Գրիգորյանի մայրը 120 հազար հոգու հետ միասին շրջափակման մեջ է, ասում են՝ դուք արցախցիներին մենակ եք թողել. Ռուբինյան


Գրիգորյանի մայրը 120 հազար հոգու հետ միասին շրջափակման մեջ է, ասում են՝ դուք արցախցիներին մենակ եք թողել. Ռուբինյան

  • 20-12-2022 18:39:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը չի գտնվում ո՛չ ԼՂ ՊԲ, ո՛չ ՀՀ ԶՈՒ վերահսկողության ներքո։ Այն գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի ներքո։
 
Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների և գործիչների կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր հայտարարություններին։
 
«Օրերս Սերժ Սարգսյանն էր ասում՝ կարո՞ղ եք ցույց տալ՝ ռուս խաղաղապահները ի՞նչ գործառույթներ ունեն, այսօր պարոն Մինասյանն է ասում՝ ի՞նչու եք պատասխանատվությունը փոխադրում ուրիշների վրա։ Հիշեցնում եմ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը՝ Լաչինի միջանցքը հինգ կիլոմետր լայնությամբ, որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Նաև ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով տեղաշարժի անվտնագությունը»,- ասաց Ռուբինյանը։
 
Վերջինս նաև անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հնչեցրած հայտարարությանը, որով Մանուկյանը ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին մեղադրել էր արցախահայությունից հրաժարվելու համար․ «Գրիգորյանը, գիտեք, ղարաբաղցի է, որի մայրը ապրում է Ղարաբաղում և 120 հազար հոգու հետ միասին շրջափակման մեջ է, ասում է՝ դուք արցախցիներին մենակ եք թողել, հրաժարվում եք Ղարաբաղից։ Լուրջ ե՞ք ասում»։
 
Ռուբինյանը կրկին հիշեցրեց՝ Լաչինի միջանցքը անմիջականորեն պետք է վերահսկեն ռուսական խաղաղապահ զորքերը։ Ստեղծված իրավիճակն էլ պետք է հանգուցալուծվի հետևյալ կերպ. «Ադրբեջանը պետք է դադարի խախտել նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, և ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է վերականգնի իր ուղիղ վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։ Եթե համաձայն եք, ասեք՝ այո՛, բայց մի ասեք՝ «իշխանությունն է համար մեկ պատսխանատուն», իշխանությունն է փորձում պատասխանատվությունը գցել այլոց վրա»:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play