Հայաստանի վարչապետը այցելել է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին<br /> պատկանող ոսկու շուկայ<br />


Հայաստանի վարչապետը այցելել է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին
պատկանող ոսկու շուկայ

  • 26-01-2009 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը էկոնոմիկայի, ֆինանսների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների, Պետական եկամուտների կոմիտէի նախագահի եւ մի շարք այլ պետական պաշտօնեաների ուղեկցութեամբ յունվարի 24-ին այցելել է «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող` Երեւանի Խորենացու փողոցի վրայ գտնուող ոսկու շուկայ` ծանօթանալու շուկայում աշխատող մարդկանց աշխատանքային պայմաններին եւ դժգոհութիւններին, որոնք պարբերաբար արտայայտւում են կառավարութեան շէնքի դիմաց նրանց բողոքներով: Ոսկու շուկայում շրջայցի եւ շուկայի բազմաթիւ աշխատակիցների հետ զրույցների արդիւնքում պարզուել է, որ աշխատողների համար ապահովուած չեն տարրական աշխատանքային պայմաններ, բազմաթիւ խնդիրներ կան` սանիտարահիգիենիկ, առողջապահական, հակահրդեհային անվտանգութեան ապահովման եւ այլ առումներով, ինչը նաեւ օրենդրության կոպիտ խախտում է: Շուկայում խնդիրներ կան նաեւ կապուած ՀԴՄ-ների հետ` բազմաթիւ առեւտրի տաղավարներում դրանք բացակայում են: Աշխատակիցները դժգոհել են շուկայում իրենց ընդհանուր գործունէութեան համար ամսական մեծ չափի գումարի վճարումից. այցելած տաղավարների պարագայում այդ գումարը ամսական նուազագոյնը կազմել է շուրջ 70 հազար դրամ, որից միայն 18 հազար դրամն է իբրեւ հարկ վճարւում պետութեանը եւ եւս 5 հազար դրամը` կենսաթօշակային հիմնադրամին, մնացածը` շուկայի կազմակերպչին տարբեր ծառայութիւնների` տեղի վարձակալութեան, հաշուապահութեան եւ այլ ծառայութիւնների դիմաց տրուող վճարներն են: Տեղում մարդկանց հարցադրումներին ի պատասխան պարզաբանվել է, որ տօնավաճառների հետ կապուած օրենսդրական վերջին փոփոխութիւնները միտուած են հարկային բեռը յատկապէս աշխատողների համար թեթեւացնելու` այն տեղափոխելով տոնավաճառի, շուկայի կազմակերպչի վրայ: Շուկայի կազմակերպիչը պարտաւոր է իր հաշուին գնելու ՀԴՄ-ներ եւ տեղադրելու առեւտրի տաղավարներում, ինչպէս նաեւ` ապահովելու օրէնքով նախատեսուած աշխատանքային պայմաններ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, շրջայցից յետոյ, ՀՀ վարչապետը հրաւիրել է խորհրդակցութիւն` այցի արդիւնքներն ամփոփելու եւ արձանագրուած խնդիրներին լուծումներ տալու նպատակով: Ըստ այդմ` յանձնարարուել է ՀՀ կառավարութեանն առընթեր պետական եկամուտների կոմիտէի նախագահին` սեղմ ժամկէտում պատրաստել «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու շուկայի ամբողջ գործունէութեան ֆինանսական արդիւնքների, վարձակալական վճարների եւ հարկային պարտաւորութիւնների վերաբերեալ վերլուծութիւն եւ այդ տեղեկանքը ներկայացնել ՀՀ վարչապետին: Մէկ այլ յանձնարարականի համաձայն, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան Աշխատանքի տեսչությունը պէտք է ուսումնասիրություններ անցկացնի շուկայում` աշխատանքային պայմանների խախտումները փաստացի արձանագրելու եւ օրենդրության պահանջին համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով: Արտակարգ իրավիճակների նախարարութեանն էլ յանձնարարուել է ուսումնասիրել շուկայում տեխնիկական պահանջների, այդ թւում` հակահրդեհային անվտանգութեան ապահովման մասով վիճակը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել օրէնսդրութեան պահանջների կատարման ուղղութեամբ: Այս ամէնի արդիւնքում, ըստ կառավարութեան ղեկավարի, պէտք է բարենպաստ պայմաններ ապահովուեն շուկաներում, տոնավաճառներում բազմաթիւ աշխատակիցների համար` ինչպէս ֆինանսատնտեսական, այնպէս էլ աշխատանքային պայմանների բարելաւման առումով:
  -   Տնտեսութիւն