀԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամի խոսքերով, Հայաստանը ունի միջին եկամտային երկրի կարգավիճակ, ուստի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի պայմաններով տրամադրվելիք առաջին վարկն է, որով երկիրը հնարավորություն կունենա իրականացնել ավելի շատ բարեփոխումներ: Նշենք նաեւ, որ 2004-2008թթ.-ի ընթացքում ՀԲ-ից Հայաստանի ստացած միջոցները կազմում են 220 մլն դոլար: Հայաստանի հետ համագործակցության ողջ ընթացքում ՀԲ-ն ավելի քան 50 ծրագրերի համար ընդհանուր առմամբ 1,1 մլրդ դոլարի վարկ է տրամադրել:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play