Եղվարդում նախատեսվում է կառուցել լճափնյա հանգստավայրեր<br />


Եղվարդում նախատեսվում է կառուցել լճափնյա հանգստավայրեր

  • 16-12-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 16-ին Զարգացման հայկական գործակալությունում (ԶՀԳ) քննարկվեց «ԷՄ ՋԻ ԷՄ ՄԻՌԱԺ» ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը, որի համաձայն նախատեսվում է մինչեւ 2014թ.-ը Եղվարդում կառուցել Մասիս, Սիս եւ Նոր Հայաստան լճափնյա հանգստավայրեր: Ծրագրի ղեկավար Արմեն Վարդանյանը հայտնեց, որ այս նախագիծը արժանացել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, պետական այրերի հավանությանը: Ըստ նրա, ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանում զարգացնել ոչ միայն միջազգային, այլեւ ներքին զբոսաշրջությունը: Ներկայացնելով նախագիծը, Ա.Վարդանյանը նշեց, որ առաջին հերթին պետք է վերսկսել Եղվարդի ջրամբարի կառուցումը, որը դադարեցվել էր խորհրդային իշխանության փլուզումից հետո: Ըստ նրա, ջրամբարի ափամերձ տարածքներից բացվում են հրաշալի տեսարաններ դեպի Արարատ, Հայկական Պար, Արագած եւ Արա լեռները, ինչը տուրիզմի զարգացման համար լավ նախադրյալ է: Ա.Վարդանյանի խոսքերով, հյուրանոցային համալիրի արտաքին կառուցվածը կրկնօրինակում է Սիսն ու Մասիսը, իսկ նրանց կողքին դեպի վեր է խոյանում Նոր Հայաստան երկնաքեր կառույցը: 1000 հա մակերեսով ջրամբարի ափին կառուցված այս համալիրում նախատեսվում է 2,5 հազար անհատական սեփականություն հանդիսացող հյուրանոցային համարներ: Ա.Վարդանյանը հայտնեց, որ ամբողջ համալիրի եւ ջրամբարի շինարարության համար անհրաժեշտ է 300 մլն ԱՄՆ դոլար, որից 100 մլն-ը` ջրամբարի կառուցման համար: Ըստ նրա, անհատական համարների գնորդներին ներդրողների կողմից կառաջարկվի ֆինանսավորում. 50 հազ. դոլար կանխավճար, 20 տարվա մարման ժամկետ` 10,5% տարեկան տոկոսադրույքով: Գնորդը անձամբ կվճարի միայն 6 տարի, որից հետո այն կվճարվի գնորդի սեփականությունը հանդիսացող հյուրանոցային համարի վարձակալությունից ստացված եկամուտներից: Այսպիսով, գնորդը կվճարի ընդամենը 120 հազ. դոլար: Ա.Վարդանյանը վստահեցնում է, որ այդ աշխատանքները սկսելու համար կպահանջվի 100 մլն դոլար, որից հետո կօգտագործվեն համարների վաճառքից ստացված ֆինանսական հոսքերը: Ա.Վարդանյանը նշեց, որ ջրամբարի եւ միջազգային չափանիշներին համապատասխանող համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2014թ.-ը, որպեսզի 2015թ.-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին, այնտեղ հյուրընկալվեն արտերկրից ժամանած հյուրերը: Նա միաժամանակ հայտնեց, որ ԶՀԳ-ն հետ համագործակցության արդյունքում 2 խոշոր ընկերություններ ծրագրով հետաքրքրված են: «Մենք դիմում ենք նաեւ ՀՀ կառավարությանը, որպեսզի ծրագիրը ներկայացվի ներդրողներին»,- ասաց Ա.Վարդանյանը: Քննարկմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ այս նախագիծը 2 անգամ քննարկվել է նախարարությունում: Ըստ նրա, նախագծի իրականացումով հնարավոր կլինի Հայաստանում զարգացնել այլընտրանքային, մասնավորապես, ջրային տուրիզմը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play