Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 525 մլն դոլար<br />


Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 525 մլն դոլար

  • 27-01-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի հետ գործընկերութեան ռազմավարութեան շրջանակներում առաջիկայ չորս տարիներին իրականացուելիք ծրագրերի ֆինանսաւորման, ինչպէս նաեւ տեխնիկական աջակցութեան եւ խորհրդատուական ծառայութիւնների համար Համաշխարհային բանկը կտրամադրի 525 մլն ԱՄՆ դոլար: Ինչպէս յունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտնեց ՀԲ-ի փոխնախագահ Շիգեո Կացուն, այն 2,5 անգամ աւելի է, քան 2004-2008թթ.-ին տրամադրուած գումարը: «Բանկի կողմից աջակցութեան այսպիսի բարձր ծաւալը պայմանաւորուած է Հայաստանում բարեփոխումների յստակ ընթացքով, ՀՀ կառավարութեան Կայուն զարգացման ծրագրի որակով եւ այն մարտահրաւէրներով, որոնց դիմակայում է Հայաստանը գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում»,- նշեց Շ.Կացուն: Ըստ նրա, ֆինանսավորումը նախատեսւում է իրականացնել 5 ծրագրերի շրջանակներում: Նախատեսւում է վարկեր ուղղել գիւղական բնակավայրերի, ինչպէս նաեւ փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, երկրի ջերմութեան հետազօտութիւնների իրականացմանը, որոնք Հայաստանում առաջին անգամ կիրագործուեն Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի համագործակցութեամբ: Հայաստանին ներդրումների երաշխիքների տեսքով մինչեւ 800 մլն դոլար գումար կտրամադրուի ՀԲ-ի այլ կազմակերպութիւնների կողմից: Շ.Կացուն ընդգծեց, որ ՀԲ-ի նպատակն է կարճ ժամկէտներում Հայաստանում չեզոքացնել կամ մեղմել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Ըստ նրա, ճգնաժամի առաջին փուլում Հայաստանի տնտեսութեան ֆինանսական հատուածը, ըստ էութեան, չի տուժել: Սակայն, ՀԲ-Ի փոխնախագահի խօսքերով, երկրորդ փուլում ճգնաժամի ազդեցութիւնը իրական տնտեսութեան վրայ աւելի մեծ կլինի, եթէ նվազի Հայաստանից արտահանուող ապրանքների պահանջարկը: ՀԲ-ի Հարաւային Կովկասի տարածաշրջանի տնօրէն Ասադ Ալամի խօսքերով, Հայաստանը ունի միջին եկամտային երկրի կարգավիճակ, ուստի փոքր եւ միջին բիզնեսի վարկաւորման ծրագիրը Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի պայմաններով տրամադրուելիք առաջին վարկն է, որով երկիրը հնարաւորութիւն կունենայ իրականացնել աւելի շատ բարեփոխումներ: Նշենք նաեւ, որ 2004-2008թթ.-ի ընթացքում ՀԲ-ից Հայաստանի ստացած միջոցները կազմում են 220 մլն դոլար: Հայաստանի հետ համագործակցութեան ողջ ընթացքում ՀԲ-ն աւելի քան 50 ծրագրերի համար ընդհանուր առմամբ 1,1 մլրդ դոլարի վարկ է տրամադրել:
  -   Տնտեսութիւն