Ադրբեջանը նոր միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ


Ադրբեջանը նոր միջպետական բողոք է ներկայացրել ՄԻԵԴ

  • 20-12-2022 12:29:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ադրբեջանը նոր միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հայտնել է ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը։ Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
 
«Նրա խոսքով, «բողոքում փաստեր են ներկայացված այս տարվա մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում, Զաբուխում (Աղավնո) և Սուսայում (Սուս) ադրբեջանցիների հարյուրավոր օբյեկտների ոչնչացման համար Հայաստանի պատասխանատվության մասին»: Սա ՀՀ–ի՝ Լաչինի միջանցքի հետ կապված հայցի պատասխանն է:
 
Այս հայցը ինձ հիշեցրեց այս տարվա օգոստոսի Ալիևի մի ելույթ, որտեղ նա խոսելով Սուսում, Աղավնոյում ապրող հայերի մասին ասել էր. «…Նրանք պատերազմական հանցագործներ են, թող չփորձեն մեր համբերությունը: Ավելի լավ է իրենց կամքով հեռանան: Մեզ միևնույն է, թե ուր կգնան»: Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ ելույթներից, որոնք գալիս են փաստելու՝ ադրբեջանական կողմի խոստումները և հավաստիացումները միջազգայիններին, թե իբրև հայ բնակչությունը կարող է հանգիստ ապրել Արցախում, կատարյալ սուտ է:
 
Հակառակը, եթե Արցախի նկատմամբ հանկարծ հաստատվի ադրբեջանական վերահսկողությունը, ապա կարճ ժամանակ անց մարդիկ կարժանանան Հադրութի, Շուշիի, Սուսի, Աղավնոյի հայերի ճակատագրին: Ալիևի համար հայերին «ռազմական հանցագործ» պիտակավորելը սովորական երևույթ է: Սա կարևոր է, որ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ նաև շեշտենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի: Ադրբեջանը որևէ կերպ չի կարող ապահովել հայերի անվտանգությունը, քանի որ ինքն է թիվ մեկ վտանգն Արցախի հայերի ֆիզիկական գոյության համար: Մենք դա ապացուցելու փաստերի պակաս չունենք: Արդեն ինը օր է, ինչ շարունակվում է Արցախի բլոկադան ու դեռևս լուծումներ չեն երևում…»,-նշել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play