Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Քննչական կոմիտե


Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. Քննչական կոմիտե

  • 20-08-2022 19:32:41   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի  Արարատի  մարզային  քննչական  վարչության Մասիսի  քննչական   բաժնում  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 
 
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, հիշյալ դեպքի առթիվ հաղորդումը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին ժամը 17:40-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից և տեղեկացվել, որ Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան: Նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում   նույն տղամարդը գնացել է Մասիսի  համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս՝ հրել է պահակին,  հայհոյանքներ  հնչեցնելով  բարձրացել է շենքի  4-րդ  հարկ,  որտեղից  նռնակ է  նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել: 
 
Տղամարդուն վնասազերծելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից  ձեռնարկված   միջոցառումների  շրջանակներում  2022 թվականի  օգոստոսի  20-ին՝  ժամը  00:30-ի սահմաններում,  Մասիսի   համայնքապետարանի   4-րդ հարկում   տեղակայված՝   համայնքի   ղեկավարի   աշխատասենյակում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դին՝ գլխի քունքային հատվածում հրազենային  մուտքային  և ելքային վնասվածքով:
 
Կատարված  դեպքի  վայրի զննությամբ  համայնքապետարանի  վարչական շենքի  առջև   գտնվող   տարածքում հայտնաբերվել է պայթյունի  օջախ  և  բեկորային վնասվածքներով   «Մազդա »  և «Ռենո»  մակնիշի  ավտոմեքենաներ:
 
36-ամյա տղամարդուն  ինքնասպանության  հասցնելու  դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին:       
 
Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ,  առգրավումներ, նշանակվել է փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play