Հայաստանի վարչապետը այցելել է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին<br /> պատկանող ոսկու շուկա<br />


Հայաստանի վարչապետը այցելել է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին
պատկանող ոսկու շուկա

  • 26-01-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի, ֆինանսների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի եւ մի շարք այլ պետական պաշտոնյաների ուղեկցությամբ հունվարի 24-ին այցելել է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող` Երեւանի Խորենացու փողոցի վրա գտնվող ոսկու շուկա` ծանոթանալու շուկայում աշխատող մարդկանց աշխատանքային պայմաններին եւ դժգոհություններին, որոնք պարբերաբար արտահայտվում են կառավարության շենքի դիմաց նրանց բողոքներով: Ոսկու շուկայում շրջայցի եւ շուկայի բազմաթիվ աշխատակիցների հետ զրույցների արդյունքում պարզվել է, որ աշխատողների համար ապահովված չեն տարրական աշխատանքային պայմաններ, բազմաթիվ խնդիրներ կան` սանիտարահիգիենիկ, առողջապահական, հակահրդեհային անվտանգության ապահովման եւ այլ առումներով, ինչը նաեւ օրենդրության կոպիտ խախտում է: Շուկայում խնդիրներ կան նաեւ կապված ՀԴՄ-ների հետ` բազմաթիվ առեւտրի տաղավարներում դրանք բացակայում են: Աշխատակիցները դժգոհել են շուկայում իրենց ընդհանուր գործունեության համար ամսական մեծ չափի գումարի վճարումից. այցելած տաղավարների պարագայում այդ գումարը ամսական նվազագույնը կազմել է շուրջ 70 հազար դրամ, որից միայն 18 հազար դրամն է իբրեւ հարկ վճարվում պետությանը եւ եւս 5 հազար դրամը` կենսաթոշակային հիմնադրամին, մնացածը` շուկայի կազմակերպչին տարբեր ծառայությունների` տեղի վարձակալության, հաշվապահության եւ այլ ծառայությունների դիմաց տրվող վճարներն են: Տեղում մարդկանց հարցադրումներին ի պատասխան պարզաբանվել է, որ տոնավաճառների հետ կապված օրենսդրական վերջին փոփոխությունները միտված են հարկային բեռը հատկապես աշխատողների համար թեթեւացնելու` այն տեղափոխելով տոնավաճառի, շուկայի կազմակերպչի վրա: Շուկայի կազմակերպիչը պարտավոր է իր հաշվին գնելու ՀԴՄ-ներ եւ տեղադրելու առեւտրի տաղավարներում, ինչպես նաեւ` ապահովելու օրենքով նախատեսված աշխատանքային պայմաններ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շրջայցից հետո, ՀՀ վարչապետը հրավիրել է խորհրդակցություն` այցի արդյունքներն ամփոփելու եւ արձանագրված խնդիրներին լուծումներ տալու նպատակով: Ըստ այդմ` հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սեղմ ժամկետում պատրաստել «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու շուկայի ամբողջ գործունեության ֆինանսական արդյունքների, վարձակալական վճարների եւ հարկային պարտավորությունների վերաբերյալ վերլուծություն եւ այդ տեղեկանքը ներկայացնել ՀՀ վարչապետին: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի տեսչությունը պետք է ուսումնասիրություններ անցկացնի շուկայում` աշխատանքային պայմանների խախտումները փաստացի արձանագրելու եւ օրենդրության պահանջին համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով: Արտակարգ իրավիճակների նախարարությանն էլ հանձնարարվել է ուսումնասիրել շուկայում տեխնիկական պահանջների, այդ թվում` հակահրդեհային անվտանգության ապահովման մասով վիճակը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել օրենսդրության պահանջների կատարման ուղղությամբ: Այս ամենի արդյունքում, ըստ կառավարության ղեկավարի, պետք է բարենպաստ պայմաններ ապահովվեն շուկաներում, տոնավաճառներում բազմաթիվ աշխատակիցների համար` ինչպես ֆինանսատնտեսական, այնպես էլ աշխատանքային պայմանների բարելավման առումով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play